Մարտի 7-ին, հասարակագիտական մարտյան ստուգատեսի շրջանակում, հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր հանդիպում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի եվրաինտեգրման հարցերով ու խորհրդարանական դիվանագիտության մեխանիզմներով հետաքրքրված ավագ դպրոցի տարատարիք սովորողներ, հասարակագետ-դասավանդողներ, քոլեջի ուսանողներ, հիմնադիր-տնօրենն ու այլ շահագրգիռ անձինք։

Ընդունելության նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում.

Հանդիպման քննարկման օրակարգում էին՝

  • Հասարակագիտական կրթության կարևորությունը
  • Հանրային դիվանագիտություն-խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկությունները
  • Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը 
  • Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը

Մինչ հանդիպման մեկնարկը, պատգամավորը փոքրիկ շրջայց կատարեց Մայր դպրոցում, ծանոթացավ ուսումնական գործընթացին, լսարանային պայմաններին, ակումբների գործունեությանը։ Պարոն Եղոյանին նաև ներկայացվեց կրթահամալիրի կառուցվածքը, այլընտրանքային, հեղինակային ծրագիրն ու նրա նշանակությունը։

Հանդիպման սկզբում համակարգող-դասավանդող Վարդան Կարապետյանն հանդես եկավ բացման ելույթով՝ ներկայացնելով մեր հյուրին և նրա հետ քննարկվելիք օրակարգային հարցերը։

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու քննարկման կազմակերպման համար և ողջունելով լսարանին, համառոտ պատմեց վերջին քաղաքական և մասնավորապես՝ խորհրդարանական իրադարձությունների մասին։ Այն հարցին, թե ներկայիս աշխարհակարգի փոփոխման և քաղաքական վայրիվերումների պայմաններում, ինչպիսի՞ մակարդակում են գտնվում Հայաստան-Եվրամիություն բանակցություններն ու շփումները, ի՞նչ դժվարությունների ու մարտահրավերների են բախվում, պատգամավորը պատասխանեց, որ խնդիրներ այնուամենայնիվ կան, սակայն դրանց լուծման համար ձեռնարկվում են հնարավոր քայլերը, իսկ բանակցություններն ու հաղորդակցությունները գտնվում են բարձր մակարդակում։

Խորհրդարանական դիվանագիտությունն ակտիվ աշխատում է, և մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար ընդունում է եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների ու դիվանագետների։

Անդրադարձ եղավ հատուկենտ կոնվենցիաների ու համաձայնագրերի պահանջներին, որոնց պետք է բավարարի մեր պետությունը, ինչպես նաև եվրաինտեգրմամբ պայմանավորված տնտեսական ցուցանիշների բարելավմանը. պարոն Եղոյանը բացատրեց, որ տնտեսական դիվերսիֆիկացումն ու մաքսային վճարների կրճատումն էապես կազդեն Հայաստանի տնտեսական աճին։ Այս համատեքստում, կախվածությունը մի քանի տնտեսական միավորներից ավելի ձեռնտու է որևէ պետության համար, քան ընդամենը մեկից, քանի որ առաջին դեպքում նվազում են տնտեսական ռիսկերը՝ պայմանավորված համաշխարհային քաղաքական վերադասավորումներով։

Մեր ռեգիոնալ երկրների և ընդհանուր տարածաշրջանի օրինակով պատգամավորը բացատրեց և ցույց տվեց, թե ինչպես է աշխատում տնտեսությունը, ապրանքաշրջանառությունը, մաքսային ծառայությունները և այլն։ Սովորողի այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ-ի անդամակցությունը չի խոչընդոտի ԵԱՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) հետ ազատ առևտրին, պատգամավորն հակիրճ պատասխանեց. «ազատ առևտրին կխոչընդոտի (այն չի լինի), բայց պարզապես առևտրին՝ ոչ»։

Տնտեսական միությունների գաղափարն այն է, որ ընդգրկված անդամ-պետությունների միջև սահմանները բառացիորեն ջնջվում են և ապրանքների ներմուծման ու արտահանման համար հավելյալ մաքսեր ու վճարներ չեն գանձվում։ Քննարկման այս հատվածում խոսեցինք Եվրամիության կառուցվածքի և անդամակցության ընթացակարգերի վերաբերյալ, այն է՝ թեկնածություն, հաջորդիվ դրանով պայմանավորված փոփոխություններ, տնտեսական կայունություն, հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավում և այլն։

Խոսք եղավ նաև Արևմուտքի երկրների և Ռուսաստանի Դաշնության հետ ներկայիս միջպետական և քաղաքական հարաբերությունների մասին։

Հանդիպման ավարտին, տիար Բլեյանի նախաձեռնությամբ, սկսվեց քննարկում 1990-ականներին Հայաստանի ներքաղաքական ու ներպետական իրավիճակի վերաբերյալ։ Բանախոսները պատմեցին որոշ կարևոր խնդիրների լուծման իրենց տեսակետների ու տարբերակների, տարատեսակ միջազգային դերակատարների ներգրավվման և դրանց հետ փոխկապակցված այլ թեմաների մասին։ Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես են տարբեր տարիներին պետության ղեկավար կազմում ներկայացված պետական և քաղաքական գործիչները քննարկում ներկայիս իրավիճակն ու առաջարկություններ անում։

Իսկ վերջում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից Արման Եղոյանին նվեր հանձնվեց՝ քոլեջի ուսանողների ձեռքով պատրաստված «Սեբաստացի» գինին։ Պատգամավորը, շնորհակալություն հայտնելով նվերի համար, արտահայտեց իր պատրաստակամությունն հետագայում ևս նման քննարկումներին մասնակցելու վերաբերյալ։