Վահան Տերյանը՝ 20-րդ դարի հայ քնարական մտքի ու նոր բանահյուսական ճյուղի հիմնադիրն ու ռահվիրան, համեմատ մյուս հանճարեղ հայազգի գրողների ու բանաստեղծների, բավականին քիչ ապրեց, սակայն չափազանց շատ ժառանգություն թողեց։ Տերյան ընթերցելիս՝ շատերը հանգում են այն մտքին (թե իրավամբ, թե սխալմամբ), որ նա լացուկոծի, տխրության, տրտմության, ցավի ջատագովն է՝ տոգորված ռոմանտիկական սյուժեներով ու հին, անցած-գնացած սերերով։ Վահան Տերյանի՝ հայ գրականության նկատմամբ մոտեցումներն ու համոզմունքները գլխովին շրջեցին մինչ այդ հայտնի գրականությունը՝ դարձնելով այն ավելի մարդամոտ, մտերմիկ, անմիջական ու անհատական։

Մեծ գրողը նոր էջ բացեց դարավոր հայ բանահյուսության շարքերում՝ հետագա սերունդներին թողնելով կյանքի ցավալի ու թախծոտ հուշեր, վեհ ու անիրականալի նպատակներ, դրանց իրագործմանն ուղղված քայլեր, խենթ սիրո, կորուսյալ ժամանակի և երջանկության որոնումներում տարած զրկանքների, հայրենիքի հանդեպ անսահման սիրով տոգորված հայրենասերի կյանքի պատմություններ, լոկ քնարական մտածություններ, խորհրդածություններ. իրապես, մեր բազմադարյա գրականության պատմության մեջ լիովին նոր բաժին բացվեց, բոլորովին նոր ուղղություն։

Տերյանը ցույց տվեց մեզ բոլորիս սիրելու բանաձևը՝ սիրելու մինչև վերջին շունչն ու հավետ մնաց բոլորիս հոգիներում և սրտերում՝ իբրև սիրո, կյանքի բանաստեղծ։ Ամենալավ բնութագրումը երևի թե նրան տվել է մեկ այլ հանճար.

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Վարք Մեծաց, Պարույր Սևակ

Վահան Տերյանի կենսագրությանը ծանոթացե՛ք այստեղ.

«ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ»

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Վահան Տերյանի բանաստեղծություններն ընթերցելիս՝ կամա-ակամա սկսում ենք հուզվել, հուսահատվել, փոքր-ինչ ընկճվել՝ հետզհետե հասկանալով, թե ինչպիսի դաժան փորձություն է կյանքը։ Բայց պետք է նաև հասկանալ մեկ բան. Տերյանը, որն ապրել է բավականին փորձանքալից կյանք՝ աքսորից մինչև վաղամեռ մահ, կորսված հայրենիքը վերականգնելու ձգտման տապալումից մինչև մահաբեր հիվանդություն, որն էլ խլեց անժամանակ պոետի երիտասարդ կյանքը, առաջ էր ընկել իր ժամանակից և ժամանակակիցներից։ Գրողը տեսնում էր այն, ինչ որ ուրիշներն ունակ չէին նշմարել։ Նա տեսնում էր մարդուն իր ամբողջ էությամբ՝ բոլոր-բոլոր մտքերով ու հույզերով, և դրանով էր նա հանճար։

Հանրության որոշ շրջանակներ կարծում են՝ Տերյանը հիվանդագին երևակայություն է ունեցել՝ գրելով բազմապիսի բանաստեղծական շարքեր։ Իմ համոզմունքն այն է, որ Տերյանը պարզապես մոտեցել է կյանքի նպատակի ընկալմանը կամ վերջին հաշվով փորձել է շարադրել իր մտածմունքներն այդ առթիվ։ Ուստի խոսքերն ու կարծրատիպերը հիվանդագին երևակայության մասին միանգամայն ոչ տեղին են, քանզի յուրաքանչյուր պոետ գրում է իր սրտի թելադրածը, և մեղադրելով նրան իր բանաստեղծությունների համար նույնն է ինչ վիրավորել նրա ներաշխարհն ու ստեղծագործականությունը՝ միևնույն ժամանակ խախտելով խղճի ու գրական արվեստի ազատությունները։

