Փետրվարի 26-ին Ավագ դպրոցի հետազոտական ընթերցասրահում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության ընտրությամբ տարատարիք, եզդի ժողովրդի մշակույթով հետաքրքրված սովորողները, հասարակագետներն ու այլ շահագրգիռ անձինք։

Հանդիպման նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում.

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Մասնակցել է մի շարք ինչպես իրավական, այնպես էլ տարբեր հասարակական զարգացման, համագործակցության և միջմշակութային երկխոսությունների հետ կապված միջազգային ծրագրերին։ Ազատ ժամանակ նաև ստեղծագործում է, մի շարք հայտնի եզդիական երգերի խոսքերի ու երաժշտության հեղինակ է։ Հանդիսանում է նաև «Էզիդխան» եզդիական IP հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը և դրա Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը։ «Եզդիերեն լեզու և գրականություն» 5 և 11-րդ դասարանների դպրոցական դասագրքերի համահեղինակն է (երջանկահիշատակ առաջնորդ Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հետ միասին)։

Քննարկումը մեկնարկեց հասարակագետ-դասավանդող Վարդան Կարապետյանի բացման խոսքով։ Ներկայացնելով մեր հյուրին՝ նա մասնավորապես նշեց հայ-եզդիական բարեկամական կապերը, եզդիների մասնակցությունն ու ներգրավվածությունը ներպետական գործերում, եզդիների դերը հայ ժողովրդի պատմության մեջ։

Խդր Հաջոյանը, ողջունելով լսարանին և բարձր գնահատելով երիտասարդության առջև ելույթ ունենալու և եզդիական մշակույթը ներկայացնելու հնարավորությունը, հատկապես կարևորեց հայ-եզդիական կապերը։ Ելույթի ընթացքում երկու չափազանց կարևոր արձանագրում արեց.

«Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որտեղ եզդիներն իրենց անկաշկանդ են զգում, և Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որտեղ եզդիերենը հանրակրթական դպրոցներում, պետության աջակցությամբ և հովանավորությամբ, դասավանդվում է և ներառված է ուսումնական պրոցեսի մեջ»։

Հետո պարոն Հաջոյանը, ցուցադրելով նախօրոք պատրաստված պրեզենտացիան, պատմեց եզդի ժողովրդի, նրա մշակույթի պատմական ակունքների մասին։ Ցուցադրեց Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Լուսապայծառ Լալըշը, համեմատականներ ու զուգահեռներ անցկացրեց եզդիական մշակույթի և շումերական քաղաքակրթության միջև, պատմեց 12-փետրավոր սիրամարգի (Մալաք Թավուս՝ եզդիականության գլխավոր հրեշտակ) և նրա դիրքի ու կազմվածքի նշանակության, կազմակերպության գործունեության, եզդիների ցեղասպանության ժամանակ բազմապիսի տանջանքների ենթարկված կնոջ պատմության, Հայաստանի Հանրապետությունում եզդիների հաջողությունների և ձեռքբերումների, «Էզդիխանա» թերթի հիմնման, Ազիզ Թամոյանի առաջնորդությամբ ղարաբաղյան առաջին պատերազմում եզդի զորաջոկատների մասնակցության, ինչպես նաև ավանդական ուտեստների (Սաջի խորոված, Խաշլամա, Բեխուն) և վերամարմնավորման գաղափարի մասին. հատկանշական է, որ չար կյանքով ապրած մարդիկ են միայն ենթարկվում ռեինկարնացիայի։ Նաև խոսեց շաբաթվա յուրաքանչյուր օրվա նշանակելիության, խորհրդանշականության մասին։ Անդրադարձ եղավ նաև չորս բնական տարերքների՝ եզդի ժողովրդի մշակույթում ուրույն տեղ ու դեր զբաղեցնելուն։

Հետաքրքրված սովորողները պարբերաբար հնչեցնում էին իրենց հուզող հարցերը և հյուրի կողմից ստանում հանգամանալից, ընդարձակ պատասխան։ Հատկանշական է, որ եզդիները, հանդիսանալով միակրոն ազգ, սեփական լեզվում՝ եզդիերենում արգելել են չարիք բառը, հասկացությունը, և ընդհանուր առմամբ, եզդիները հավատում են, որ գոյություն չունի որևէ չար հրեշտակ, քանզի Աստված այնքան հզոր է, որ մեկ հարվածով կարողանում է բոլորին ոչնչացնել։ Բայց կա մեկ այլ հետաքրքիր փաստ. եզդիերենում գոյություն չունի «մայր» հասկացություն, մայրիկներին դիմում են «արարիչ» անվամբ։ Անդրադառնալով հանրության շրջանում արծարծվող կարծրատիպերին, այն է՝ եզդիների՝ արևապաշտ լինելուն, պարոն Հաջոյանը բացատրեց, որ եզդիները չեն խոնարհվում արևին, այլ խոնարհվում են իրենց Գերագույն Աստծուն, որն արարել է արևը։

Եզդիները բաժանվում են երեք խմբի՝ շեխեր՝ իր երեք ենթախմբերով, փիրեր. այս երկուսը պատկանում են հոգևոր դասին և մրիդներ՝ աշխարհիկ դասի ներկայացուցիչներ։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ազգը կոչում եզդի. պատասխանն այն է, որ բոլոր եզդիները՝ նույն մրիդները, Աստծու առաջ աշխարհիկ դասի են պատկանում։ Ամեն խմբի ներկայացուցիչ ամուսնանում է նույն խմբի ներկայացուցչի հետ՝ պահպանելու այն գենը, որով այդ հոգևորականները հասել են մեր օրեր։

Այսպիսով, իրապես հետաքրքիր, արդյունավետ հանդիպում ստացվեց, սովորողներն ավելի մոտիկից ճանաչեցին եզդիականությունն ու եզդի ժողովրդի մշակույթը, իսկ հանդիպման վերջում հյուրին փոքր-ինչ ներկայացումից հետո հանձնվեց կրթահամալիրում պատրաստված «Սեբաստացի» գինին։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ավելացնելու փոխադարձ այցերի թիվը, ընդլայնելու համագործակցությունը կրթության և հետազոտությունների ոլորտներում։ Հանդիպումից հետո մարմարյա սրահում պարային մի խմբով՝ Խդր Հաջոյանի և պարուսույց Համազասպ Ասլանյանի գլխավորությամբ, պարեցինք հայկական և եզդիական պարեր։

Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի ֆեյսբուքյան էջից