1. Որո՞նք էին Հայոց ցեղասպանության հետևանքները։

Հայոց ցեղասպանության ծանրագույն հետևանքը մեր հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի հայաթափումն էր, հայրենազրկումը, միլիոնավոր հայերի վտարումն ու նախճիրը։

Բազմաթիվ փրկված հայեր, պայքարելով իրենց կյանքի համար, ստիպված դավանափոխ եղան, մահմեդականացվեցին. հիմնականում կանայք և երեխաներ, նրանց թիվը մոտ 250 հազար էր։ Փրկվածների մի ուրիշ հատված ապաստան գտավ Արևելյան Հայաստանում (ներկայիս Հայաստանի Հանրապետությունում) և Անդրկովկասի տարբեր շրջաններում։ Հայերի մի ուրիշ զանգված էլ բռնի տեղահանվելուց հետո ապաստան գտավ եվրոպական, ամերիկական և ասիական մի շարք երկրներում՝ ազգապահպանման և սեփական կյանքը փրկելու գործոններից դրդված։

Ցեղասպանությունը հիմք հանդիսացավ աշխարհասփյուռ հայության ստեղծման համար. ոճիրի հետևանքով ստեղծվեց հայկական սփյուռքը։

Ինչ վերաբերում է նյութական կորուստներին, ապա մոտավորապես քսան միլիարդ ֆրանկ ոսկի կորսվեց։ Որպեսզի հասկանանք, թե ինչպիսի ահռելի գումար է իրենից ներկայացնում այդ թիվը, բավական է իմանալ, որ Թուրքիայի ռազմական ծախսերն Առաջին աշխարհամարտի ընթացքում չեն գերազանցել 10 միլիարդը։ Թե՛ անշարժ, թե՛ շարժական և այլ գույքեր անցան տեղական իշխանությունների և սեփականատերերի ձեռքը։

Հայերի պատմամշակութային հետքը ջնջելու նկատառումից ելնելով՝ թուրքերը վաճառում էին պատմական և մշակութային արժեք հանդիսացող իրերը. դրանք, ըստ էության, անխափան առհավատչյա էին հայերի՝ այդ տարածաշրջանում դարերից ի վեր ապրելու մասին։

Եվ վերջում, Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի առաջին ոճիրը, մեծ հոգեբանական հետք թողեց ապագա սերունդների ազգային բնութագրի, վարվելակերպի, աշխարհայացքի և նպատակների ձևավորման վրա։

2. Ներկայացրե՛ք մեծ տերությունների վերաբերմունքը Մեծ եղեռնի նկատմամբ։ Ի՞նչ վերաբերմունք ունեին ժամանակի հասարակական-քաղաքական և պետական նշանավոր գործիչները․ ովքե՞ր էին նրանք, ի՞նչ գիտեք նրանց մասին։

Ցեղասպանությունը դատապարտելու կոչերով հանդես եկող պետությունների թվում էին նաև Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան. վերջիններս համատեղ հայտարարությամբ հանդես եկան 1915թ. մայիսի 11-ին։

«Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում»։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։

Մի շարք պատմաբաններ, նույնիսկ պետությունների ղեկավարներ, ի դեմս՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լլոյդ Ջորջի, հրապարակավ դատապարտեցին և որոշ դեպքերում նաև կանխարգելիչ միջոցներ (սանկցիաներ) կիրառեցին։ Սակայն միջազգային հանրության որոշ օղակներ նախընտրեցին լռել՝ սեփական շահը գերադասելով։

Բայց մենք չպետք է մոռանանք, որ բազմաթիվ գիտնականներ և հասարակական գործիչներ այս կամ այն կերպ դատապարտել են հայության և հետևապես՝ մարդկության դեմ այդ ոճրագործությունը, նույնիսկ շատերն աշխատություններ են գրել այդ մասին՝ դրանց մեջ զետեղելով ցեղասպանության կազմակերպիչներին ոչ ականջահաճո տեղեկություններ։ Գորկին, Բրյուսովը, Լեփսիուսը, Նանսենը, Մորգենթաուն, Վիլսոնը, Ֆրանսը, Կլեմանսոն և ուրիշներ ևս իրենց ներդրումն ունեցան Հայոց ցեղասպանության իրողության բարձրաձայնման գործում։

Այս համատեքստում, խորհուրդ կտամ դիտել հետևյալ տեսանյութը։

3. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը։ Ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն։

Մինչ 1948թ. Միավորված ազգերի կազմակերպության «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումը, մտավորականության շերտերում արդեն արծարծվում էր «ցեղասպանության» տերմինը։ Այդ կոնվենցիայով տրվեց իրավական ձևակերպում։ Այս բանաձևի հիմքում ընկած էր լեհական հրեա Ռաֆայել Լեմկինի առաջարկած նախագիծը, որը կազմվել էր հայ ժողովրդի 1918-23թթ. տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության հիման վրա։

Տերմինի բացատրությունը՝ «բնակչության առանձին խմբերի՝ ազգային փոքրամասնությունների՝ ժողովրդի ոչնչացում՝ կոտորած՝ ռասայական, ազգայնական կամ կրոնական շարժառիթներով գենոցիդ».

Կան մեծաթիվ ժողովուրդներ, որոնց նկատմամբ իրականացվել է ցեղասպանությունը, ահա մի քանիսը.

  • Հոլոքոստ — Նացիստական Գերմանիայի կողմից հրեաների, ինչպես նաև սինտի ու ռոմա ժողովուրդների, սովետական ռազմագերիների, լեհերի, հաշմանդամների և այլ խմբերի դեմ իրականացված զանգվածային սպանություններ, որի արդյունքում զոհվեց մոտ 6 միլիոն հրեա։
  • Հոլոդոմոր – Խորհրդային Միության քաղաքականության հետևանքով Ուկրաինայում կազմակերպված սով, որի պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ մահացան։ Չնայած այն հաճախ դասվում է որպես բռնի սով, շատ երկրներ այն ճանաչել են որպես ցեղասպանություն։
  • Ռուանդայի ցեղասպանություն – Հութու էթնիկական խմբի ծայրահեղականների կողմից տուցի ժողովուրդի նկատմամբ իրականացված ցեղասպանություն, որի հետևանքով զոհվեց ավելի քան 800,000 մարդ։

4. Ի՞նչ գիտեք «Նեմեսիս» գործողության մասին։ Ի՞նչ արդյունքներ այն ունեցավ։

«Նեմեսիս»-ը գաղտնի գործողություն էր, որի նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաներ, Շաքիր և այլոք), ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին։ Հատկանշական է, որ գործողության արդյունքում սպանվածների շարքում պակաս չեն եղել հենց հայերը։

  • 1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։
  • 1921թ. դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքերի կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։
  • 1922թ. ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր ծովում խեղդել 15.000 հայ երեխաների, ինչպես նաև՝ Բեհաէդդին Շաքիրին:
  • 1922թ. հուլիսի 22-ին Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:
  • 1920թ. մայիսի 31-ին սպանվեց 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆբեյլին։
  • 1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին:
  • 1920թ. հուլիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Շուշիի և Բաքվի հայերի ջարդերի հիմնական պատասխանատուներից Հասան Բեկ Ագաևին:
  • 1921թ. հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին։
  • «Նեմեսիս» գործողության ընթացքում սպանվեցին նաև երեք դավաճան՝ Մկրտիչ Հարությունյանը, Վահե Իհսսանին (Եսայան) և Ադուր Յասյանը:

Այս համատեքստում, առաջարկում եմ դիտել հետևյալ տեսանյութը.