Մարտի 6-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, իմ նախաձեռնությամբ, հասարակագիտական մասնախումբը հյուրընկալել էր YereMUN (Yerevan Model United Nations) հասարակական կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանին և կոորդինատոր Մովսես Սիմոնյանին։ Հանդիպմանը մասնակցում էին հետազոտական վարժարանի դիվանագիտությամբ և միջազգային հարաբերություններով հետաքրքրված տարատարիք սովորողներ, հասարակագետ-դասավանդողներ, քոլեջի ուսանողներ, ավագ դպրոցի ղեկավարը, կրթահամալիրի հիմնադիր-տնօրենն ու այլ շահագրգիռ անձինք։
Ընդունելության նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ.
Մինչ հանդիպման մեկնարկը, հյուրերը շրջեցին Մայր դպրոցում, ծանոթացան Միջին և Ավագ դպրոցների գործունեությանը, այցելեցին ակումբներ և ունկնդրեցին սովորողների պատրաստած երաժշտությունը։
Քննարկումն ընթերցասրահում մեկնարկեց հասարակագետ-դասավանդող Վարդան Կարապետյանի բացման խոսքով։ Ներկայացնելով մեր հյուրին՝ դասավանդողը մասնավորապես նշեց դիվանագիտության և քաղաքագիտության վերաբերյալ ճշգրիտ տեղեկացվածության կարևորությունը, ոլորտում ներգրավված և աշխատող անձանց հետ նմանատիպ քննարկումների նշանակությունը։
Այնուհետև խոսքը փոխանցվեց YereMUN (Yerevan Model United Nations) հասարակական կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանին։ Մեր հյուրը, շնորհակալություն հայտնելով մեծ լսարանի առջև ելույթ ունենալու ընձեռված հնարավորության համար, նախևառաջ ներկայացավ, պատմեց իր մասնագիտական գործունեության, աշխատանքի և ուսումնառության մասին։
Իր խոսքի հաջորդ հատվածում Վրույր Հլղաթյանը պատմեց կազմակերպություն հիմնելու վաղեմի տեսլականի և դրա իրականացմանն ուղղված ձգտումների մասին։ Նա ընդգծեց, որ իր գլխավոր նպատակն է զարգացնել և հարստացնել հայ երիտասարդության գիտելիքները դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտներում՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը դիվանագիտական միջոցառումներին։ Նա հատկապես կարևորեց երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը միջազգային համաժողովներում, բանավեճերում և քննարկումներում՝ հնարավորություն ընձեռելով նրանց ոչ միայն ձեռք բերել արժեքավոր փորձ ու գիտելիք, այլև իրենց ձայնն առավել ազդեցիկ ու լսելի դարձնել միջազգային հարթակներում։



Այս համատեքստում, յուրահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ՄԱԿ-ի Երևանի մոդելը չի հետապնդում որևէ նյութական շահ, այլ գործում է հանուն հայ երիտասարդների ու Հայաստանի Հանրապետության։
Հյուրը, նախապես պատրաստված պրեզենտացիայի միջոցով, մանրամասն ներկայացրեց կազմակերպության հիմնարար արժեքները, ձգտումները և հետապնդվող նպատակները։ Նա անդրադարձավ նաև կազմակերպության առջև ծառացած խոչընդոտներին ու մարտահրավերներին, միջազգային գործընկեր-կազմակերպություններին, ինչպես նաև զարգացման երկարաժամկետ տեսլականին՝ ընդգծելով համագործակցության հնարավորություններն ու ապագա ծրագրերը, ինչպիսիք են հուլիսյան նոր միջազգային համաժողովը, քաղաքական և դիվանագիտական գործիչների հետ հանդիպումները և այլն։
Հիմնադիր-տնօրեն տիար Բլեյանն իր խոսքում մասնավորապես նշեց կազմակերպության և կրթահամալիրի միջև համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։ Նա շեշտեց կրթահամալիրի պատրաստակամությունը՝ աջակցելու նախաձեռնությանը՝ տրամադրելով կացարաններ օտարերկրացի մասնակիցների համար, ինչպես նաև կազմակերպության հետ համատեղ, կազմակերպելով փորձնական համաժողովներ վարժարանում։ Տիար Բլեյանը կարևորեց նման ծրագրերի դերը՝ ընդգծելով, որ դրանք կնպաստեն սովորողների փորձի հարստացմանն ու նրանց ակտիվ մասնակցությանը միջազգային միջոցառումներին։
Սովորողները ցուցաբերում էին մեծ հետաքրքրվածություն և ակտիվորեն մասնակցում քննարկմանը՝ պարբերաբար բարձրաձայնելով տարբեր հարցեր։ Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր թեմաների, այդ թվում՝
- Հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման խոչընդոտները ներկայիս աշխարհակարգում,
- Քաղաքական պրոցեսների ներգործությունն հասարակական կազմակերպությունների գործունեության վրա,
- Դիվանագիտությունը Հայաստանում և Հայաստանից դուրս,
- Միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը,
- ՀԿ-ների ֆինանսավորման խնդիրները։



… Երկու տարի առաջ, երբ մենք նոր ստեղծում էինք YereMUN-ը և սկզբում ուսանողներով հավաքվել էինք ու չգիտեինք անգամ՝ ինչպե՞ս էին բացում հասարակական կազմակերպություն։ Բայց արդեն անցած տարի ունենք 100-ից ավել պատվիրակ տարբեր երկրներից ու շատ ենք աշխատել։ Վստահ եմ՝ Ձեզ մոտ ամեն ինչ նույնպես կստացվի։ Հավատացե՛ք ձեզ…
Մովսես Սիմոնյան
Հանդիպման ավարտին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից Վրույր Հլղաթյանին նվեր հանձնվեց՝ քոլեջի ուսանողների ձեռքով պատրաստված «Սեբաստացի» գինին։ Շնորհակալություն հայտնելով ու հնարավորությունը գնահատելով՝ Վրույր Հլղաթյանը և կոորդինատոր Մովսես Սիմոնյանը հավաստիացրեցին, որ պատրաստ են շարունակել և ընդլայնել համագործակցությունը կրթահամալիրի և կազմակերպության միջև։
Սովորողների լուսաբանումները՝







