Համառոտ կենսագրություն

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում. Տեր Սուքիասի տասնմեկերորդ երեխան էր։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

«Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»

…Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

Հետաքրքիր փաստեր

  • Տերյանի բանաստեղծությունների առաջին ընթերցողներից էր հայտնի գրող Ավետիք Իսահակյանը։
  • Մթնշաղի անուրջներ ժողովածույով Տերյանը ցույց է տալիս հայ ազգի դաճանագին անցած ճանապարհը, տանջանքները, հայ մարդու և պոետի մտահոգությունը հայ ժողովրդի մասին, ընդհանուր կացությունը։
  • 1910-ականներից սկսած Տերյանը խմբագրում է «Գարուն» գեղարվեստական ալմանախը Մոսկվայում։
  • Տերյանի օգնությամբ և մասնակցությամբ կազմվում են Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերը։
  • Հովհաննես Թումանյանը մեծ ուշադրություն է դարձնում Տերյանի և նրա գործունեության վրա, ուսումնառության համար նյութական աջակցություն է ցուցաբերում վերջինիս։
  • 1917թ. հեղափոխությունից հետո մեծ պոետը ժողովրդական կոմիսարների խորհրդին է ներկայացնում Թուրքահայաստանի մասին զեկուցագիրը, Հայաստանի մասին դեկրետի նախագիծը։ Սրա հետ կապված հանդիպումներ է ունենում Լենինի հետ և հետագայում նշանակվում հայկական գործերի կոմիսարիատի նախագահի տեղակալ։
  • 1918թ. Տերյանը Բրեստ-Լիտովսկում որպես Սովետական միության պատվիրակության անդամ մասնակցում է հաշտության բանակցություններին։
  • Ասեկոսեների համաձայն՝ Տաշքենդ ուղևորվելու պատճառը Լենինի հետ Հայկական հարցի վերաբերյալ ընդհարումն էր։

«ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ»

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Աշնան և սիրո պոետը երկարատև հիվանդությունից հետո մահանում է ձմեռային մի օր՝ հունվարի 7-ին՝ դեռ 35 տարին չբոլորած։

Կայքեր և նյութեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը.