Մարտի 18-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, խորհրդանշականորեն հանճարեղ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, հասարակագիտական մասնախումբը նախաձեռնել էր հանդիպում ՀՀ Գերագույն Խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Աշոտ Ոսկանյանի հետ։

Մասնակիցների շարքում էին միջին դպրոցի և հետազոտական վարժարանի սովորողներ, պատմության ընտրությամբ գործունեության խմբի սաներ, քոլեջի ուսանողներ, հասարակագետ-դասավանդողներ, կրթահամալիրի հիմնադիր-տնօրենն ու շրջանավարտներ, հյուրեր և այլ շահագրգիռ անձինք։

Հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաներն էին՝

  • 44 պարտություն, 2020թ. արցախյան պատերազմը, իրողություններ ու հետևություններ
  • Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը 
  • Արժեքների վերարժևորում

Հանդիպման նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ համակարգող-դասավանդող Արմեն Ոսկանյանի բլոգում.

Քննարկումը մեկնարկեց տիար Բլեյանի բացման խոսքով. ելույթի ընթացքում հիմնադիր-տնօրենը ներկայացրեց Տիգրան Հայրապետյանի գործունեությունը, հասարակագիտական ստուգատեսը, որի մասին ավելի մանրամասն խոսեց հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին ստուգատեսի ուղղությունները, անցած և գալիք հանդիպումները ոլորտի մասնագետների հետ։

Այնուհետև ելույթ ունեցավ մեր հյուրը՝ «44 պարտություն» գրքի համահեղինակ Աշոտ Ոսկանյանը՝ պատմելով վերոնշյալ կենտրոնի ստեղծման նպատակը և զարգացման պատմությունը, գործունեության ուղիները, հետազոտությունների շրջանակը։ Դրանից հետո ծավալուն և երկարատև ելույթով ներկայացրեց «44 պարտություն» գրքի ստեղծման նպատակը, լույսընծայման գործընթացը, առերեսվող խնդիրները, հանրության շրջանում ստացած տպավորություններն ու կարծիքները և այլն։ Համահեղինակը մասնավորապես կենտրոնացավ ներքոհիշյալ կետերի վրա և համապատասխան արձանագրումներ կատարեց.

  • Ինչո՞ւ է գրքույկի վերնագիրը «44 պարտություն», դրանից առաջ քննարկված վերնագրերն ու նրանց անհամապատասխանելիությունը, արտահայտող իմաստն ու նշանակությունը,
  • Գրքույկի շարադրանքն ու գլուխները, համահեղինակներ Վիգեն Չըթըրեանի, Մկրտիչ Կարապետյանի և Կարեն Հարությունյանի աշխատությունները, հոդվածները և քարտեզը,
  • Հայ ժողովուրդը, պարտության հետ առնչվելով, այն ընդունելով, հանգամանքները քննելով և հետևություններ անելով, խնդիրները լուծելու, վերահաս վտանգի հավանականությունը նվազեցնելու ու մարտահրավերները հաղթահարելու պատրաստակամություն և վճռականություն պետք է արտահայտի,
  • Սույն հետազոտությունը դեռ սկիզբն է. առջևում սպասվում են նոր ուսումնասիրություններ, որոնք շեշտադրելու են հատուկենտ թեմաներ՝ Արցախյան առաջին պատերազմ, Հետպատերազմյան շրջան, 2016-ի քառօրյա պատերազմն ու հանրության արձագանքը,
  • Հետազոտության հրապարակման և լույսընծայման հետ զուգահեռ հասարակության շրջանում արծարծվող իրարամերժ կարծիքներն ու քննադատությունները, գրքույկի խմբագրման առաջարկությունները,
  • Հեղինակները հույս ունեն, որ մեծածավալ, բայց միևնույն ժամանակ դյուրընթեռնելի հետազոտությունն առավել մեծ հայտնիություն ձեռք կբերի և ավելի մեծ լսարան կընդգրկի իր քննարկումների ու բանավեճերի տիրույթում,
  • Գրքույկի բուն նպատակն է համապարփակ ու չեզոք դիրքից ներկայացնել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրա ընթացքը, թե՛ դիվանագիտական, և թե՛ ռազմական ձախողումներն ու հաջողությունները,
  • Գրքույկի դիզայնի նշանակությունն ու գաղափարը,
  • Համեմատական չեզոքությունն ու օբյեկտիվությունը, որն ըստ էության՝ ձևավորվում է երկու հակասող հայտարարությունների շնորհիվ, փորձ են անում բացահայտել իրական դեպքերը՝ իրական ականատեսների ու ներգրավվածների վկայություններով։

Ժնևի համալսարանի ականավոր դասախոս, գրող և լրագրող պարոն Չըթըրեանը երեսունին մոտ հարցազրույցներ էր վերցրել պատերազմական գործողություններում ներառված զինծառայողներից ու գործիչներից, ինչպես նաև ռազմաքաղաքական ղեկավարության վերադասից, այդ թվում՝ ՀՀ նախկին պաշտոնյաներից, նախագահներից և ՀՀ գործող վարչապետից և այդ բոլոր նյութերով հանդերձ՝ վերլուծություններ արել։

«2020-ի պարտության կիսապատասխան հարցեր» բաժինը խմբագրել էր Կարեն Հարությունյանը, ով փորձել էր ամբողջացնել պատերազմի ընթացքում ի հայտ եկած անհանգստացնող հարցերն ու հարցադրումները, որոնց պատասխանները քիչ թե շատ տրվել են հետազոտության մեջ։

Այսպիսի ծավալուն ներկայացումից հետո, հետազոտական վարժարանի սովորողները բարձրաձայնեցին իրենց հարցերը՝ կապված «միկրոմենեջմենտ» տերմինի և դրա՝ քաղաքական-դիվանագիտական շփումների ժամանակ դրսևորման, պատերազմի ընթացքի, ռազմաքաղաքական դաշնակիցների գործողությունների, Ղարաբաղյան շարժման, Առաջին Արցախյան պատերազմի և դրա հետևանքների, ժողովրդի վերաբերմունքի ու համոզմունքների հետ, և պարոն Ոսկանյանը հանգամանալից և մանրամասն պատասխանեց բոլոր հարցերին։

Քննարկման վերջին հատվածում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Աշոտ Ոսկանյանին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից նվիրվեց «Սեբաստացի» գինին՝ ուսանողների ձեռքով պատրաստած։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու հետագա համագործակցությունը հետազոտությունների, բանախոսությունների ոլորտներում։