Թեմա՝ «Հայկական մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին»
Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․
Հայկական մշակույթի զարգացման պայմանները
Հայկական մշակույթի զարգացման պայմանները։ Մշակույթի զարգացման համար նոր ժամանակների սկզբնական փուլում հայրենիքից դուրս՝ գաղթօջախներում, առաջացել էին նպաստավոր պայմաններ։ XVII դարի երկրորդ կեսից հայկական մշակութային օջախները, պահպանելով հայոց ազգային ավանդույթները, միաժամանակ առավել սերտորեն էին առնչվում եվրոպական քաղաքակրթության նվաճումների հետ, որը բարերար ազդեցություն էր գործում հայ մշակույթի և կրթության զարգացման վրա։
Առավել մեծ ծավալ է ընդունում գրատպությունը։ Մասնավորապես տպագրվում է թարգմանական և ազգային աշխարհիկ գրականություն։ Հանդես են գալիս հրապարակախոսական աշխատություններ, քննարկման է դրվում հայրենիքի ազատագրության ուղիների հարցը։
Գաղութահայության հայացքն ու ուշադրությունն ավելի մեծ չափով է ուղղվում դեպի հայրենի երկիր։ Մշակութային նախորդ կենտրոններին ավելանում են ռուսահայ և հնդկահայ կենտրոնները։ Կարևոր դեր է ստանձնում Հայ եկեղեցին։ Նոր շրջանի սկզբնական փուլում, չնայած քաղաքական ծանր իրավիճակին ու մեծ կորուստներին, Հայաստանում ոչ միայն շարունակվել են նախորդ դարաշրջանների կրթական ավանդույթները, այլև օգտագործվել են նոր հնարավորությունները։ Հայաստանի բուն տարածքից դուրս՝ հայկական համայնքներում ևս, աշխուժանում է կրթական գործը, որ պայմանավորված էր նաև հայկական գաղթօջախների ստվարացմամբ։
Հայկական լուսավորականությունը
XVIII դարի հայ գրական-հրապարակա-խոսական ու քաղաքական մտքի, առաջադիմական մտածողության ձևավորման և տարածման գործում կարևոր դերա կատարում ունեցավ Մադրասի խմբակը: Եվրոպայի լուսավորական շարժման ազդեցությամբ հնդկահայ գործիչները` Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր և Հակոբ Շահամիրյանները ձևավորեցին հայ լուսավորական գաղափարախոսությունը: Լուսավորության և կրթության, ազգային-ազատագրական պայքարի և հանրապետության մեջ տեսնելով հայրենիքի ապագան՝ նրանք մերժում էին միապետական կարգերը։ Նրանց հրատարակած գրքերում տեղ են գտել ժամանակի առաջադիմական շատ գաղափարներ: Ըստ Շ. Շահամիրյանի` միակ իշխանությունը պետք է լինի օրենքի իշխանությունը։ Օրենքը որոգայթ է բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն չարաշահել իրենց պաշտոնեական դիրքը և կկատարեն ինքնակամ, ազգային-պետական շահերին հակասող գործողություններ:
Տպագրությունը
Հայոց գիտության պատմության համար մեծ արժեք ունի 1695թ. Ամստերդամում Վանանդեցիների ջանքերով կազմված և տպագրված «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտեզը: Քարտեզագրության ինքնատիպ ու եզակի նմուշ է Երեմիա Չելեպի Քեոմուրճյանի կազմած Հայաստանի քարտեզը: Գիտագործնական նպատակներ են հետամտել նաև մաթեմատիկայի բնագավառի ուսումնասիրությունները: 1675թ. Մարսելում լույս է ընծայվում գերմանացի մաթեմատիկոս Ք. Կլավիուսի «Գործնական թվաբանության համառոտ շարադրանք» աշխատության հայերեն թարգմանությունը: Մաթեմատիկական գիտության զարգացման համար կարևոր ձեռնարկում էր XVII դարի սկզբներին Եվկլիդեսի «Երկրաչափության» հայերեն նոր թարգմանությունը:
Հայ մշակույթի զարգացման ասպարեզում մեծ է Վենետիկի Մխիթարյան միաբանության դերը: Հայ տպագրության մեջ ևս վիթխարի է Մխիթար Սեբաստացու և նրա հիմնած Մխիթարյան միաբանության հրատարակչական գործունեության նշանակությունը: XVIII դ. առաջին կեսին հրատարակվեցին Մխիթար Սեբաստացու կազմած «Դուռն քերականութեան Աշխարհաբար լեզուին Հայոց», որը կազմված էր թուրքախոս դարձած հայերին կրկին հայոց լեզուն հասու դարձնելու համար: Ապա լույս տեսան «Քերականութիւն գրաբարի լեզուի Հայկազեան սեռի», «Բառգիրք Հայկազեան լեզուի» աշխատությունները, «Համատարած Աշխարհացոյց» քարտեզը և այլ երկեր:
Առաջին հայ պարբերականը
Հնդկաստանի տարբեր քաղաքներում հաստատված հայ բնակչության աշխույժ հասարակական կյանքը կազմակերպելու և ուղղորդելու անհրաժեշտությունն առաջադրեց նաև պարբերական ունենալու պահանջ։ 1794-1796 թթ. Մադրասում Հարություն Շմավոնյանի նախաձեռնությամբ և հենց իր տպարանում լույս ընծայվեց հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։ Այն ուներ քաղաքական, տնտեսական և լուրերի բաժիններ, տպագրվում էին նաև բանավիճային ու պատմական բնույթի հոդվածներ։
Հայ ժողովրդին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով 1799 թ․ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը Ղուկաս Ինճիճյան վարդապետի խմբագրությամբ սկսեց հրատարակել «Տարեգրություն» պարբերականը (1799-1802)։
Պատմագիտությունը
XVII դարի երկրորդ կեսից զարգացում ապրեց նաև հայոց պատմագրությունը: Պատմիչներից նշանավոր էր Առաքել Դավրիժեցին, որի հեղինակած «Պատմությունը» իր ժամանակաշրջանի կարևորագույն աղբյուրներից է: Նույն դարի երկրորդ կեսին են ստեղծագործել Զաքարիա Քանաքեռցին, Երեմիա Չելեպի Քեոմուրճյանը, որոնց պատմագիտական աշխատություններում լուսաբանվել են ոչ միայն բուն Հայաստանի, այլև Օսմանյան կայսրության մեջ ու Պարսկաստանում տեղի ունեցած իրադարձությունները: XVIII դարում ստեղծված կարևոր պատմագիտական երկերից են Եսայի Հասան-Ջալալյանի «Համառոտ պատմություն Աղվանից», Աբրահամ Երևանցու «Պատմություն պատերազմաց», Ստեփանոս Շահումյանի «Պատմութիւն Դավիթ-բեկին» և այլ աշխատություններ:
Հայ իրականության համար դարակազմիկ նշանակություն ունեցավ Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» եռահատոր աշխատությունը (1784-1786): Այն ոչ միայն առաջին անգամ ամբողջական պատկերացում էր տալիս հայ ժողովրդի անցած ուղու մասին, այլև օգտագործել է մինչ այդ անհայտ շատ սկզբնաղբյուրներ: Չամչյանի աշխատությունը հայ ժողովրդի զավակներին հաղորդում էր արժանապատվություն ու ազգային ինքնագիտակցության հզոր լիցք: Միքայել Չամչյանի «Պատմութիւն հայոց»-ը մեծապես նպաստել է հայ պատմագիտական մտքի զարգացմանը:
Գեղարվեստական գրականությունը
Այդ ժամանակ չափածո ստեղծագործություններով հայտնի են դառնում Պետրոս Ղափանցին, Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան և ուրիշներ: Նաղաշ Հովնաթանը ոչ միայն բանաստեղծ էր, այլև նկարիչ, երաժիշտ։ Նա մշակութային մեծ ժառանգություն թողած Հովնաթանյան տոհմի հիմնադիրն էր:
Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) XVIII դարի սիրված բանաստեղծ ու երաժիշտ էր: Նա թեև ապրում էր Թիֆլիսում, սակայն ստեղծագործում էր երեք լեզուներով։ Նրա երգերը տոգորված էին սիրո, արդարության, ճշմարտության, գաղափարներով։ Իր երգերում նա դատապարտում էր անազնվությունը, սոցիալա կան անհավասարությունը և պաշտպանում մարդկային արժանապատվությունը: