Բավականին սեղմ ժամկետներում ընթերցեցի հայ ականավոր հրապարակախոս, գրող ու հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը նվիրված է հրաշափառ ու վեհանձն Կոմիտաս վարդապետի կյանքին ու գործունեությանը։ Առաջարկում եմ նախ և առաջ ճանաչել մեր մեծանուն գործիչ Սևակին և ծանոթանալ նրա խորդուբորդ գրական կարիերային։

Կյանքի ժամանակագրությունը

  • Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: 
  • 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
  • 1945-1946թթ. աշխատել է «Ավանգարդ»-ում:
  • 1945-1949թթ. աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:
  • 1949-1951թթ. աշխատել է «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ:
  • 1951-1956թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում:
  • 1955-1959թթ. դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
  • 1966-1971թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:
  • 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
  • Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:
  • 1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:

Պատմում են, որ Պարույր Սևակի թաղման օրը գյուղի մոտ հավաքված երեխաները կրում էին մի մեծ պաստառ, որի վրա գրված էր. «միթե՞ այսօր պիտի լռի զանգակատունն անլռելի»։ Իհարկե ոչ, Սևակի զանգակատունն անլռելի մնաց մինչ օրս, ու եթե վթարը (մահվան պատճառը) դժբախտ պատահար էր և անժամանակ խլեց բանաստեղծի կյանքը, ապա Սևակին լռեցնել ցանկացող խորհրդային հասարակարգը չկարողացավ խլել հավերժ խոսելու նրա կարողությունը։

Պարույր Սևակի կենսագրության մասին ավելին կարող եք ընթերցել՝ անցնելով հղմամբ.

Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։

Ստորև կփորձեմ աշխատությունն ամփոփել՝ կենտրոնանալով իմ կողմից առանձնացված կետերի վրա, որոնք կուղեկցվեն Սևակի երևելի խոսքերով ու քաղվածքներով։

Մեծն Կոմիտասը պոեմում մարմնավորում է մի տանջված, կյանքի կողմից ամենատարբեր կտտանքների ենթարկված, եղեռն ու հարազատների անժամանակ վախճան ապրած, խելագարված, կորսված հայրենիքի գինը ճանաչած, բայցև ուժեղ ու տոկուն, հաստատակամ ու պայքարող հայի, որը դեռ կյանքի ազդակներ է ցույց տալիս։ Պոեմի կառուցվածքն հիմնված է Կոմիտասի երգերի վրա, որոնք հաջորդականությամբ պատմում են երգահանի կյանքի փուլերը: Որբությունը ներկայացնում է «Անտունի» երգը, պանդխտությունը՝ «Կռունկը», սերը՝ «Սոնա յարը»: Պոեմում Կոմիտասի կյանքը և ժողովրդի պատմությունը միասնություն են: «Ցայգալույսի համազանգի» առաջին մասում, որը կոչվում է «Ղողանջ ավետիսի», նկարագրվում է Սողոմոնի ծնունդը՝ 1869 թվականին (նույն տարում են ծնվել նաև Թումանյանը, Շանթը)։

Ի հեճուկս բազմաթիվ փորձությունների՝ Կոմիտասն իր կյանքը դրականորեն փոխելու ամենալավ լուծումներից մեկը տեսնում էր զավակ ունենալու մեջ։ Նա երազում էր.

Որ տան անկյունում օրորոց դրվեր,
Կամարից կախվեր հուռութ-խաղալիք,

Եվ ինքն էլ հակված նանիկ-նայ ասեր,
Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր

Ու հոր թղթերը խառներ-խզբզեր,
Անվերջ բլբըլար…

Սակայն ճակատագիրը նրա համար ուրիշ պլաններ էր գծել, և հանրաճանաչ վարդապետն այդպես էլ իր կյանքի ընթացքում ո՛չ ամուսնացավ, ո՛չ էլ գլխավոր իղձն ի կատար ածեց, բայց այդուհանդերձ թողեց մի մեծ ու պատվաբեր ժառանգություն՝ քաղցրահնչյուն ժողովրդական և ազգային պարերգերի, տաղերի տեսքով։

Պոեմում հատուկ ընդգծվում են հետևյալ թեմաները.

