Էկոլոգիայի դասընթացի ծրագրով նախատեսված՝ իրականացնում ենք «Քաղաքների էկոլոգիական խնդիրները» նախագիծը, որի շրջանակներում ուսումնասիրում ենք խոշոր և միջին քաղաքների բնապահպանական հիմնախնդիրները, վերհանում ենք նրանց համար համապատասխան լուծումներ, ներկայացնում ենք առաջարկներ և տանում համեմատականներ։ Նախագիծը ներկայացնելու եմ թարգմանությամբ և վերլուծությամբ։
Նախագծի առաջին ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ այստեղ (Նյու Յորք, ԱՄՆ)
Իջևան, Հայաստան
Իջևանը Տավուշի մարզկենտրոնն է: Գտնվում է Աղստև գետի ափին՝ Գուգարաց լեռների Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին: Քաղաքի անվանումը նշանակում է «հյուրանոց», քանի որ ներկայիս քաղաքի տեղում հնում եղել են շատ իջևանատներ, որոնք սպասարկել են այստեղով անցնող միջազգային առևտրական ճանապարհը։
Ասում են, որ Արտավազդ I-ին արքան կառուցելով Իջևանը, Հայաստանի տարբեր մասերից այստեղ է բերել հազարավոր գեղեցիկ աղջիկներ և տղաներ, որպեսզի նրանք ամուսնանան և գեղեցիկ երեխաներ ունենան։ Իջևանցիներն ասում են, որ իրենք քաղաքի այդ առաջին գեղեցիկ բնակիչների ժառանգներն են։
1. Ջրի որակը, ջրային ռեսուրսների խնդիրը
Մինչև 90-ական թվականները Իջևան քաղաքով անցնող Աղստև գետի ջրերն աղտոտում էին Դիլիջանի Իմպուլս գործարանը (ծանր մետաղներով) և Իջևանի գորգագործական կոմբինատը (ներկանյութերով): Այժմ գետն աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան: Սակայն գետի ափին գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց կենցաղային թափոնները հաճախ լցնում են գետը: Գետ են լցվում նաև շրջակա բնակավայրերի կոյուղաջրերը: Իջևան քաղաքի կենտրոնում առևտրի և սննդի բազմաթիվ օբյեկտներ գտնվում են Աղստևի ափին, դրանք կախված են գետի վրա: Այդ օբյեկտներից սննդի մնացորդներ, պոլիէթիլենային շշեր և պարկեր, ստվարաթղթից արկղեր են լցվում գետը: Անձրևաջրերից առաջացող վարարումները աղբը քշում են գետն ի վար: Տարին 2 անգամ քաղաքապետարանը ծանր տեխնիկայի օգնությամբ իրականացնում է Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներ:

Աղստև գետը, հոսելով խոշոր քաղաքների և գյուղերի միջով, իր վրա է կրում մարդածին ազդեցության հետևանքները: Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնի» 2010 թ. օգոստոս ամսվա դիտանցի տվյալների համաձայն, Աղստև գետից վերցված փորձանմուշներում գերազանցվել են նիտրիտ (2,5-4,5 անգամ), ամոնիում (Դիլիջան քաղաքից ներքև ընկած հատվածներում 2,1 անգամ) իոնների, ալյումինի (3,9-8,4 անգամ), վանադիումի (3,0-7,0), քրոմի (սահմանի մոտ 2,0-3,0 անգամ), մանգանի (1,9-3,0) և պղնձի (2,0 անգամ) սահմանային թույլատրելի նորմերը: Աղստև գետի Իջևան քաղաքից վերև ընկած հատվածում լուծված թթվածնի պարունակությունը կազմել է 5,24 մգ/դմ3:

Աղստև գետի ջրի որակը գնահատվում է «բավարարից լավ»: Ջրի որակի միջին արժեքները օրգանական աղտոտման աղբյուրների ազդեցության հետևանք են, որոնք առկա են գետի հոսքի ամբողջ երկայնքով:
Իջևան քաղաքի մերձակայքը հարուստ է ստորգետնյա բարձրորակ ջրերով: Որպես խմելու ջուր Իջևանն օգտագործում է 9 ջրաղբյուր՝ Քարքարուտ (Չինգիլ), Անապատ, Սպիտակջուր, Ջրաձոր, Գետափնյա, Գետահովիտ, Գմբեթ, Խոզմարագ, Գոմերիթալա, որոնք սառնորակ, քաղցրահամ ջրեր են: Տարեկան ջրօգտագործումը կազմում է մոտ 6 մլն մ3: Իջևանն այն եզակի քաղաքներից է, որը խմելու համար օգտագործում է միայն 26 աղբյուրների ջուր: Վերջին տարիներին էլ ավելի է լավացել Իջևանի ջրամատակարարումը:
2. Թափոնների կառավարում, աղբավայրերի խնդիր
Քաղաքում չկա թափոնների վերամշակման համար նախատեսված հատուկ կենտրոն. չկան աղբի համար առանձնացված աղբամաններ, որոնք թույլ կտային թափոնների վերամշակման նպատակով իրականացնել առանձնացված աղբահանություն: Իջևանում աղբահանությունն իրականացվում է քաղաքապետարանի ենթակայության «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի կողմից: Շաբաթական 4 անգամ կոմունալ ծառայության աղբատար մեքենաները շրջում են շենքերի բակերով, սեփական տների մոտ տեղակայված աղբամանների մոտով և հավաքում կենցաղային աղբը։
Քաղաքից դուրս տարվող աղբը թափվում է քաղաքից 5կմ հեռավորության վրա գտնվող բացօթյա աղբավայրում, որը ստեղծվել է 1960-ական թվականներին և բարեկարգվել 1999 թվականին: Տարեկան աղբավայր է տեղափոխվում 4 հազար տոննա կենցաղային աղբ: Քաղաքում ամենօրյա սանիտարական մաքրման է ենթարկվում 17 հա տարածք: Օրական աղբավայր է տեղափոխվում 25մ3 աղբ։
3. Օդի աղտոտվածություն
Իջևանում քիչ են արդյունաբերական ձեռնարկությունները: Ուստի արդյունաբերական արտանետումներով մթնոլորտային օդը չի աղտոտվում, և մեծ քանակով արդյունաբերական թափոններ գոյանում: Իջևան քաղաքի միջով անցնում է միջպետական, միջազգային ավտոմայրուղին: Անձնական ավտոմեքենաների թվի արագ աճը, ինչպես նաև այն, որ քաղաքը չունի շրջանցիկ ճանապարհներ միջազգային երթուղով տրանսպորտի շարժի փոփոխման համար, և այն անցնում է քաղաքի կենտրոնական փողոցով, նպաստում է օդի աղտոտմանը և աղմուկի շատացմանը: Ընդ որում բավականին շատ են արտերկիր եկող և երկրից մեկնող ծանր բեռնատարները: Շենքերի և առանձնատների ջեռուցման և տաք ջրի ստացման համար Իջևանում հիմնականում օգտագործում են փայտ և բնական գազ: Իջևանում ընդունված չէ ածուխ այրելը: Փայտի այրման հետևանքներից է ապօրինի ծառահատումների թվի մեծացումը:
Քաղաքն ամբողջովին շրջապատված է անտառներով: 1990-ական թվականներին ջեռուցման համակարգի բացակայությունը, էներգետիկ ճգնաժամը բերեցին նրան, որ բնակչության կողմից հատվեցին քաղաքամերձ անտառները: Նման վիճակը պատճառ է դարձել խմելու ջրի քանակի նվազեցմանը, սելավաջրերի ներխուժմանը: Քաղաքի զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետևանքով կանաչ տարածքների մակերեսը նվազում է, ինչը ազդում է օդի որակի, միկրոկլիմայի և ընդհանուր էկոլոգիական վիճակի վրա։
Չնայած Իջևանը համարվում է օգտակար և մաքուր օդ ունեցող քաղաք, սակայն ձմռան ամիսներին կենցաղային վառելիքի (փայտ, ածուխ) օգտագործումը, ինչպես նաև որոշ արտադրական գործընթացներ նպաստում են օդի աղտոտմանը։
Այնուամենայնիվ, թվային ցուցանիշները փոքր-ինչ այլ պատկեր են հաղորդում։


Հաշվի առնելով վերոնշյալ տեղեկությունները՝ այդուհանդերձ Իջևան քաղաքում, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների, չեն գրանցվել սուր համաճարակային հիվանդությունների բռնկումներ:
Ըստ Իջևանի պոլիկլինիկայի (ԱԱՊԿ) տվյալների`Իջևան քաղաքում հիմնականում տարածված են հետևյալ հիվանդությունները.
