Գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու կամ դադարեցնելու նպատակով քաղաքացիների և իրավաբանական անձանց գործողությունն է։ Գործարքները կարող են լինել միակողմանի, երկկողմանի կամ բազմակողմանի։
Գործարքները գիտակցված, նպատակամղված գործողություններ են, որոնց կատարմամբ անձինք ձգտում են հասնել որոշակի իրավական հետևանքների: Օրինակ՝ ձեռք բերել ինչ-որ գույք, օտարել գույքը և այլն:
Գործարքները կարող են լինել միակողմանի և երկկողմանի: Միակողմանի գործարք է, օրինակ՝ կտակը, որի կատարման համար բավական է, որ մի կողմն արտահայտի իր կամքը: Երկկողմանի (բազմակողմանի) գործարքի կատարման համար անհրաժեշտ է երկու և ավելի անձանց կամքի արտահայտություն: Այդպիսի գործարքի օրինակ է պայմանագիրը: Հետևաբար, գործարքները, որոնցում առկա են երկու և ավելի կողմեր, կոչվում են պայմանագրեր: Այսինքն՝ ամեն մի պայմանագիր գործարք է, բայց ոչ բոլոր գործարքներն են պայմանագիր: Գործարքները, որոնց կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք և ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը, կոչվում են պայմանագրեր:
Գործարքները կարող են ունենալ բանավոր կամ գրավոր (նոտարով վավերացված, հասարակ գրավոր, պետական գրանցման ենթակա) ձև։
Բանավոր գործարքը գործարքի այն տեսակն է, երբ կողմերը իրենց կամքը արտահայտում են բանավոր խոսքի միջոցով։ Օրինակ, դա կարող է լինել փոքր առևտրային գործարք, որտեղ գնորդը գնում է ապրանքը խանութից՝ վճարելով կանխիկ կամ անկանխիկ ձևով։ Այսինքն՝ բանավոր գործարքն իրավական հետևանքներ չի ունենում։ Գործարքը, որ կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը։ Այդպիսի վարքն անվանում են կոնկլուդենտ։ Օրինակ՝ ավտոմատի մեջ դրամ գցելով՝ անձը ցանկություն է հայտնում գնել ավտոմատում պարունակվող ապրանքը։
Գործարքը գրավոր կերպով ձևակերպող ցանկացած փաստաթղթի պարտադիր հատկանիշ է համարվում գործարքը կնքող անձի (անձանց) ստորագրությունը(ները): Եթե անձը ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ անձ: Նրա ստորագրությունը վավերացնում է նոտարը՝ նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել ստորագրել այն: Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու գործարքը դարձնում է վիճահարույց։
Գործարքների նոտարական վավերացումը. Նոտարիատը հատուկ պետական մարմին է, որն օրենքի հիման վրա կատարում է իրավական նշանակություն ունեցող գործողություններ, ինչպես նաև հաստատում է իրավաբանական փաստեր։
Գործարքի նոտարական վավերացումը կատարվում է գրավոր կնքված գործարքի փաստաթղթի վրա՝ նոտարի կողմից վավերացնող մակագրությամբ։ Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է՝
- օրենքով նշված դեպքերում,
- կողմերից մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում։
Գործարքի պետական գրանցումը. Շատ գործարքներ, եթե նույնիսկ կնքվել են պատշաճ ձևով, ուժ չունեն, քանի դեռ գործարքը կամ նրանից բխող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա են անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքները:
Անվավեր գործարքները լինում են վիճահարույց և առոչինչ: Գործարքի վիճահարույց լինելը նշանակում է, որ անհրաժեշտ է ապացուցել գործարքի վավերության համար նշանակություն ունեցող որևէ փաստ: Վիճահարույց գործարքը վավեր կարող է ճանաչել միայն դատարանը՝ օրենքով սահմանված հիմքերով: Առոչինչ գործարքներն անվավեր են օրենքի ուժով:
Անվավեր գործարքների հատուկ տեսակներ են կեղծ և շինծու գործարքները։
Կեղծ է առերևույթ, առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, օրինակ՝ կողմերը կնքել են առքուվաճառքի պայմանագիր, սակայն առերևույթ, առանց դրա կատարման։ Կեղծ գործարքը առոչինչ է։
Շինծու գործարքով քողարկվում է մեկ այլ գործարք։ Օրինակ՝ հաստոցն իրականում վաճառվել է, սակայն փաստաթղթով այն ձևակերպված է որպես վարձակալված գույք։ Շինծու գործարքը ևս առոչինչ է։ Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս։
Նոտարն ու նրա գործառույթները
ՀՀ օրենքը Նոտարիատի մասին, հոդված 3
1. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:
2. Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:
Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:
Նոտարն իրավունք ունի մատուցելու նաև ծառայություններ, ընդ որում` տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:
3. Նոտարի ստորագրությամբ ու կնիքով վավերացված կամ հաստատված փաստաթուղթն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ: