Առաջադրանքներ
1. Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
- Երախ — կենդանիների բերան, կլափ
- Անձավ — լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝ դատարկ տարածություն՝ արտաքին բացվածքով, քարանձավ, այր
- Քաջք — բարի կամ չար առասպելական ոգի, դև, վիթխարի ուժի տեր մարդ
- Շնալիր — շան ալյուր, ալյուրի տականք, որ շաղախում ու թխում են շների համար
- Համկալ — եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից, փոխնակ, հովվի ընկերակից
- Փարախ — ոչխարների հանգստանալու տեղ (գոմ կամ պարսպապատ բաց տեղ), եկեղեցին իբրև հավատացյալների հոտի ապահով հանգրվան
2. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից։
3. Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն իր մենակությունից դժգոհ է։
Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։
4. Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։
Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն ջահել հարսն-աղջիկ։
Առասպելներում ներկայացվում են թուրք կանայք, կազմակերպվող խնջույքներ և հարսանիքներ ու դրանց ընթացքը. նաև մեկումեջ գլխավոր հերոսի դաժանագին ապրումները։
5. Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մրդկանց ու կործանում։
Սիրենները կիսաթռչուն, կիսակին արարածներ էին, որոնք իրենց անուշ ձայնով գրավում էին նավաստիներին։ Նրանք երգում էին այնքան հրապուրիչ, որ մարդիկ կորցնում էին իրենց կամքը, նետվում էին ջուրը կամ ուղղում նավերը դեպի ժայռերը՝ կործանվելով։ Ոդիսևսը, հասկանալով նրանց վտանգը, իր նավի նավաստիներին ականջները մոմով փակելու հրահանգ տվեց, մինչ ինքը կապվեց նավախելին՝ առանց վտանգի նրանց երգը լսելու համար։
Ճապոնիայում հայտնի են ոգիներ, որոնք նման կերպ են գայթակղում ու կործանում տղամարդկանց։ Դրանցից մեկն է Յոմինան՝ գեղեցիկ, բայց դևային կին, որը գիշերվա ընթացքում տղամարդկանց է հրապուրում, նրանց էներգիան խլում ու մահվան հասցնում։
Գորգոնաները Հին Հունաստանի դիցաբանության մեջ երեք քույրեր էին՝ Ստենոն, Էվրյալեն և ամենահայտնի Մեդուսան։ Նրանք սարսափազդու արարածներ էին՝ օձերով պատված մազերով, որոնց հայացքը քարացնում էր ցանկացածին, ով համարձակվում էր նայել նրանց աչքերին։
6. Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.
ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
Հիմնավորիր պատասխանդ
Ինչպես հայտնի է՝ սույն ստեղծագործությունն ինչ-որ ուղերձ հղելու նպատակ չունի, այն պարզապես ցույց է տալիս մի շնչավոր էակի, ով միայնակությունից խելագարվում է։ Ահա թե ինչպիսի «նստվածք» է ունենում երկար մտածելը. շատ դեպքերում այն հասցնում է նաև հոգեբանական մահվան, երբ մարդ, ով չորս կողմից շրջապատված է չար մտքերով ու վատ հուշերով, հասկանում է, որ կորած է, իր ապրած կյանքը կորած է. նա սթրես է տանում, տխրում է, իր մեջ փակվում։ Իսկ Սաքոն հենց այդ մարդն էր, ով անվերջ մտածում էր ու մտածում, նրա մեջ հասունանում էին նոր մտքեր, նոր տեսիլքներ չարիքների ու թուրք կանանց մասին, և այդ ամենն ավելի էր վատթարացնում նրա այն էլ թույլ ոգին։ Եվ դա էր պատճառը, որ նա վերջ ի վերջո խելագարվեց։
Ավելին կարող եք ընթերցել իմ բլոգի վերլուծության մեջ։
7. Կարդա նաև Էդգար Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝
-ոգիները երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում.
-Ինչպե՞ս են վերաբրվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։
Թե՛ «Լոռեցի Սաքոյում», թե՛ «Ագռավում» ոգիները հայտնվում են գիշերը, երբ գլխավոր հերոսները միայնակ են, հոգեպես թույլ, տկար և խոցելի։ Լոռեցի Սաքոն պարտություն է կրում ոգիների հետ պայքարում և ի վերջո խելագարվում, մինչդեռ Էդգար Ալան Պոյի հերոսը հաղթահարում է իր չար մտքերն ու վախերը՝ կենտրոնանալով դրականի վրա։
8. Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։
Էդգար Ալան Պոյի հերոսը վաղուց էր կորցրել իր կնոջը, ու ժամանակն օգնել էր նրան հաղթահարելու ցավը և ընդունելու այդ կորուստը։ Դրա շնորհիվ նա հոգեպես ավելի ամուր գտնվեց ու կարողացավ դիմակայել իր վախերին։ Իսկ Լոռեցի Սաքոն դեռ չէր հաշտվել իր մենակության հետ, նրա վերքը թարմ էր, իսկ հոգեկան առողջությունը՝ խոցելի։ Այդ իսկ պատճառով նա չկարողացավ հաղթահարել իր ներքին տագնապները, տրվեց վախերին ու ի վերջո խելագարվեց։
9. Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։
Սարսափի ժանրը (horror) գրականության, կինոյի և այլ արվեստների ոլորտում կենտրոնանում է վախի, սարսափի, անհանգստության և սարսափազդու զգացողությունների առաջացման վրա։ Այն հաճախ ներառում է գերբնական արարածներ (օրինակ՝ ուրվականներ, վամպիրներ, դևեր), հոգեբանական սարսափ (մարդու խելագարություն, վախերի մարմնավորում), ինչպես նաև ավելի ռեալիստիկ սպառնալիքներ (սերիական մարդասպաններ, մղձավանջային իրավիճակներ)։
Իսկ ինչո՞ւ է նմանատիպ սարսափեցնող ժանրը մարդկանց գրավում։ Շատ պատճառներ ու շարժառիթներ կան։
- Մութ, անհայտ ու արգելված թեմաներ (արգելված պտուղի տրամաբանություն)
- Ադրենալին և էմոցիոնալ լիցքաթափում
- Վերահսկվող վախի զգացողություն
- Կուլտուրական ու հոգեբանական արտացոլում
- Պայքար մութ ուժերի դեմ
- Հասարակության մութ կողմերի ուսումնասիրություն
10. Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։
Չարքերը սովորաբար հանրության կողմից ընկալվում են ոչ միայն որպես առասպելական արարածներ, այլև մեր սեփական վախեր, մեղքեր և խավարչտին մտքեր, որոնք ի հայտ են գալիս հատկապես այն պահին, երբ հոգեպես թույլ ենք, տկար, անպաշտպան կամ միայնակ։ Երբ մարդն ուժեղ է՝ հավատքով, գիտակցությամբ և կամքով, չարքերը չեն կարողանում ազդել նրա վրա։ Սակայն երբ նրան տանջում են անվերջ կսկիծներ, ներքին տագնապներ, վախեր և անբուժելի ցավեր, վերջիններս հեշտությամբ տիրում են նրա գիտակցությանն ու ստիպում կորցնել ինքնատիրապետումը։
Իրականում, չարքերը մեր ներքին պայքարի արտացոլումն են։ Դրանց ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է հոգեպես ամուր լինել, չտրվել հուսահատությանը և գտնել ներսում այն լույսը, որը կարող է ցրել խավարը։ Դա կարող է լինել հավատը, սերը, գիտելիքը կամ պարզապես ուժեղ կամքը՝ դիմակայելու մեր իսկ ստեղծած ներքին չարքերին։ Իհարկե, չարքերի դեմ պայքարում անհրաժեշտ են նաև ուժեղ դաշնակիցներ, ի դեմս՝ ընտանիքի, մտերիմների, ընկերների …