«Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում ընթերցում (վերընթերցում) ենք Ամենայն հայոց բանաստեղծ, Մեծ մտածող և իրատես Հովհաննես Թումանյանի տարբեր տարիների հոդվածներն ու զուգահեռներ անցկացնում մեր օրերի հետ։ Այս անգամ ընթերցել եմ «Մեծ ցավը» հոդվածը (1909թ.) և այժմ կփորձեմ վերլուծություն անել։
Եթե կարճ ասեմ՝ պարզապես իրականության վառ արտացոլում. և հետաքրքիրն այն է, որ թե՛ Թումանյանի ստեղծագործության ժամանակաշրջանի, և թե՛ մեր օրերի դրությունն ընդհանրապես չի փոխվել, ասել է թե՝ ավելի է վատթարացել։
Մարդ նման հոդված գրելիս, հրատարակելիս պետք է լինի չափազանց խիզախ ու համարձակ, քանզի հայի տեսակն է այդպիսին, որ չի ընդունում իր նկատմամբ ոչ մի քննադատություն ու նսեմացում։ Թումանյանն այն համարձակն էր, որ գրի առավ իր մտքերը՝ պարզ ու շիտակ, կարևորը՝ ռեալ ներկայացնելով հայության այն դրությունը, որը տիրում էր ժամանակին, և որն ի հեճուկս բանաստեղծի անմար հույսի, չի փոխվել նաև այսօր։
Ինչպես նշում է հեղինակը՝ ունենք մի քանի ամսվա ընթերցանության ծավալուն գրականություն, սակայն դրան բացարձակ ծանոթ չենք. մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց թիվը, որը գոնե թերթել է դրանք։ Ունենք բազմադարյա բարդ ու խորդուբորդ պատմություն, սակայն չենք ճանաչում, նույնիսկ չենք էլ ուզում ճանաչել ու որն ավելի կարևոր է՝ հաշտվել։ Ունենք մյուս ազգերի հետ համեմատած բավականին զարգացած գիտություն, կրթություն, վերջ ի վերջո մեր ներդրումն աշխարհի զարգացման գործում, սակայն չենք իմանում, աշխարհին ցույց տալ այնքան էլ չենք շտապում։ Եվ որն ամենավատն է՝ սիրում ենք մեր տգիտությունն աշխարհին ի ցույց դնել՝ չմտածելով, թե ինչքան ենք վիրավորում թե՛ մեզ, թե՛ մեր երկիրը։ Այլ ազգերի՝ մեզ տրված սին, շինծու առանձնահատկությունները, բնութագրիչներն ու հատկանիշներն ընդունում ենք որպես վեհ գաղափար և առաջնորդվում դրանով, տեղ-տեղ նաև կյանքի-մահու գնով պաշտպանում։
Սիրում ենք մյուսներին գովել, սակայն մեզ՝ երբեք։ Սիրում ենք մյուսներով հպարտանալ, սակայն մեզնով՝ երբեք։ «Ինչի՞ է հասել հայությունն ընդհանրապես», հաճախակի եմ լսում վերջին ժամանակներում մեր հանրության շրջանում։ Եվ լսելով անասելի տխրում և ընկճվում եմ։ Փորձելով գտնել ամենատեղին պատասխանը՝ հասկանում եմ, որ դա գոհացնող ու սփոփիչ չի լինելու. իսկ ինչո՞ւ, որովհետև չենք ընդունելու դա։ Հետաքրքիր ժողովուրդ ենք սակայն, ինչպես նկատում է Թումանյանը։
«Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել»։
Բայց իրականում, սխալ չի գրված. մենք իսկապես չունենք մի պատմություն, որը հստակ ցույց կտա իրադարձությունների ճիշտ հաջորդականությունը, նրանց ծագման պատճառներն ու հետևանքները. չունենք պարզապես, և ինչքան հասկանում ենք՝ չենք էլ ուզում ունենալ։ Սիրում ենք հղում անել պատմությանը, պատմական կերպարների շոշափել, գովել, փառաբանել, մեծարել, որոշներին նույնիսկ ցեխը գցել ու հանել, մինչև վերջին շունչը հայհոյել ու նվաստացնել, սակայն չիմանալով՝ ինչու կամ ինչի համար։ Սիրում ենք ընդհանրապես իրար հակասական, իրարամերժ բաներ ասել ու անել. ինչ-որ ոլորտից գլուխ չենք հանում, խոստանում ենք չխառնվել դրան, բայց ամեն օր դրանից ենք խոսում, ինչպես կատարյալ, տարիների, նույնիսկ դարերի փորձ ունեցող մասնագետներ։ Մտածում ենք, թե ամենագետն ենք, սակայն մի շարք ազգերի կողքին նույնիսկ կանգնելու բարոյական իրավունք չունենք։
Ինչպես նկատում է Թումանյանը՝ կայացած չենք որպես ազգ և պետություն, սիրում ենք մեզ համարել ընտրյալ ազգ, բայց տոգորված ենք հայրենիքը հեռվից սիրելու ցանկությամբ և ձգտմամբ, սիրում ենք մեծարել մեր գործիչներին, սակայն չգիտենք էլ՝ ովքեր են և ինչ են արել, սիրում ենք ամեն ինչում խառնվել՝ չմտածելով հետևանքների մասին։ Սիրում ենք մեր չարչարված երկիրը հազարավոր կիլոմետրերից սիրել ու դրանով հպարտանալ, իսկ բարդ իրավիճակներում՝ հուսալ, որ ամեն ինչ կլավանա։
Այո, ցավոք, այժմ էլ կայացած չենք որպես ազգ, չունենք միասնական կամք ու ոգի։ Ունենք պետություն, սակայն չգիտենք էլ դա ինչի համար է կամ ինչպես է լինում։ Մենք կանք, բայց չգիտենք, թե որն է մեր առաքելությունը։ Մենք հայ ենք, բայց չգիտենք՝ ինչու։ Մենք գիտենք ամեն ինչ, բայց փաստացի՝ բան չգիտենք։
Հետաքրքիր է՝ երբ ենք դադարելու ապրել անուրջներով, պատրանքներով, երազանքներով և վերադառնալու իրական կյանք։ Թումանյանի այս հոդվածը, որն իր բազմաթիվ հեքիաթների կողքին տարօրինակ է դիտվում (հասարակական կարծրատիպ), միանգամայն մեր մասին է ու մեր մտածելակերպի։ Այն իսկապես շատ տեղիք է տալիս մտածելու, էլի մտածելու և անվերջ մտածելու …
«Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը»։