Սովորաբար մարդիկ, ընտրելով որևէ հեղինակի, նախապատվությունն իրենց տալիս են վերջինիս ճաշակին ու գրելաոճին, ոմանք նույնիսկ ուշադրություն են դարձնում հանգերին ու ծավալին։ Դա բնական է, քանի որ ամեն անհատ նախընտրում է ընթերցել այն երկերն ու ստեղծագործությունները, որոնք նրա սրտով են և որոնք նա հավանում է։ Ոմանք այդ երկերի մեջ խորը իմաստներ են գտնում։ Տերյանը, իմ գնահատմամբ, որևէ ընդգծված գրական ուղղություն որպես այդպիսին չունի. այո՛, համամիտ եմ այն իրողության հետ, որ շատ բանաստեղծություններ ռոմանտիզմի ու քնարական ժանրերից են, ունեն ակնհայտ հուզալի, զգացմունքային բարձր ֆոն, բայց պետք չէ մոռանալ, որ գրողն ունի նաև հայրենասիրական, ընկերային կոմպոնենտներով երկեր նույնպես։ Տերյանի՝ որպես ֆենոմենի խորությանն ու բազմաշերտ տաղանդին լիարժեք ծանոթանալու համար առաջարկում եմ դիտարկել նրա ստեղծագործությունները։ Դրանք ոչ միայն արտացոլում են նրա մտավոր հարստությունն ու բանաստեղծական վարպետությունը, այլև ներկայացնում են նրա հոգևոր աշխարհն ու արվեստի անկրկնելի լեզուն։

Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը։

Փիլիսոփայական

«Երկիր Նաիրի» ժողովածուի մի շարք երկեր վկայում են Մեծ գրողի՝ բազմակողմանիորեն զարգացվածության մասին, ինչպես նաև ցույց են տալիս նրա փիլիսոփայության, համաշխարհային գրականության և պատմության մասին գիտելիքները։ Դիտարկենք մի քանիսը.

Որպես Լայերտի որդին, որպես

Որպես Լայերտի որդին, որպես
Ուլիս մի, թողած և հող և տուն,
Անցա ծովեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

Չեմ դավաճանի իմ Նվարդին

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ՜, Շամիրա՛մ.
Որպես արքան այն`մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին։
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան
Չեմ դավաճանի իմ նվարդին,
Որքան էլ դյութես, о՜, Շամիրա՛մ։

Միայնություն

Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք։

Հայրենատենչ

Ոմանց մոտ հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ հայրենատենչ, քանզի Տերյանն այդպես էլ չտեսավ իր հայրենիքն ազատ ու անկախ, սակայն իր մտքում նա դա պատկերացրեց՝ ընկալելով ու գրեթե կանխատեսելով, թե ինչքան բարդ ճանապարհ դեռ պետք է անցնի իր հայրենիքը։

Հայրենիքում իմ արնաներկ

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։

Դու հպարտ չես, իմ հայրենիք

Դու հպարտ չես, իմ հայրենիք,
Տրտում ես դու և իմաստուն.
Կիզում է քեզ մի հուր կնիք,
Մի հըմայող ու հին խոստում։
Եվ միթե այդ վշտիդ համար
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ,
Օ, հայրենիք դառն ու անուշ։

Ինչպես չըսիրեմ, երկիր իմ կիզված

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ — բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա —
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր եիկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…

Երկիր Նաիրի, երազ հեռավոր

Երկիր Նաիրի, երազ հեռավոր,
Քնած ես քնքուշ թագուհու նըման.
Մի՞թե ես պիտի երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման.
Եվ մի՞թե, մի՞թե սիրտըս ավերված
Ավերակներիդ լոկ պիտի պարզեմ,
Քո տեղ փայփայեմ ստվերըդ մեռած,
Քո սուրբ խոսքի տեղ իմ լացը լսեմ…

Արարատին

Չեմ տեսել քեզ, բայց որպես
Անուշ ցնորք իմ հոգում
Պայծառ ես դո՛ւ, հրակե՛զ,
Հրապսակ ու կանգուն —
Արդար դրոշ հայության,
Սիրո սեղան հրառատ,
Դո՛ւ իմ երկրի հարության
Անխաբ վկա, Արարատ.
Որքան մնանք մենք նկուն,
Որքան խավարն իջնի խոր,
Ծիրանավո՜ր, մեր հոգուն
Դո՛ւ, պահապա՛ն զորավոր…

***

Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ.—
Թող գուժկան գիշերն ահասաստ դավե—
Որքան մութը սև՝ այնքան ես համառ,
Երկնիր իմ եիկիր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակըդ վեհ

Ես անջատված եմ հայրենի հողից

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայրենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.

Լեզուն ժողովրդի հոգու, բնավորության արտահայտիչն է։ Կուլտուրականության առաջին պայմանը զարգացած, հարուստ ու ճկուն լեզուն է։ Լեզուն ազգի հոգին է։

Շատերը կպնդեն՝ երբեմնի գրողի այս տողերը չեն համապատասխանում այն վեհափառ ու փառապանծ հայրենասիրական ոգուն, որը հիմք էր դարձել մեծաթիվ ռազմա-քաղաքական գործիչների գործունեության, որոնք ձգտում, տենչում ու ճիգ էին գործադրում ազատագրել իրենց դարավոր հայրենիքը։ Բայց ես ստիպված պետք է հակադարձեմ. ի հեճուկս մերօրյա իրականությունում շրջանառվող թեզերի ու կարծրատիպերի՝ Տերյանն ապրում էր իրականությամբ՝ հույս փափագելով ապագայում տեսնել ազատ, անկախ, միասնական Հայաստան։ Նա որևէ կերպ չի նվաստացնում, ստորացնում, նա փառաբանում է, ամեն կերպ գովում ու մեծարում, ամենայն սիրով սիրում ու անվերջ խոնարհվում. հայրենիքն իր համար վեհ արժեք է՝ դժվար տրվող, բայց հեշտ կորսվող։ Նրա խոսքերում կա պայքարի անմար ուժ, աննկարագրելի ու անբացատրելի հզորություն։ Ահա ամենահայտնի բանաստեղծություններից մեկը։ Այս բանաստեղծությունը պետք է լինի անկախության գրավականը, հզորության կամքը, ազատության ճիչը, ազգային միասնականության կոչը, արդարության բանաձևը… Ըստ իս՝ այս ստեղծագործությունը պետք է գրվի ոսկետառ…

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին…

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,—
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:


Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս—
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:


Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման:


Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:


Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը։

Ընկերային (անցած-գնացած օրեր)

Վահան Տերյանը տառապում է անվերջ, անփափագ, անկուշտ սիրով, որը ներսից քայքայում է նրա փխրուն հոգին։ Նա սիրում է այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի կարող սիրել։ Նա հասկանում է այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի կարող հասկանալ։ Նա ապրում է այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի կարող ապրել։ Գրողը ցանկանում է շտկել իր նախկին սխալները, վերագտնել իր սիրուն, հոգ տանել նրա վիրավոր հոգու մասին, ներողություն խնդրել այն վշտերի համար, որը պատճառել է միասին անցկացրած օրերի ժամանակ (նույնիսկ այն ցավերի, որոնք երբեք էլ չի գործել)։ Նա այլևս ունակ չի աշխարհն ընկալել այնպիսին, ինչպիսին որ այն իրականում գոյություն ունի, նա առաջնորդվում է անուրջներով, երազներով, երևակայում է մի ուրույն աշխարհ, որտեղ նա և սիրելին միակ դերակատարներն են։ Տերյանը փորձում է կյանքի կոչել անհնարինը՝ կտրել իրականությունից երկու սիրող սրտեր և առհավետ կապել մեկմեկու հետ… Նույնիսկ օտարների հանդեպ է նա լցվում անսահման սիրով. ահա թե ինչն էր իմաստ հաղորդում նրա խեղճ ու խնդրահարույց կյանքին։

***

Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի՝ ծանոթ ու տրտում.
Կիզում է կարոտ մի արթուն,
Մաշում է իմ սիրտն անդադար։
Դրժել եմ կարծես մի երդում,
Մի ուխտ եմ թողել անկատար,
Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի՝ ծանոթ ու տրտում։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու։
Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
Թեթև, որպես վիթ ելնեիր ձորից,
Մի ջուր տայիր ինձ քոլի սափորից
Ու վըրանիս մոտ հանգստանայիր։

Էստոնական երգ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Նոկտյուրն

Խաղաղ ննջեցին երկինք ու երկիր,
Բայց ես քնած չեմ — դու արթուն ես դեռ,
—Ննջիր, իմ անգին, աչքերըդ փակիր.
— Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ։

Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք…

***

Դիր քո կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ.
Օ, հրեղեն դու և ջինջ,
Դիր քո կնիքը սրտում իմ։
Քեզ իմ աղոթքն ու երդումը,
Քեզ պատարագ ամեն ինչ.
Դիր քո կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ…

Օտարուհուն

Ճչում եմ՝ հեռացի՛ր, բայց արդեն
Քմծիծաղն է ծաղկում քո դեմքին.
Ո՞վ ես դու, որ անզոր եմ քո դեմ
Եվ գերի դիվային քո կամքին…

Դառնություն է լցված և թախիծ
Քեզ օտար պոետի երգերում.—
Ո՞ր կողմից դու եկար, որտեղի՞ց
Նետեցիր քո նետերն իմ հեռուն…

