Առաջադրանքներ

1. Ե՞րբ և որտե՞ղ էր կայացվել հայերին բնաջնջելու երիտթուրքերի որոշումը։ Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները։ Ի՞նչ դեր է խաղացել Բ․ Շաքիրի գլխավորած կազմակերպությունը հայկական ջարդերի իրագործման մեջ։

Արևմտահայության բնաջնջման երիտթուրքերի որոշումը, որն ըստ էության աբդուլհամիդյան ջարդերի շարունակությունն էր, ընդունվեց 1910-1911թթ. Սալոնիկում կայացած գաղտնի խորհրդակցությունների ժամանակ։ Այն պնդումը, որ հայերը, ինչպես նաև հույները և թուրքերը ենթարկվել են կոտորածի Առաջին աշխարհամարտի ընթացքում, չունի որևէ փաստական ապացույց և հիմք, քանզի գաղտնի խորհրդակցություններն ակներև ցույց են տալիս, որ հայերին բնաջնջելու ու տեղահանելու որոշումներն ընդունվել են Առաջին աշխարհամարտից առաջ։ Հայերի բնաջնջումով կփակվեր նաև Հայկական հարցը։

Տնտեսական գործոնը որոշակի դեր է խաղացել ցեղասպանության գործում. հայ արդյունաբերողներն ու դրամատերերն իրենց բնատուր տաղանդի ու ձեռներեցության շնորհիվ կարողացել էին լավ կապիտալ կուտակել, հետևապես թուրքերը կարծում էին, որ հայերի բնաջնջմամբ նրանք կազատվեն հզոր մրցակիցներից և կտիրեն նրանց ֆինանսական միջոցներին։

Բեհաէդդին Շաքիրի անմիջական ղեկավարությամբ ստեղծված «Թեշքիլաթը մահսուսե» մարմնի ծրագրի իրականացումը, որում հիմնականում ընդգրկվել էին բանտերից ազատված հանցագործները, անցավ ներքին գործերի նախարար, ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թ. փաշայի վերահսկողության տակ։

Վերոնշյալ կազմակերպությունը 1914-ից սկսած զբաղվում էր Հայկական նահանգների ղեկավարության փոփոխությամբ, այնտեղ էր գործուղում իր անդամներին և նշանակում տեղական կառավարման մարմիններում, կատարում էր ձերբակալություններ։ Խոշտանգումների արդյունքում սպանվում է Նազարեթ Չավուշը, այնուհետև՝ Վանում դավադրաբար սպանվում են մեծ հեղինակություն վայելող Վռամյանն ու Իշխանը։

2. Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը։ Ե՞րբ սկսվեցին համատարած կոտորածներն ու տեղահանությունը։

Փորձեմ Մեծ Եղեռնի փուլերը ներկայացնել ըստ ժամանակագրության.

  • 1910-1911թթ. — Սալոնիկում ընդունվում է գաղտնի որոշում հայերին բնաջնջելու
  • 1914-1916թթ. /աշխարհամարտի առաջին երկու տարիներ/ — ծրագիրն իրականացվեց ամբողջ արևմտահայության նկատմամբ. այս փուլը հայտնի է Մեծ Եղեռն անվամբ
  • Աշխարհամարտի սկզբնական ամիսներ — կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան սահմանագծում, Իրանի ու Ռուսաստանի ենթակայության տակ գտնվող տարածքներում
  • Հայերի կռվելու ունակությունը չեզոքացնելու նպատակով մոտ 300 հազար հայեր, 18-45 տարեկան, զորակոչվում են և ուղարկվում առաջնագիծ
  • 1914թ.-ին տեղի են ունենում առաջին ձերբակալություններն ու խոշտանգումները /Վռամյան, Իշխան, Նազարեթ Չավուշ/
  • 1915թ. փետրվարի 25-ի հրամանով արգելվում է հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում, բազմաթիվ հայեր զինաթափվում են և խումբ-խումբ սպանվում
  • 1915թ. ապրիլի սկզբին թուրքական իշխանություններն արգելում են տերության քաղաքացիների մուտքն ու ելքը, փակվում են հայկական դպրոցներն ու մամուլը
  • Մտավոր ներուժը վերացնելու նպատակով թուրքական իշխանությունները 1915թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ 24-ին) կալանավորում են երկու հազարից ավել մշակութային, հոգևոր գործիչների, որոնց թվում էին Կոմիտասը, բանաստեղծներ և պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, Ռուբեն Սևակը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը և այլոք
  • 1915թ. ապրիլի սկզբից սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը, հայությունը ենթարկվեց համատարած կոտորածների, աքսորի

