Թեմա՝ «Հայ ազգային-քաղաքական կյանքի վերելքը 1917թ․ Փետրվարյան հեղափոխությունից հետո»

Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության արդյունքում։ Ներկայացրե՛ք իրադրությունը Անդրկովկասում և Կովկասյան ճակատում։

1917թ. փետրվարի 27-ին Ռուսաստանում տեղի ունեցավ փետվարյան հեղափոխությունը, որը վերջ դրեց ցարական միապետական կարգերին։ Հեղափոխությունից հետո երկրում առաջացավ երկիշխանություն։ Մենշևիկներն իշխանությունը զիջեցին բուրժուազիայի վերին խավերի ներկայացուցիչներին՝ իրենց թողնելով վերջիններիս վերահսկողության իրավունքը։ Մարտի 2-ին իշխան Լվովի գլխավորությամբ ձևավորվեց Ժամանակավոր կառավարություն։

Որոշ ժամանակ անց քաղաքացիական ազատություններով կոչերն հասան նաև Անդրկովկաս, որտեղ մարտի 9-ին ստեղծվեց գործադիր իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե /ԱՀԿ/, որում ընդգրկվեցին Պետդումայի հինգ պատգամավորներ։

Հետփետրվարյան հեղափոխության շրջանում մեծ իշխանություն ձեռք բերեցին բանվորական, զինվորական և գյուղացիական պատգամավորների խորհուրդները, որոնք իրենց հերթին միավորվելով ստեղծում էին Երկրամասային խորհուրդների կենտրոնը։ Վերջինս ավելի ուժեղ էր, քան ԱՀԿ-ն։

Կովկասյան ճակատում էական փոփոխություններ չէին կատարվել։ Հայկական հատվածում կռվում էր ռուսական հինգ, իսկ պարսկական հատվածում՝ երկու կորպուս։

Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ժամանակավոր կառավարությունը Հայկական հարցի լուծման ուղղությամբ։ Համեմատե՛ք հայերի նկատմամբ միապետական Ռուսաստանի և Ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը։

Ժամանակավոր կառավարության ծրագրում որևէ ընդգծված կետ չկար կապված Հայկական հարցի լուծման հետ։ 1917թ. ապրիլի 26-ին հրապարակվեց մի որոշում, որտեղ ձևակերպում տրվեց Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքներին՝ որպես վարչական նոր միավոր՝ «Թուրքահայաստան» անունով։

Մինչև Արևմտյան Հայաստանի կարգավիճակն վերջնականապես որոշելը՝ գրավված տարածքներում ստեղծված հայկական երեք մարզերը /Խնուս, Վան, Էրզրում/ կառավարվելու էին գեներալ-կոմիսարի և նրա տեղակալների կողմից։

Սրան գումարած՝ Ժամանակավոր կառավարությունը կոչ էր անում նախկինում այդ տարածքներում ապրած և փախած հայերին վերադառնալ իրենց տները, իսկ թուրքերին, քրդերին և այլ ազգերին, որոնք մինչ այդ բնակվել են այդ տարածքներում, արգելված էր մուտքը։

Ամեն դեպքում, ինչ-ինչ դրական քայլեր ձեռնարկվել են Արևմտյան Հայաստանի ճանաչման գործում։ Պետք է ասեմ, որ ի համեմատ Ռուսական կայսրության քաղաքականության, որը «վերցնեմ-վերադարձնեմ» սկզբունքով էր քիչ թե շատ աշխատում, Ժամանակավոր կառավարությունը գործուն քայլեր արեց նոր վարչական միավորի ճանաչման ուղղությամբ, դրան կարող են վկայել նաև «Ղեկավար հրահանգները»։

Ներկայացրե՛ք Արևմտահայերի ազգային խորհրդի ստեղծման նշանակությունը։ Հայաստանի վերականգնման նպատակով ի՞նչ քայլեր իրագործվեցին։

Երևանում 1917թ. մայիսի 2-11-ը կայացավ Անդրկովկաս տեղափոխված արևմտահայերի առաջին համագումարը։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին՝ բաղկացած 15 հոգուց։ Արևմտահայ ազգային խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը, իսկ պատվավոր նախագահ՝ Զորավար Անդրանիկը։

Նույն տարվա ընթացքում կազմակերպությունները մեծ գործ արեցին հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ։ Ազգային խորհրդի ստեղծումը նշանակալի և կարևոր էր այնքանով, որ երբ ազատագրվեին պատմական հողերը, կառավարման ապարատն արդեն պատրաստ էր լինելու՝ իր տեղական և կենտրոնական կառավարման մարմիններով, նշում է առաջին հանրապետության վերջին վարչապետ Վրացյանը։

Ցո՛ւյց տվեք հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը պատմական նոր իրադրությունում։

ՀՅԴ-ն պահանջում էր նոր կառավարությունից ազգային ինքնորոշման իրավունք և իրավահավասարություն, բայց նրա համար առաջնային խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Ըստ կուսակցական նախագծի՝ Արևելյան Հայաստանը Վրաստանի և երկրամասի թաթարների հետ կազմելու էր մեկ ինքնավար միավոր՝ հանրապետական դաշնային Ռուսաստանի կազմում։

Հնչակյանները մեծ ոգևորությամբ ողջունեցին հեղափոխությունը։ Նրանց համար ևս առաջնահերթ էր Հայկական հարցի լուծումը, որը նրանք տեսնում էին Թուրքիայից անջատ ինքնավար Հայաստանի ստեղծումը։

Նոր ձևավորված ՀԺԿ-ն՝ Պապաջանյանի, Հարությունյանի և Առաքելյանի գլխավորությամբ, հարցի լուծումը տեսնում էր միայն միջազգային վեհաժողովներում՝ համաձայն արևմտահայության ձգտման։

Մեկ այլ կուսակցություն էլ՝ էսէռները, մեծ ազդեցություն ունեին ռազմական ճակատում։

Լուսաբանե՛ք Արևելահայ ազգային խորհրդի ստեղծման գործընթացը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ Հայոց ազգային խորհրդի ստեղծումը։

Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Խորհրդակցության ընթացքում շոշափվեցին մի շարք կարևոր հարցեր՝ կապված պարենային, փախստականության գործերի, Անդրկովկասում ինքնակառավարման մարմինների հաստատման, ճակատի պաշտպանության մասին։ Համաժողովին մասնակցում էին 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին ՀՅԴ-ականներ էին։

Քննարկման ավարտին ձևավորվեց 35 անդամից բաղկացած օրենսդիր մարմին՝ Ազգային ժողովը, իսկ նրա 15 հոգուց կազմվեց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։

Ազգային քաղաքական նոր մարմինների ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի գործունեությունը։ Ըստ էության՝ Հայոց ազգային խորհրդին իրավահաջորդ դարձան Հայաստանի առաջին հանրապետության պետական մարմինները։ Հայոց ազգային խորհուրդը զբաղվում էր հասարակական կյանքի տնօրինմամբ։