FATUM

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։

Եթե սեր չկա, ինչի՞ համար պիտի չարչարվեմ չար աշխարհում։

Աշուն, բնություն

Ելնելով բանաստեղծությունների ոգուց և թելադրանքից՝ կարելի է համադրել Տերյանի սիրտն ու ամենառոմանտիկ եղանակը և արդյունքում կեզրակացնենք՝ մեծ գրողի սրտի եղանակն աշունն է։ Վահան Տերյանի՝ աշնան մասին բանաստեղծությունները բեկում մտցրեցին հայ գրականության ոչ այնքան բովանդակության, որքան ընկալելիության մեջ։ Նա Համո Սահյանի հետ դարձավ այն հատուկենտ հեղինակներից մեկը, որը կապում է խոնավաշունչ բնությունը խռովահույզ մարդկության հետ, տառապում է բնության և նրա հանդեպ անսահման սիրով, կապում է իր դժնդակ կյանքը քնքշագին բնության հետ, հանգստություն որոնում նրա շարժուձևերում։

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.

Աշնան երգ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլոր՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

***

Գայլերն են ոռնում… քամին է շաչում…
Կալանավորը նայում է հեռուն —
Մարդիկ լռել են, պատերն են լռում,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։
Կարծես թե քամին նոցա է կանչում,
Քամին պատմում է նրան մի գաղտնիք,
Գայլերն են ոռնում, լռել են մարդիկ,
Անվերջ ու անվերջ շղթան է հնչում։

Էլեգիա

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Փառքը հաճախ մարդու արժանիքի ցուցանիշը չէ։

Քաղաքական

Քաղաքականությունը գրականության կողքով էլ անտարբեր չանցավ… Անցկացրեց իր արյունարբու ճիրանների միջով, անհանգստացրեց անդորր վայելող գրական ոգին։ Ինչո՞ւ է կյանքն այսքան անողոք մեր հանդեպ. ազատորեն արտահայտում ենք մեր մտքերը, արդյունքում՝ հայտնվում ճաղերի հետևում։ Տերյանն էլ բացառություն չեղավ, նենգաբար տանջվեց իր արդարամիտ խոսքերի, գործերի համար։

***

Ե՛լ, դեմոկրատիա,
Խոր ու խնդուն աղմկիր ամեն կողմ,
Դուրս թափվիր մութ խուցերից
Եվ որոտա որպես հողմ,
Լից և փողոց, և կրկես,
Ե՛լ մրրկուն ու հրկեզ…
Թող ոլորուն ու խավար
Այս փողոցները
Խառնիճաղանջ,
Ե՛լ որպես հուր ու լավա,
Լից և փողոց, և կրկես,
Շաչ ու շառաչ, ճիչ ու կանչ,
Ողջը սրբիր ու լվա…

Աքսորավայրում

Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն…
Պաղ լռությունը մռայլ է ու չար.
— Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
— Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
Մեկը թախծագին նայում է հեռուն,
Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
Ու շղթաներով աղմուկ է հանում…
Ու մի արձագանք… գիշեր է ու ձյուն…
Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
— Շողա, վրեժի մահաբեր դաշույն
— Հնչիր, փոթորիկ ժողովրդական…

Սի՜րտ իմ

Ա՜խ, ինչքա՜ն խոցելի է մարդու սիրտը, բայց ինչքա՜ն դիմացկուն։ Որքան կտտանքների է ենթարկվում, բայց ինչ համառություն է ցուցաբերում։ Չի ցանկանում հավատալ, որ մտերիմն է դավաճանել, նենգամիտ կերպով միայնակ թողել ճակատագրի հեգնանքի առջև։ Չի կարողանում ընկալել այդ ամենը, մինչև որ չի բախվում սեփական համառության հետևանքներին։ Եթե սիրում է որևէ մեկին տերյանական սիրով, չի կտրվում մինչև վերջին շունչը, սիրում է մինչև վերջին արցունքը…

Ինչ-որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք։

***

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից,
Ուղիներից,անծանոթ, աղետներից նորանոր,
Ողջույն նորից ու նորից, նոր խնդություն, նոր թախիծ,
Եվ առավոտ անստվեր, և մեջգիշեր սևավոր։
Սիրտ իմ, բաց ես աշխարհի և չարի դեմ, սիրտ իմ` բա՛ց
Աշխարհն արև, աշխարհն ամպ, սիրտ աղբյուր ես դու զուլալ։
Սիրտ իմ հազար ցնորքով, հազար երգով ես արբած,
Վիճակված է քեզ հնչել — երգով խնդալ, երգով լալ։
Ու խնդում է լացդ պարզ և խնդումդ` լացի պես,
Տխրություն է ամեն ինչ — երազ է և մոռացում։
Բացված ես դու, սիրտ իմ, նուրբ շուշանի պես, ծաղկի պես
Եվ արևն է այրում քեղ և մրրիկն է քեզ ծեծում…

Ուշացած սեր

Բուքն է լալիս. հողմ ու ձյուն, 
Մառախուղ է և մշուշ. — 
Ո՞վ է անվերջ հեծեծում, 
Ո՞վ է կանչում այսպես ուշ։

Ո՞վ է շրջում անդադար, 
Ու՞մ է կանչում հիմա նա, 
Ես հեռու եմ, ես օտար, 
Ասացե՛ք՝ թող հեռանա…

Մտորելու տեղիք տվող

Չկարողացա սպեցիֆիկ վերնագիր տալ այս գրական բաժնին, շատ դժվար է բավարարվել միայն մեկ բնութագրիչով, լինի դա կենցաղ, եղանակ, առօրյա, թե ապրելակերպ։ Այս ամենի համադրությունն է կերտում հրաշալի գրողի աննման երկերի սյուժեները։ Իսկապես, որ մտորելու լիքը տեղիք է տալիս այն՝ ամեն ինչ վերլուծելու, կշռադատելու…

Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել։

***

Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք,
Ինձ տարեք այս երկրից անարեգ։

Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,
Մեր սարերն անառիկ, վեհանիստ,
Մեր արտերն արևոտ ու հանգիստ։

Այս գիշեր ես հեռվում եմ, հեռվո՜ւմ

Այս գիշեր ես հեռվում եմ, հեռվո՜ւմ,
Կարծես հայրենք եմ դարձել.—
Օ, սիրտ իմ, ո՞ւմ հետ ես կռվում,
Ո՞ւմ հետ ես ուզում դու մրցել…

Նայիր մեր սարերը ճերմա՜կ —
Ձմե՜ռն է, ձմե՜ռն է ծաղկում…
Օ, սիրտ իմ, օտար երկնի տակ
Մեռնում ես անտուն ու անքուն…

***

Մանուկ ենք մենք — երկու խեղճ,
Մոլորված մանուկ,
Եվ չարիքին չկա վերջ,
Եվ մենք միշտ անօգ.—
Մենք ճանապարհ չգիտենք,—
Իսկ խավարն ագահ.
Միայն մենք ենք, միայն մենք,
էլ ոչ ոք չըկա…

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

***

Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։
Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։
Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…

Ցուցադրված բազմաթիվ ստեղծագործություններն աննպատակ չէին, սոսկ ձևական չէին։ Վերը ներկայացվեցին այն բյուրավոր երկերից որոշները՝ միայն մեկ նպատակ հետապնդելով՝ ցույց տալու հանրությանն ու երիտասարդությանը, թե ինչքան բազմազան է Տերյանը, ինչքան դյուրըմբռնելի՝ ամեն բնագավառում, ինչքան սիրելի՝ իր գործում։ Բառեր չեմ գտնում գովելու այդ վշտալլուկ, տանջալից կյանքով ապրած ու ստեղծագործած մեծ գործչին։ Վստահաբար պնդում եմ՝ նա առավել մեծ հաջողություններ կունենար իր գրական կարիերայում, եթե մահկանացուն բավականին շուտ չկնքեր։ Դեռ ի՜նչ բանաստեղծություններ կգուրգուրեին մեր հոգին, կսթափեցնեին մեր սիրտը, կգցեին մեզ մտորումների գիրկը, դեռ ինչքա՜ն։ Տերյանը գնաց՝ չմոռացվելու պատրաստ։

Այսպիսին է մեր հին ու նոր պոետը՝ շատերի կողմից սիրված ու մեծարված։ Քիչ են Տերյանի պես գրողները, հիրավի քիչ, և ես շատ ափսոսում եմ, քանզի Տերյանն այն բանաստեղծն էր, որը գտավ հավիտենական, անկեղծ սիրո բանաձևը և այդ սերն էլ մտքին էլ մահացավ։ Երջանիկ եմ անչափ, որ ուսումնական պլանով պայմանավորված ամեն տարում անցկացնում ենք Տերյանական շաբաթ, վերընթերցում ենք նրա երկերն ու վերարժևորում դրանք։ Տերյանը սիրելու ու սիրվելու պոետ է, կյանքի և հույզի, անկուշտ սիրո և աններելի դավաճանության, հալածված գործչի, բայց մեծ հայրենասերի պոետ է։ Նա կյանքի պոետ է…