Մեծ Եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչև 1916թ.-ի ամառը։

3. Թվարկե՛ք Արևմտյան Հայաստանի և կայսրության այն բնակավայրերը, որտեղ կազմակերպվել են ինքնապաշտպանական մարտեր։ Նկարագրե՛ք մարտերը և վերհանե՛ք դրանց պատմական նշանակությունը։

Արևմտահայերը մի շարք բնակավայրերում կարողացան կազմակերպվել և վարել ինքնապաշտպանական մարտեր։

Առաջին ինքնապաշտպանական կռիվները տեղի ունեցան Վանի նահանգում, Շատախ գավառում։ Ապրիլի առաջին օրը սկսվեց գավառի կենտրոնի՝ Թաղի ինքնապաշտպանությունը։ Մարտնչող հայերին օգնության հասավ նաև ՀՀ ապագա զինվորական նախարար Դրաստամատ Կանայանը՝ իր զորքով։

Վանի քաղաքագլուխը նույնիսկ չէր էլ թաքցնում, որ ցանկություն ունի հայերին բնաջնջելու /չպետք է նաև մոռանալ, որ կենտրոնական իշխանության կողմից գաղտնի հրաման էր իջեցվել տեղական կառավարման մարմիններին՝ ենթարկվելու «հայրենասիրական» կոչին և ազգային անվտանգությունից ելնելով բնաջնջել հայերին ու ամբողջ հայկականը/։ Այգեստան թաղամասերում կազմակերպվում են ինքնապաշտպանական մարտեր և զինվորական մարմին, որի կազմում են ընդգրկվում Արմենակ Եկարյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և Արամ Մանուկյանը՝ նորանկախ Հայաստանի հիմնադիր հայրերից մեկը։ Քաղաքամեջի զինվորական մարմնի ղեկավարը Հայկակ Կոսոյանն էր։

Ռուսական զորքի հուլիսյան նահանջի պատճառով Վանի իշխանությունը դադարեց գործել։ Ինչպես շարադրված է պատմության դասագրքում՝ այս փորձը, սակայն, ապարդյուն չեղավ. այն օգտագործվեց Մանուկյանի կողմից 1917թ. վերջին և 1918թ. սկզբին Երևանի նահանգում։

Անձնվիրաբար մարտեր մղեցին հայ ինքնապաշտպանական զորքերը 1915-ին նաև Տարոն, Սասուն գավառներում։ Հայկական ուժերը կռվեցին մինչև վերջին փամփուշտը։ Նույն թվականի ամառվա սկզբին սկսվեց Շապին Կարահիսար /Զորավար Անդրանիկի ծննդավայր/ քաղաքի հայկական թաղամասի ինքնապաշտպանությունը։ Կազմված զինխորհուրդը ղեկավարում էր Ղուկաս Տեովլեթյանը։

Հուլիսի վերջերին թուրքական զորքերը որոշում են հարձակվել Սուետիա գավառակի հայության վրա։ Տեղի բնակչությունն ինքնակազմակերպվում է, և 4200 հայ մարտիկներ բարձրանում են Մուսա լեռը։ Կազմված զինվորական մարմինը ղեկավարում է Տիգրան Անդրեասյանը։ Թուրքերը շրջափակում են հայերին, և հայերի համար միակ փրկություն է դառնում Միջերկրական ծովը։ Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Գիշեն» հածանավն անսպասելիորեն հայտնվում է և խոստանում օգնություն ցուցաբերել, որն հետագայում իրագործվում է, և չորս հազարից ավել հայեր փրկվում են՝ անցնելով եգիպտական Պորտ Սաիդ քաղաք։

Հերոսական ինքնապաշտպանություն ծավալվեց նաև Ուրֆայում /Եդեսիա/, որտեղի 100 հազար բնակչության մեկ երրորդը հայեր էին։ Ստեղծվում է զինխորհուրդ Մկրտիչ Յոթնեղբայրյանի գլխավորությամբ։

Հայերը կարողացան մի շարք բնակավայրերում զինված դիմադրություն կազմակերպել, որոնց արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ ողջ մնացին և փրկվեցին։ Զենքի դիմած հայերն իրենց գիտակցված մահով փրկում և սրբագործում էին ազգային արժանապատվությունը։ Ամենամեծ հաղթանակներից մեկը հանդիսացավ Վանն ու նրա ինքնապաշտպանական մարտերից ծնված ազգային իշխանությունը, որը չնայած կարճատև կյանք ունեցավ, բայց հետագա պետականության կառուցման հիմքերից մեկը դարձավ։