Թեմա 12՝ Ազգային շահեր
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը
«Չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, կան հավերժ շահեր»
Ժողովրդական իմաստուն խոսույթ
Առաջադրանքներ
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։
«Ազգային շահ» հասկացությունը, ըստ երևույթին, ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույնը որևէ երկրի կամ ժողովրդի համար և՛ երկրի սահմաններից ներս, և՛ դուրս՝ տարբեր պետությունների հետ հարաբերություններում։
Անշուշտ, «ազգային շահ» հասկացությունն ունի քաղաքական ենթատեքստեր և այն համարվում է վերացական եզրույթ, քանի որ ձևավորվում է տվյալ երկրին բնորոշ արժեքային համակարգի հիման վրա։ Պետությունների կառավարությունները, իշխանության մարմիններն ու ճյուղերն են որոշում, թե ինչն է հանդիսանում ազգային շահ։ Քաղաքականությունը (նաև դիվանագիտությունը), այս համատեքստում, կարելի է համարել որպես ազգային շահը սպասարկող, նրան ծառայող կամ իրականացնող միջոց, մեթոդ։
2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։
Ազգային շահերը հասարակական-պատմական երևույթ են և փոփոխություններ են կրում պատմական հանգամանքների փոխվելուն պես։ Ազգային-պետական շահերը ձևավորվում են տվյալ պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին, նույն ինքը՝ պարամետրերին և ռեսուրսային հնարավորություններին համապատասխան։ Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում՝
- երկրի տնտեսական զարգացման մակարդակը,
- նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ,
- աշխարհագրական դիրքը,
- ազգային ավանդույթները,
- ներքաղաքական շահերը,
- հիմնական քաղաքական ուժերի դիրքորոշումները և այլն։
3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․
Իրարից տարբերվող նշանակությամբ ազգային շահերը դասակարգվում են այսպես՝
- կենսականորեն կարևոր, գլխավոր և երկրորդական
- երկարատև և ժամանակավոր
Գլխավոր ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհաքաղաքական բնութագրիչներով, ինչպիսիք են՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշը, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարողությունները։ Անշուշտ, յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում և դասակարգում առաջնային, մշտական, կարևոր և երկրորդական շահերը։
Պետությունն իր շահերն ապահովում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով, այդ թվում՝ քաղաքական, գաղափարական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական։