Թեմա 15՝ Պատերազմը և քաղաքականությունը․Պատերազմը որպես հասարակական երևույթ.
ա/ Խաղաղություն և հակամարտություն
բ/ Պատերազմը և քաղաքակրթության զարգացման աստիճանը

Առաջադրանք

Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընթերցում-վերլուծություն /բլոգային աշխատանք/.

Փոքր ժողովուրդների ինքնադրսևորման թատերաբեմը սահմանափակված է քաղաքական-դիվանագիտական պայքարի շրջանակներով:

Այս միտքը կարելի է հասկանալ այնպես, որ փոքր ժողովուրդների ինքնադրսևորման հնարավորությունները հիմնականում ձևավորվում և դրսևորվում են քաղաքական և դիվանագիտական պայքարի շրջանակներում: Քանի որ փոքր ժողովուրդները հաճախ չունեն մեծ տնտեսական կամ ռազմական ռեսուրսներ, նույն է թե՝ աշխարհաքաղաքականության գործոններ, նրանց ինքնության, շահերի և իրավունքների պաշտպանությունը տեղի է ունենում դիվանագիտական բանակցությունների, միջազգային հարաբերությունների բարելավման միջոցով։

Այս մտքի գործածականությունը նաև պայմանավորված է գլոբալ քաղաքական համակարգով, որտեղ ուժային կենտրոնները, գերտերությունները որոշում են աշխարհակարգը, իսկ փոքր ժողովուրդները ստիպված են լինում իրենց ձայնը լսելի դարձնելու համար ներգրավվել հենց այդ կարգերում՝ օգտագործելով դիվանագիտությունը, միջազգային իրավունքը։

«Հոգին իջնում է երբ ուզում է, որտեղ ուզում է և ում մոտ ուզում է» — այնուամենայնիվ առանց պարարտ հողի ոչ մի սերմ չի ծլարձակվի:

Հոգին՝ վերացական շարժունակ սուբյեկտը, որտեղ ուզում է, այնտեղ էլ իջնում է, հետևապես հոգին այս համատեքստում, ըստ իս՝ շատ մեծ դեր չի խաղում։ Կարևոր է երկրորդ մեջբերումը, թե՝ առանց պարարտ հողի ոչ մի սերմ չի ծլարձակվի. այսինքն, եթե ինչ-որ պետություն կամ որևէ անհատ ցանկանում է հասնել իր առջև դրված նպատակին, սակայն դրա համար չի ձեռնարկում որևէ քայլեր, չի ստեղծում որևէ պայմաններ, ասել է թե՝ պարարտ հող չի պատրաստում, դժվար թե հասնի իր ուզածին։ Պետք է ցանել, մշակել, վերահսկել, աշխատել և հետո արդեն քաղել պտուղները։

Քանի որ ժողովուրդների առջև դրված գերխնդիրը հաղթական հեղափոխությունն իրականացնելն ու ժողովրդավարեցվելն էր, ապա նրանցից ոչ մեկը հոգ չտարավ ազգային միտք, գաղափարախոսական հիմք, առաջնորդող ընտրախավ, զարգացման տակտիկա և ստրատեգիա ձևավորելու մասին:

Հեղափոխությունը հաճախ ընկալվում է որպես կարևոր և հրատապ նպատակ, որը պետք է արագ իրականացնել, բայց դրա հաջողությունը կախված է ոչ միայն վարչակարգի փոփոխությունից, այլև երկարաժամկետ ազգային ու պետական ինստիտուտների ձևավորումից ու նրանց կատարողականից։ Եթե ժողովուրդները սահմանափակվեն միայն հեղափոխությամբ՝ առանց ազգային գաղափարական հիմքերի և հստակ զարգացման ծրագրի, ապա քաղաքական փոփոխությունները կլինեն միմիայն ձևական, որևէ վարչակարգ մնայուն ծրագիր չի իրականացնի, ամեն ամիս էլ նոր հեղափոխություններ կընթանան, նոր իշխանություններ կձևավորվեն և այսպես շրջանով։ Ուստի պետք է հասկանալ, որ հեղափոխությունը միայն ֆիզիկական չէ, այն նաև գաղափարական է։

Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որևէ ժողովրդի ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որը սկսվում է շատ ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում թշնամին կամ կայացնում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: Տարբեր դարաշրջանների դրամատիկ իրադարձությունների միջև կա մի որոշակիորեն արտահայտված ընդհանրություն. Այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման և արժեքների կորստի ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ օղակն են. և բնության կամ պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները:

Կործանումները պատահական կամ ակնթարթային չեն լինում, նրանք ևս պահանջում են ժամանակ և պայմաններ։ Իսկ ինչպե՞ս են դրանք ձևավորվում։ Պետությունը, որը լուծարվում է իրավականորեն, հետևաբար նաև ֆիզիկապես, կարող է չլուծարվել գաղափարապես՝ իր քաղաքացիների շնորհիվ։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ ու բազմատեսակ, բայց դրա մասին չէ խոսքը։ Խոսքն այն մասին է, թե ինչպես է կանխորոշվում պետության անկումը։ Անկումը որոշվում է նախորդող իրադարձություններով, դա կլինի տնտեսական ճեղքվածք, անկայուն իրավիճակ, թե՛ արտաքին, թե՛ ներքին, ռազմական և արտակարգ դրություն, ազգի պառակտում և այլն։ Այս բոլորն էլ պարարտ հող են նախատեսում մոտալուտ անկման համար, ուստի դրանից խուսանավելու ամենաճիշտ տարբերակն այն պարզապես չիրականացնելն է, իսկ դրա համար պահանջվում են խելացի, իրենց գործին նվիրված, պետական արժեքները վեր դասող անհատներ։ Իսկ այն, որ պատմության ու բնության արհավիրքներն էլ ավելի են նպաստում իրավիճակի վատթարացմանը, ապա այստեղ վիճելու բան չկա, դա այդպես է։ Հարևան երկրները, ուժայինները, աշխարհակարգ թելադրողներն օգտվում են այդ բացառիկ առիթից։

Իմ կատարած աշխատանքներից՝