Փետրվարի 19-ին Yerevan Model United Nations (YereMUN) ասոցիացիայի պատվիրակության համար մեծագույն պատիվ էր մասնակցել ընդունելությանը, որը կազմակերպվել էր Marriott Hotel-ում՝ Հայաստանում Սերբիայի դեսպանատան բարձր հովանու ներքո՝ Սերբիայի Պետականության տոնի կապակցությամբ։

YereMUN կազմակերպության անունից ընդունելությանը մասնակցում էին՝

  • Եվա Համբարձումյանը՝ նախագահի քարտուղար
  • Միլենա Հովհաննիսյանը՝ նախագահի խորհրդական
  • Դավիթ Մուրադյանը՝ արտաքին հարաբերությունների և գործընկերության դեպարտամենտի ղեկավար

Ազգային օրվա խորհրդանշականության մասին

Սերբիայի պետականության օրը (15 փետրվարի) Սերբիայի Հանրապետության ազգային տոնն է։

Այն ոգեկոչում է Օսմանյան տիրապետության դեմ Սերբիայի Առաջին ապստամբության բռնկումը (1804), ինչպես նաև Սերբիայի առաջին ժամանակակից սահմանադրության ընդունումը (1835), որը հայտնի է որպես Sretenje կամ Candlemas սահմանադրություն (Candlemas – Հիսուս Քրիստոսի ընծայման տոնը նշվում է նույն օրը արևելյան ուղղափառ ավանդույթներում)։

Ընդունելության մեկնարկը

Աշխարհի տարբեր պետություններ ներկայացնող դիվանագետների հետ կարճատև ծանոթություններից և զրույցներից հետո Սերբիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգների հնչյունների ներքո մեկնարկեց բուն միջոցառումը։ Ելույթներով հանդես եկան Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների օրեցօր ամրապնդվող բարեկամությունը, հետագա համագործակցության շարունակական զարգացմանն ուղղված քայլերը։ Իր խոսքում դեսպանը մասնավորապես նշեց.

Մենք լավատես ենք Հայաստանի հետ համագործակցության հետագա ընդլայնման հարցում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, մշակույթի, կրթության և գիտության։

YereMUN կազմակերպության անձնակազմի անունից մենք ևս, շնորհավորելով Սերբիայի դեսպանատան աշխատակիցներին Պետականության տոնի առթիվ, բարեմաղթանքներ հղեցինք Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում, բարեկեցություն։ Միևնույն ժամանակ, ընդգծեցինք մեր պատրաստակամությունն ու հանձնառությունը հետագա համագործակցության ընդլայնման հարցում՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել երկու պետությունների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը՝ ի շահ մեր համատեղ զարգացման և բարգավաճման։

Ընդունելության արդյունքները

Երեկոյի ընթացքում մեզ ընձեռվեց բացառիկ հնարավորություն՝ շփվելու և մտքեր փոխանակելու բարձրաստիճան պաշտոնյաների լայն շրջանակի հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, պետական գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, հյուպատոսների, ինչպես նաև օտարերկրյա դիվանագետների հետ։

Այս փոխգործակցությունը ոչ միայն հնարավորություն տվեց անդրադառնալու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների առանցքային հարցերին, այլև ստեղծեց նպաստավոր միջավայր փոխադարձ բարեմաղթանքների և փորձի փոխանակման համար։

Մենք պարբերաբար քննարկումներ ունեցանք Հայաստանի Հանրապետությունում մի շարք պետությունների դեսպանների հետ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դեսպան տիկին Քրիստինա Քվինի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Գալագերի, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար պարոն Վասիլիս Մարագոսի, Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող տիկին Ֆղանսուազ Ժակոբի, Ֆրանսիայի դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյոյի, Շվեդիայի դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնի, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Վալերի Լոբաչի, Իսպանիայի Թագավորության գործերի հանձնակատար տիկին Կրիստինա Կոնեսայի, նրանց աշխատակազմների ներկայացուցիչների և այլոց հետ, ներկայացրեցինք մեր կազմակերպությունն ու նրա առաքելությունը՝ խթանելու և ամրապնդելու դիվանագիտության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքները երիտասարդության շրջանում և ներգրավվելու նրանց նմանատիպ գործընթացներում։

Միջազգային հարաբերություններում, արտաքին քաղաքականության մեջ շատ բան կապված է պատմական հանգամանքների հետ, շատ բան՝ մարդկանց զգացողության ու ընկալման հետ։

Սալման Խուրշիդ

Հատուկ կարևորություն պետք է տալ այն հանգամանքին, որ օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետների հետ քննարկումները բացառապես արդյունավետ, նշանակալի և արժեքավոր էին։ Նրանք մեծ ուշադրությամբ լսում էին մեզ, ներկայացնում իրենց դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև խրախուսում երիտասարդ նախաձեռնողներին, յուրաքանչյուր հնարավորություն օգտագործելով, ներգրավվել նման միջոցառումներում՝ մաղթելով հաջողություններ ապագայում։

Չնայած քննարկումների համեմատաբար կարճ տևողությանը, դրանք էական նշանակություն ունեին, քանի որ հնարավորություն ընձեռեցին մեզ ներկայացնելու ինչպես մեր կազմակերպությունը, այնպես էլ մեր առաքելությունն ու արժեքները։ Yerevan Model United Nations-ը (YereMUN) հանդես է գալիս որպես ապագային միտված կազմակերպություն, որի գործունեության հիմքում նպատակասլաց և համառ երիտասարդ նախաձեռնողներն են։ Մեր հիմնական և առաջնային նպատակն է խթանել դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտները հայ երիտասարդության շրջանում՝ միաժամանակ ընդլայնելով միջազգային համագործակցությունն ինչպես հասարակական, այնպես էլ պետական կառույցների հետ՝ հանուն համընդհանուր շահի և բարգավաճման։

Անառարկելի է, որ երեկոյի ընթացքում մեզ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ, քննարկելու նրանց հետ աշխարհաքաղաքական կարևորագույն խնդիրներ, ինչպես նաև անդրադառնալու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցերին։ Այս ընդունելությունն առանձնանում էր իր բարձր մակարդակով և արդյունավետությամբ, ինչը թույլ տվեց խորացնել դիվանագիտական փոխգործակցությունը և ամրապնդել կապերը միջազգային գործընկերների հետ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Հայաստանում Սերբիայի դեսպանատանը՝ տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի գլխավորությամբ, բարձր մակարդակով կազմակերպված և անցկացված այս ընդունելության համար։

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում ենք Սերբիայի Պետականության տոնի առթիվ՝ մաղթելով բարեկամ սերբ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն։