Փետրվարի 14-ին Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մի խումբ հետաքրքրված սովորողներով՝ դասավանդողներ Մարգարիտ Սարգսյանի և Սամվել Թամազյանի գլխավորությամբ և ուղեկցությամբ, այցելեցինք Հայաստանի Ազգային Պատկերասրահ-Պատմության թանգարան (Արամի փող. 1)։
Այցելության նպատակն էր՝ ծանոթանալ «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը, շրջել պատկերասրահում, ծանոթանալ անտիկ Հայաստանի պեղածոների, նմուշների հետ։
Այցելության նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Մարգարիտ Սարգսյանի բլոգում.
Մինչև Ազգային պատկերասրահի մուտքին հասնելը՝ սովորողները բավականին հետաքրքիր զրույցներ էին ծավալել ճանապարհին՝ քաղաքային տրանսպորտում. խոսել էին բազմատեսակ ու բազմաբնույթ թեմաներից՝ գրականությունից մինչև սպորտ, մաթեմատիկայից մինչև ճարտարապետություն։ Հասնելով նշանակման վայր և մուտք գործելով ներս՝ մեզ ուղեկցեցին գլխավոր ցուցադրական սրահ՝ տեսնելու, հմայվելու և վայելելու «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։
Պետք է ասել, որ անձամբ ինձ մոտ, ով նախկինում լսել էր անթիվ-անհամար շշուկներ, կարծիքներ, սին տեսակետներ, դիցուհու կիսանդրին աչքի ծայրով նույնիսկ տեսնելու ու զմայվելու ժամանակ միանգամից բոլոր մտքերս հօդս ցնդեցին, չքացան։ Զերծ մնալով որևէ պաթոսից՝ անկեղծ ասեմ, որ նման նրբանկատ գեղեցկություն շուտվանից չէի տեսել։



Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ դիմապատկերն ու ձեռքերը, որոնք ամրացված էին ամուր պատվանդանին և ավելի գեղեցկանում էին ֆոնային երանգների շնորհիվ, ստիպում էին այցելուներին երկար ժամանակով կանգնել և աչք չկտրել՝ յուրաքանչյուր մանրուք, մանրամասն ու ձև ուսումնասիրելու համար։
Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխը հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն նվիրված հելլենիստական ժամանակաշրջանի արձանային մասունք է, որը հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում։ Թվագրվում է մ․ թ․ ա․ 4-2-րդ դարերին։ 1873 թվականին հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։ Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության շնորհիվ. բանակցությունների արդյունքում 6 ամիս ժամկետով (ցուցադրության նպատակով), հինավուրց հրաշալիքն հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։
Ուշագրավ է, որ թանգարանային նմուշի վերաբերյալ դիտարկումներով 1890 թվականին հանդես է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունում՝ պնդելով, որ բրոնզե մասունքը պատկանում է հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհուն։ Բազմաթիվ գիտնականներ որդեգրել են այս տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտածոյի հայտնաբերման վայրի մերձակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզայում (Երզնկա) բնակավայրում գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։
Փոքր-ինչ շրջելով ցուցասրահում և ծանոթանալով ինքնատիպ ու հոյակապ նմուշների հետ, որոնք թվագրվում են ընդհուպ մինչև մեր թվարկությունից առաջ և ներկայացնում են հայոց մշակույթն այդ դարերում՝ խմբով տեղափոխվեցինք անտիկ Հայաստանի ցուցասրահ։ Անտիկ Հայաստանի ցուցասրահում ուսումնասիրեցինք Լճաշեն, Կարմիր բերդ, Թեյշեբաինի, Արենի և այլ հնավայրերի գտածոները, որոնք ներկայացված էին ըստ ժամանակագրության՝ պղնձեքարի դարից մինչև համահայկական առաջին պետությունը, Երվանդունիներից մինչև Արտաշեսյաններ։


Յուրահատուկ հաճույք էր ինձ համար բացահայտել կոշտ գրքերից դուրս, գործնականում իրական պատմական արժեք ունեցող նմուշները, որոնք լիովին պատկերում են մեր դարավոր պատմությունն ու մշակույթը՝ ի հեճուկս որոշ ազգերի՝ այն նսեմացնելու և ստվերելու ապարդյուն փորձերին։ Ծանոթացանք մի շարք նմուշների հետ, որոնց շարքում էին Արտաշես Ա Բարեպաշտի արամեերեն գրություններով սահմանաքարերը, տապանաքարերը, տարբեր ժամանակների սեպագիր արձանագրությունները (Ռուսա Բ), փայտե սայլակները, քարե, բրոնզե և այլ նյութից մշակված արձանիկները, զենք-զինամթերքներն ու գործիքները, ինչպիսիք էին կտրիչները, կացինները, ինչպես նաև Տիգրան Մեծի հատած դրամները, խեցեղեն անոթներն ու կաթսաները, ոսկերչական և ճարտարապետական արվեստի նմուշները՝ կոհակները, մատանիները և ուրիշներ։
Ահա այսպիսի հետաքրքիր ու ինտերակտիվ այցելություն ունեցանք, որի արդյունքում վերաիմաստավորեցինք, վերարժևորեցինք ու վերագնահատեցինք մեր պապերից ու նախնիներից մեզ հասած նմանատիպը չունեցող, հրաշափառ ժառանգությունը։
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահ-Պատմության թանգարանի պաշտոնական կայքից, անձնական