YereMUN (Yerevan Model United Nations) հասարակական կազմակերպության կողմից սույն թվականի մարտի 3-7 ընկած ժամանակահատվածում հաջողությամբ կյանքի կոչվեց բոլորովին նոր մի նախաձեռնություն՝ «Դիվանագիտական շաբաթ»։
Ծրագրի նպատակն ու նշանակությունը
«Միավորված ազգերի կազմակերպության Երևանի Մոդել» ասոցիացիան 2024 թվականի սեպտեմբերին սկիզբ դրեց իր էությամբ ամբողջությամբ նոր «Դիվանագիտական շաբաթ» կրթական և դիվանագիտական ծրագրին, որն իրականություն դարձավ 2025 թվականի մարտ ամսին։ Նախաձեռնության նպատակն էր խորացնել երիտասարդության և պետական ու միջազգային կառույցների միջև կապերը՝ խթանելով երիտասարդ սերնդի հետաքրքրվածությունը քաղաքականության և դիվանագիտության նկատմամբ։
Այս նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն ընձեռեց մասնակիցներին՝ էապես խորացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները քաղաքականության և միջազգային հարաբերությունների բնագավառներում։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելություններ կատարեցին տարբեր հեղինակավոր կազմակերպություններ, որտեղ անմիջականորեն շփվեցին Հայաստանի Հանրապետության պետական գործիչների, քաղաքականության ձևավորող և ոլորտի մասնագետների ու դիվանագետների հետ։ Այս փոխգործակցությունն, անտարակույս, նպաստեց պետության քաղաքական դաշտի և միջազգային դիվանագիտության նրբերանգների ավելի խորն ըմբռնմանը։
«Դիվանագիտական շաբաթվա» շրջանակներում կազմակերպվեցին նաև սեմինարներ և վերապատրաստումներ, որոնք վարեցին ոլորտի առաջատար մասնագետները։ Դրանց մեջ ընդգրկված էին դիվանագիտության հիմնարար սկզբունքները, բանակցային ռազմավարությունները և գլոբալ կառավարման հիմնախնդիրները՝ մասնակիցներին զինելով միջազգային հարաբերություններում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններով։
Բացի այդ, ծրագրի ընթացքում կարճատև դասախոսություններով հանդես եկան հրավիրված բանախոսներ, որոնք կիսվեցին իրենց փորձով՝ էլ ավելի հարստացնելով մասնակիցների կրթական փորձառությունը։ Այսպիսով, ծրագրի համառոտ ծանոթությունից հետո, ստորև ներկայացնում եմ մեր բազմազբաղ շաբաթն՝ ըստ օրերի։
Օր առաջին. մարտի 3
Ժամանելով Երևանի պետական համալսարան՝ «Դիվանագիտական շաբաթ» նախաձեռնության մասնակիցները սկսեցին ծանոթանալ միմյանց հետ՝ կիսվելով իրենց ակնկալիքներով ու համոզմունքներով։ Առաջին բանախոսությունը վարեց YereMUN կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանը, որին հաջորդեց երկարատև ու բազմաբովանդակ քննարկում՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության թեմաներով։ Փոքրիկ ընդմիջումից հետո հետաքրքիր զրույց ծավալվեց ֆրանսահայ հայտնի գործիչ, բարերար Ժերարդ Հովակիմյանի հետ. խոսեցինք թե՛ միջպետական հարաբերությունների, և թե՛ նրա նեղ մասնագիտական աշխատանքի մասին։ Անդրադարձ եղավ նաև իր հիմնած կազմակերպության («ՀայՄեդ») հայաստանյան հասարակության շրջանում ծավալած գործունեության, գործընկերների հետ շփումների և արձանագրած հաջողությունների մասին։


Օրվա երկրորդ կեսին ծրագրի մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով և հանդիպում ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Սոնա Ղազարյանի հետ։ Պետք է արձանագրեմ, որ գրեթե երկու ժամանոց քննարկումը շատ արդյունավետ էր ու ինֆորմատիվ, ուսանողներն ավելի ճշգրիտ պատկերացում կազմեցին Հայաստան-ԵՄ շփումների և հարաբերությունների, ինչպես նաև տնտեսական միությանն անդամակցության տեխնիկա-կազմակերպչական հարցերի կառուցակարգերի ու ընթացակարգերի մասին։ Ահա այսպես է բնորոշել քննարկումը բանախոսներից մեկը.
Ակտիվ քննարկում ունեցանք Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ ՀՀ Եվրոպական ինտեգրման օրակարգի, Հայաստանի և տարածաշրջանային պետությունների հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ուսանողները հարցեր ուղղեցին նաև Ակադեմիական քաղաքի, կրթության և երիտասարդների՝ քաղաքական օրակարգերի մասնակցայնությանն ուղղված հնարավոր կրթական ծրագրերի մասին։ Նման հանդիպումները շատ արդյունավետ են. անկեղծ և բաց քննարկում ունենալու համար նպաստավոր։
Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր







Վերջում փոքր-ինչ շրջայց կատարեցինք խորհրդարանի թանգարանում և գրադարանում՝ ծանոթացանք ցուցանմուշներին, հուշանվերներին, կարևոր փաստաթղթերին և պատգամավորների ու աշխատակազմի ներկայացուցիչների սիրելի գրքերին։
Լուսանկարները՝ Սոնա Ղազարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից
Օր երկրորդ. մարտի 4
Շաբաթվա կտրվածքով՝ մեր գլխավոր իրադարձություններից մեկը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն այցելությունն էր։ Համաձայն ընթացակարգի՝ նախօրոք պայմանավորված ժամկետով նախատեսել էինք այց-հանդիպում ԱԳՆ Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հետ։ Եվ այս մի նախաձեռնությունը ևս հաջողությամբ կյանքի կոչվեց։
Պարոն Կարապետյանի հետ քննարկվեցին թեմաների լայն շրջանակ՝ Եվրամիության անդամակցության հարցից մինչև կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ, հարևանների հետ միջպետական հարաբերությունների պատմությունից մինչև զարգացման երկարաժամկետ հեռանկարներ։ Քննարկումը միանշանակ արդյունավետ էր. մասնակիցները «ներսից» ճանաչեցին արտաքին գերատեսչությունն ու ծանոթացան նրա գործառույթներին։
Հաջորդ հանդիպումն անցկացվեց պետական համալսարանում, հանդիպեցինք Հայաստանում Հնդկաստանի դեսպան, Նորին գերազանցություն, տիկին Նիլակշի Սահա Սինհային։ Անդրադարձ եղավ երկու պետությունների միջպետական հարաբերությունների պատմությանը, ներկայիս երկկողմ օրակարգին, հարաբերությունների զարգացման տեսլականին։ Դեսպանը շատ մանրամասն խոսեց Հնդկաստանի խոշոր քաղաքներում և համայնքներում հայկական սփյուռքի կյանքի և գործունեության մասին։ Հանդիպման ավարտին ծրագրի մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերը։


Լուսանկարները՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի X-յան պաշտոնական միկրոբլոգից
Օր երրորդ. մարտի 5
Մարտի 5-ի օրակարգում էին այցելությունները Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն և հանդիպում Հայաստանում Իսպանիայի Թագավորության charge d’affaires տիկին Կրիստինա Կոնեսա Սանչոյի հետ։
Հակակոռուպցիոն կենտրոնում շատ ինֆորմատիվ դասախոսությամբ հանդես եկավ ծրագրերի մասնագետ Շուշան Ավագյանը։ Մինչ բուն թեմային անդրադառնալը մենք զրուցեցինք կոռուպցիայի տարածման և կանխարգելման միջոցների վերաբերյալ մեր գիտելիքների մասին, ինտերակտիվ խաղ խաղացինք՝ բացահայտելու մեր սուղ ռեսուրսների ճիշտ կառավարման և լուծման տարբերակներ գտնելու ունակությունները։





Տիկին Ավագյանը պրեզենտացիայով ցուցադրեց հետաքրքրական մանրապատումներ, ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարից, խոսեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործունեությունից, դավանած արժեքներից, կազմակերպվող միջոցառումներից։ Խոսք եղավ նաև հայտարարագրման նոր գործընթացի մասին, որը մշակել էր կառավարությունը։
Ուրախությամբ ցանկանում եմ ընդգծել, որ կենտրոնի հայաստանյան գրասենյակը, որի կազմում են ոչ ավելի քան 20 աշխատակիցներ, ծավալուն աշխատանք է կատարում իրազեկման, կանխարգելման և նմանատիպ միջոցառումներին երիտասարդության ներգրավվածության ուղղությամբ։


Օրվա հաջորդ մասում Երևանի պետական համալսարանում ընդունեցինք Իսպանիայի Թագավորության charge d’affaires տիկին Կրիստինա Կոնեսա Սանչոյին, խոսեցինք հայ-իսպանական ներկայիս հարաբերություններից և նրանց զարգացման հեռանկարներից։ Փոխանակվեցինք հետաքրքիր տեղեկություններով, իսկ հանդիպման ավարտին քննարկեցինք նաև պատանիների ներգրավվածության կարևորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում։
Օր չորրորդ. մարտի 6
Այս օրը համալսարանի հիմնական մասնաշենքում ՄԱԿ-ի մոդելի կոնֆերանսի և նրա ընթացակարգերի վերաբերյալ կարճատև վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո, օրակարգով պայմանավորված և հասարակագիտական մասնախմբի հետ համաձայնեցված, կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանի և կոորդինատոր Մովսես Սիմոնյանի հետ շտապեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մասնակցելու հանդիպման-քննարկման։
Հանդիպման նախագծին և օրակարգին ավելի մանրամասն ծանոթացե՛ք այստեղ.



Ունեցանք չափազանց հետաքրքիր, ուսուցողական, ինչու ոչ նաև ճանաչողական քննարկում։ Անդրադարձանք մի շարք հիմնարար հարցերի, որոնց շարքում էին հայ-ֆրանսիական ջերմ և օրեցօր զարգացող հարաբերությունները, դիվանագետ դառնալու խրթին ճանապարհն ու հանդիպող մարտահրավերները, YereMUN կազմակերպության կողմից ծավալվող գործունեությունն ու արժեքները և այլն։ Այս այցը ոչ միայն ընդգծեց YereMUN-ի նպատակները, այլև առանձնացրեց երիտասարդներին միջազգային հարցերում ներգրավելու և ապագա առաջնորդներին դաստիարակելու կարևորությունը:
Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ.



Կրթահամալիրում իրականացված բազմաբովանդակ քննարկումից հետո այցելեցինք Երևանի քաղաքապետարան և հանդիպում ունեցանք փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ։ Քննարկման օրակարգում էին այնպիսի հրատապ թեմաներ, ինչպիսիք էին միասնական տոմսային համակարգի արդյունավետությունն ու բարելավումը, ակադեմիական քաղաքի շինարարության ընթացքն ու գաղափարը, մանկապարտեզների վերակառուցման, բազմաբնակարաններում վերելակների փոփոխության, նոր աղբավայրի ստեղծման հարցերը և այլն։ Ահա թե ինչպես է փոխքաղաքապետը ներկայացրել մեր զրույցը.
Մարտի 6-ին Երևանի քաղաքապետարանում հանդիպեցի 2023թ. հիմնադրված «YereMUN» հասարակական երիտասարդական կազմակերպության հետ: Վերջինիս նպատակն է Հայաստանի երիտասարդության շրջանում բարձրացնել դիվանագիտության և միջազգային հարաբերությունների հանդեպ ունեցած հետարքրքվածության մակարդակը և զարգացնել նրանց քննադատական մտածողությունն ու հաղորդակցության հմտությունները:
Հանդիպման ժամանակ ներկայացրեցի Երևան քաղաքի և մի շարք այլ երկրների քաղաքների միջև ձևավորված համագործակցության վերաբերյալ հուշագրերը, որի հիման վրա կնքվում են համաձայնագրեր՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացման նպատակով:
Լևոն Հովհաննիսյան, Երևանի քաղաքապետի տեղակալ
Օր հինգերորդ. մարտի 7
Մեր հրաշալի ու բազմազբաղ այս ծրագիրն ավարտեցինք Սերբիայի և Նիդերլանդների Թագավորության դեսպանատներ այցելություններով։


Սերբիայի դեսպանի՝ Նորին գերազանցություն, տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի հետ արդեն հարազատ դարձած միջավայրում զրուցեցինք Հայաստան-Սերբիա ռազմավարական գործընկերությունից, խոսեցինք մեր երկու ժողովուրդների համագործակցության և փոխգործակցության, կապերի ամրապնդման, երկու մշակույթների և պետությունների ճակատագիրների նմանությունների մասին։ Դիտեցինք հետաքրքրաշարժ մանրապատումներ սերբ ժողովրդի ուրույն մշակույթի և նրա արտացոլման մասին։
Ամփոփում
Ահա այսպիսին էր մեր արկածներով լի «Դիվանագիտական շաբաթը»։ Կասկած չկա, որ մեր հիշողություններում դեռ երկար են մնալու այդ զվարճալի ու գիտելիքառատ պահերը։ Ավելին, պետք է նշել, որ այս նախաձեռնությունը միակը չէ, այլ պարզապես սկիզբը. առջևում դեռ նոր ծրագրեր են սպասվում Հայաստանի ապագա առաջնորդներին։
Այս ողջ շաբաթվա ընթացքում ծանոթացանք մեր պետության և նրա կառավարման գործիքակազմին, մեխանիզմներին ու մեթոդներին, առավել լավ ճանաչեցինք մեզ ու մեզ վերաբերող խնդիրները, պարբերաբար անցկացվող քննարկումների ու բանավեճերի շնորհիվ փորձեցինք մերձենալ դրանց լուծման տարբերակներին։ Ընդմիջումների ժամանակ բացի առօրյա խոսակցական թեմաներից, քննարկում էինք նաև համաշխարհային քաղաքական հարցեր, կիսվում իրադարձությունների զարգացման մեր սպասումներով, մտածում մեր պետության ապագայի մասին։
Երախտագիտությունս եմ հայտնում գլխավոր կազմակերպիչ, YereMUN կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանին՝ նման նախաձեռնությունը բարձր մակարդակով կյանքի կոչելու վճռականության և պատրաստակամության համար։ Շնորհակալ եմ մեր թիմին՝ քրտնաջան աշխատանքի, ուրախ պահերի և ուսուցողական միջոցառումների համար։ Շնորհակալություն նաև Երևանի պետական համալսարանին՝ Նունե Հովհաննիսյանի գլխավորությամբ, անհրաժեշտության դեպքում մեզ դահլիճների հարցում աջակցություն ցուցաբերելու համար։ Եվ իհարկե, շնորհակալություն մեր բանախոսներին՝ ժամանակ տրամադրելու, անչափ հետաքրքիր ու կարևոր քննարկումներ անցկացնելու համար։
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ երիտասարդությունը
Լուսանկարները՝ Վրույր Հլղաթյանի, YereMUN կազմակերպության, դիվանագիտական ներկայացուցչությունների