Մեծ գիտնական և մտավորական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան /փետրվարի 7/ ընդառաջ հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր կլոր սեղան-հանդիպում ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., ԳՊՀ դոցենտ Մհեր Քումունցի մասնակցությամբ։

Նախագծի մասին ավելին կարող եք իմանալ՝ անցնելով համակարգողի բլոգ

Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ խմբերը, հասարակագետ-դասավանդողները, հետաքրքրված այլ անձինք։ Ինչպես արդեն վերևում նշվեց, կլոր սեղանը նախաձեռնվել էր մեծ մտավորական, եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացու ծննդյան տարեդարձին ընդառաջ՝ նրա կյանքն ու գործունեությունը վերարժևորելու և վերագնահատելու նպատակով։

Կլոր սեղանի մեկնարկը տվեց հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը՝ ներկայացնելով նախագծի նպատակները, օրվա խորհրդանշականությունը։ Այնուհետև խոսքը փոխանցեց ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., ԳՊՀ դոցենտ Մհեր Քումունցին։

Մհեր Քումունցը պատմեց իր գիտական գործունեության մասին, կիսվեց իր փորձառությամբ, գրականության, պատմագիտության ոլորտներում խորանալ ցանկացող մարդկանց խորհուրդներ տվեց։ Պատրաստած պրեզենտացիայով պրոֆեսորը ներկայացրեց Մխիթարյան միաբանության ծագման պատմությունը, զարգացման փուլերը, ներկայիս դրությունը և հատկապես շեշտադրեց Մխիթար Սեբաստացու՝ գրականության ոլորտում ունեցած հաջողություններն ու թողած անգին ժառանգությունը։ Մխիթար Սեբաստացին արդարացիորեն համարվում է աշխարհաբար հայերենի հիմնադիրներից մեկը։

Հետաքրքիր զրույց ծավալվեց նաև հայերենի երեք ճյուղերի վերաբերյալ. մասնակիցները կիսվեցին իրենց դիրքորոշումներով՝ կապված երկու ճյուղերի՝ արևմտահայերենի ու արևելահայերենի՝ մի լեզվում ներառելու մասին։ Անշուշտ, որոշակի առումներով, լեզվական-քերականական առանձնահատկությունները հեշտացնելու, հայերենն ավելի դյուրին լեզու դարձնելու տեսանկյունից, երկու ճյուղերի միաձուլումը կամ նմանությունների հիման վրա նոր լեզվի ստեղծումը կարելի է դիտարկել որպես առաջխաղացման բարեփոխում, բայց այնուամենայնիվ, երկու այդ ճյուղերը ներկայացնում են մեր դարավոր պատմությունն ու ինչ-որ առումներով նաև ողբերգական բաժանումն ու պառակտումը։

Պարոն Քումունցը նաև լուսանկարներ ցույց տվեց Վենետիկից ու Սուրբ Ղազար կղզուց, որտեղ հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին մասնակցել ու զեկուցմամբ հանդես էր եկել քառօրյա գիտաժողովի շրջանակներում։ Այս համատեքստում՝ տիար Բլեյանը պատմեց նաև իր զգացողությունների ու էմոցիաների մասին, երբ 1990-ականներին նա այցելել էր Սուրբ Ղազար կղզի և գիշերել էր Ղևոնդ Ալիշանի առանձնասենյակում։ Ես համամիտ եմ այն մտքի հետ, որ այդ բոլոր զգացողություններն իսկապես որ անբնութագրելի են, ինչքան էլ, որ ինձ դեռ բախտ չի վիճարկվել հայտնվել այնտեղ։ Նույնիսկ այն լուսանկարները, որոնք ցուցադրվում էին էկրանին, բավարար չափով չէին փոխանցում ամբողջ էներգիան, ամբողջ մթնոլորտը։

Հանդիպում-քննարկման վերջում սովորողներն իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին պարոն Քումունցին։ Հարցերը հիմնականում կապված էին հոգևորական-եկեղեցական կյանքի հետ առնչության, գրականության և լեզվի զարգացման, գիտաժողովի մասնակցության հետ։ Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու համագործակցությունը՝ հետազոտական և գիտական աշխատանքների գրախոսման, փոխադարձ այցերի ձևաչափով։