- Սիրտ-անոթային հիվանդություններ. տարածված են մեծահասակների շրջանում՝ 2649 մարդ:
- Շաքարային դիաբետ . տարածված է 50-ից բարձր տարիքային խմբի մոտ՝ 800 մարդ:
- Քաղցկեղ. տեղեկատվություն չկա:
- Ոչ տոքսիկ խպիպը (ԶՈԲ). կապված յոդի պակասի հետ համարվում է շատ տարածված հիվանդություն:
- Սուր շնչառական հիվանդություններ. հիմնականում տարածված են երեխաների շրջանում:
Վերլուծություն. ընդհանուր դիրքորոշում
Ընթերցելով Իջևանի համայնքապետարանի՝ կառավարության կողմից հաստատված բարեկարգման ծրագրերն ու նրանց կատարողականը՝ չի կարելի չպնդել, որ որևէ աշխատանք չի իրականացվել, ամեն դեպքում որոշ աշխատանքներ ու ծրագրեր կապված ջրի և օդի մաքրման հետ, ինչպես նաև բնակչության առողջական վիճակի բարելավման ուղղությամբ տարվել են։
Դիտելով ցուցանիշները՝ պետք է ասել, որ վիճակը ողբերգական չէ, բայց փոքր-ինչ տխուր ու հիասթափեցնող է, ուստի այն ծրագրերը, որոնք համապատասխան մարմինները, ուսումնասիրողներն ու բնապահպանները մշակել են Տավուշի մարզկենտրոնի բարեկարգման և բարեկեցության ավելացման համար, եթե մոտ ժամանակներում կյանքի չկոչվեն, ապա վիճակն հնարավոր է ավելի վատթարանա։ Ինչպես նշվում է կատարողականում՝ հիմնական խնդիրը կապված է թափոնների ճիշտ կառավարման հետ։ Այդ ուղղությամբ մշակվել են ռազմավարություններ, որոնք իրենց տեղն են գտել զեկույցներում, որոնք պարբերաբար ներկայացվում են հանրությանը։

Հանրության շրջանում տարածված այն կարծրատիպերը, թե Երևան քաղաքից դուրս օդն ավելի մաքուր է և օգտակար, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ցուցանիշները հակառակն են ապացուցում։ Ամեն դեպքում, գրեթե բոլոր տեղերում էլ բնապահպանական խնդիրների առաջացման պատճառը մարդն է ու նրա գործունեությունը, հետևաբար կարելի է մտածել իրավական ակտերը խստացնելու ու էկոլոգիական խնդիրների դեմ պայքարելու համար օրինագծեր ընդունելու մասին։
Ինչ վերաբերում է աղբավայրին, ապա կարծում եմ, որ կառավարության հավանությամբ կարելի է կա՛մ վերանորոգել հինը, կա՛մ նոր աղբավայր կառուցել՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Ընդհանրապես թափոնների կառավարման ամենալավ մեխանիզմներին տիրապետում է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը՝ հարավասիական Սինգապուրը, որի էներգետիկ համակարգի առյուծի մասը բաժին է ընկնում թափոնների այրմանը։ Չնայած սրան՝ պետք է առավելապես ուշադրություն դարձնել նաև թափոնների այրումից առաջացած հետևանքներին, որպեսզի դրանք նոր էկոլոգիական խնդիր չլինեն։
Որոշ փորձագետներ պնդում են, որ Տավուշի մարզի տարածքում անտառները ենթարկվում են ապօրինի և ոչ պատշաճ վերահսկվող հատումների, ինչը հանգեցնում է էրոզիայի, կենսաբազմազանության կորստի և կլիմայական փոփոխությունների տեղական դրսևորումների։
Բայց ամենասկզբում պետք է մշակել ծրագրեր մարդկանց մտածելակերպն ու աշխարհընկալումը փոխելու ուղղությամբ, քանզի դա է բնապահպանական ու սոցիալական խնդիրները լուծելու առաջնային տարբերակը։ Եթե չփոխվի հասարակության մտածելակերպը, աշխարընկալումն ու վերաբերմունքը նույնիսկ սեփական հարազատ պետության նկատմամբ, ապա կարծում եմ իշխանությունն անզոր կլինի, թեկուզ երկարատև ծրագրերով ու նախագծերով որևէ դրական ազդեցություն ունենալու։
Սահիկաշարը՝ հղմամբ
Կայքեր և նյութեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը.