Մարտի 7-ին՝ հայտնի քաղաքագետ-վերլուծաբանի ծննդյան օրվան ընդառաջ, հասարակագետ-դասավանդողներ Վարդան Կարապետյանի և Սամվել Թամազյանի գլխավորությամբ, ավանդույթի համաձայն այցելեցինք Տիգրան Հայրապետյանի մայրիկին և կնոջը՝ Ֆրիդա մայրիկին և Նազենի Ղարիբյանին։ Այս նախաձեռնությունն արդեն որերորդ տարին է կյանքի է կոչվում շնորհիվ հետազոտական վարժարանի սովորողների՝ վերլուծաբանի կյանքի և հոդվածների նկատմամբ մեծ հետաքրքրվածություն ունենալու, պարբերաբար ուսումնասիրություններ կատարելու և հրապարակավ ներկայացնելու, ինչպես նաև դասավանդողների՝ սովորողների յուրաքանչյուր նպաստավոր նախաձեռնություն ի կատար ածելու։

Այս այցելությունն անտարակույս մեծ հնարավորություն էր բացահայտելու հանրահայտ քաղաքագետին նաև անձնական, ընտանեկան տեսանկյունից։ Ֆրիդա մայրիկն, տիկին Նազենին և մեզ միացած հարևանուհիները հարազատ ու մտերմիկ մթնոլորտում հետաքրքիր պատմություններ էին պատմում Տիգրան Հայրապետյանի կյանքից, խոսում էին նրա նպատակներից և երազանքներից, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Սակայն շատ կարևոր է ընդգծել, որ այն պատմաքաղաքագիտական ժառանգությունը, որը թողել է մեզ Տիգրանը՝ իր հոդվածներով և ասպարեզ դուրս եկած գրքերով, անցյալ-ներկա-ապագա քաղաքական և հասարակական իրավիճակներն ու վերահաս իրադարձություններն հասկանալու, վերլուծելու և համադրելու մեծ հենք են տալիս։

Մենք խոսեցինք տարբեր թեմաներից, որոնք այս կամ այն կերպ միմյանց հետ կապված էին՝ կրթություն, երիտասարդություն, տեղական և միջազգային գործընկերներ, հայրապետյանական օրեր և անվանական մրցանակ, նոր հրատարակված գրքեր և հոդվածներ, կյանքի հուշեր ու հիշողություններ և այլն։ Ես էլ՝ որպես «Տիգրան Հայրապետյան 2023» անվանական մրցանակակիր, ներկայացրի իմ փորձն աշխատությունները վերլուծելու և լուսաբանելու գործում, պատմեցի, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվել իմ կողմից հայրապետյանական օրերի և մարտյան ստուգատեսի շրջանակներում։ Հատուկ շեշտեցի, թե ինչպիսի փոփոխություն է կատարվել իմ աշխարհայացքի մեջ քաղաքագետի գործերը տարբեր ժամանակներում ընթերցելու և վերընթերցելու ընթացքում, պատմեցի, որ նրա հոդվածները, որոնք նրա գնահատմամբ բավականին դյուրընթեռնելի էին, ինչպիսի ներգործություն էին ունենում. լինում էին ժամանակներ, երբ երեքանգամյա ընթերցումը նույնիսկ չէր օգնում ամբողջ գրվածքը հասկանալու համար։ Իսկապես, որ Տիգրանի պակասն այսօր էլ զգացնել է տալիս։

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպելու Ֆրիդա մայրիկին, ով արդեն իր 86-ամյակն էր բոլորել, բայց աշխույժ ներգրավվում էր զրույցներում։ Հատկապես հետաքրքիր և կարևոր էին նրա իմաստուն և խորիմաստ խորհուրդներն ու պատգամներն ուղղված երիտասարդ, ինչպես ժողովուրդն է ասում՝ մատաղ սերնդին, որի պակասն այժմ էլ զգացվում է։ Ֆրիդա տատիկին անառարկելիորեն իսկական պայքարող, մաքառող, բարեսիրտ ու մեծահոգի հայ կնոջ տպավորություն գործեց մեզ վրա։

Իսկական հայկական օջախի համն ու հոտը թափանցում էին ամեն անկյուն՝ ստեղծելով ջերմ ու հարազատ մթնոլորտ։ Հյուրասիրությունն աննման էր, իսկ տան մեջ տիրող անբացատրելի ջերմությունը մեզ ավելի էր միավորում՝ պահերը դարձնելով անկրկնելի։

Տիկին Ղարիբյանը մեզ պատմեց, որ ապրիլին սպասվում է Հայրապետյանի նոր՝ հինգերորդ հատորի լույսընծայումը, որը ևս մեկ անգամ բոլոր ընթերցասերներին և գրքասերներին կառնի իր ակադեմիական բառապաշարով, բայց հեղինակի և կարդացողի միջև անմիջական կապ ստեղծող էջերի ներքո և թույլ կտա նորանոր վերլուծություններ կատարել և հրապարակավ դրանք ներկայացնել։

Այցելության երկրորդ հատվածում ես և Սեդա Ստեփանյանն ընթերցեցինք Տիգրան Հայրապետյանի գործերը։ Իսկ վերջում ևս մեկ անգամ շնորհավորելով Ֆրիդա մայրիկի ծննդյան տարեդարձը և մաղթելով առողջություն, իսկ տիկին Ղարիբյանին՝ նորանոր հաջողություններ իր գործում՝ մենք հրաժեշտ տվեցինք նրանց՝ հետագայում վերադառնալու և վերստին խոսակցության բռնվելու անսահման ցանկությամբ։