  • Որբությունն ու նրա հոգեբանական ազդեցությունը Կոմիտասի՝ իբրև անհատի զարգացման և կայացման գործում,
  • Հոգևորականի կյանքը վանքում, ամենօրյա աղոթքներն ու ծիսակարգերը,
  • Ամեն ուր հայ ազգային երգերը երգելու և դրանք սովորեցնելու անմար ցանկությունը,
  • Ուսումնարանում տարբեր աշակերտների հետ համատեղ կյանքն ու դրա դժվարությունը՝ սեփական ձայնային բացառիկ ունակություններին ազատություն տալու սահմանափակման ձևով,
  • Մեսրոպատառ հայերենի տարածման և գործածության էականությունը,
  • Հայրենիքը՝ հասարակ հայ մահկանացուի աչքերում. աննվաճ, զարկված, քանդված և ավերված, բայց հոգով՝ անպարտ,
  • Պատերազմների, խոշտանգումների, ցեղասպանության հանդեպ արդարության և արդարադատության բացակայությունը,
  • Հայերի թողած ժառանգությունը բազմամշակույթ Կոստանդնուպոլսում,
  • Պոլսի երգչախմբի ստեղծման պատմությունը, հին երկերին նոր շունչ հաղորդելու ցանկությունն ու իրագործումը, երգչախմբի՝ որպես մի հոգու և կամքի ընկալումը,
  • Ռուս-տաճկական և համաշխարհային պատերազմների ընթացքները, վեհաժողովներում ընթացող բանակցությունների հակիրճ նկարագրերը, կողմերի շահերն ու հայերի՝ օգնության պաղատանքների դիմաց նոր զիջումներ ու կորուստներ ունենալը,
  • Համեմատությունները միջին դարի Հայաստանի, Վարդանանց հերոսամարտի, Սասնա ծռեր էպոսի հետ,
  • Հայ ինքնությունն ու ազգային բնավորության հատկանիշները։

Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից։

Անդրադառնանք որոշ հետաքրքրական պատրվակների.

1881թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը, ով նույնիսկ հայերեն չիմանալով այնքան բաղձալի ու անուշաձայն է երգում հայերեն, որ Նորին Սուրբ Օծությունը զարմանքից տատանվում է և վճռականորեն որոշում օգնել հայ պատանուն, ում հոգևոր երգարվեստի բնագավառում մեծ հաջողություններ էին սպասվում։

Միջազգային Ընկերության Համաժողո՜վ:
Եվ սյունազարդ սրահներում լուսաողող
Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից՝
Զեկուցումներ,
Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից՝
Երգ-ցուցումներ:
Իսկ բովանդակ ու բազմազգի Արևելքից՝
Մե՛կը միայն…

Օրկեստրի տեղ միայն մի… պարզ ծիրանի փող
Եվ, փոխանակ մենակատար անհատների,
Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին,

Ու… մի փոքրիկ, փայտե մի փող
Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով…

Եվրոպական քաղաքներից մեկում՝ համաժողովի ժամանակ, ինչքան էլ հասարակական-իրավական ու բարոյական օրենքները թույլ չէին տալիս, Կոմիտասը դուդուկով աննման ելույթ է ունենում, որը դեռ երկար ժամանակ հոգեբանական խորը ներգործություն է ունենում համաժողովի մասնակիցների վրա, և որոնք ավարտին հոտնկայս ծափողջյուններով մեծարում են հրաշափառ հայորդուն։

Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝
Հո՛ր շնչով շնչող,
Հո՛ր ձայնով հնչող.
Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն:
Շուրջ 300՜…

1910թ. աշնանը Կոմիտասը, տեղափոխվելով Կոստանդնուպոլիս, հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով, ինչպես նաև պարբերաբար համերգներ տալիս եվրոպական մի շարք քաղաքներում։

Պատահական չէ, որ հեղինակը վարդապետին կոչում է «Հայոց Երգի Վեհափառ, մեր երգի Մեսրոպ Մաշտոց, Հայոց երգի գիր ու տառ»։ Վարդապետի թողած ժառանգությանն անհնար է առանց ակնածանքի ու պատկառանքի դիտել, քանզի այդ սրբագույն մարդն իր կարճատև կյանքի ընթացքում այնքան անիրագործելի թվացող աշխատություններ է գրել ու լույսընծայել, որ բազմաթիվ օտարերկրացի անվանի գործիչներ միասին չէին կարող գլուխ բերել դրա մի մասը։ Սևակը խազերի վերծանման գյուտը համեմատում է Մաշտոցի ստեղծած այբուբենի հետ: Եվ Կոմիտասին նույնքան դիվանագետ է համարում, որքան Մաշտոցին, որը նույնպես հասկանում է ժողովրդի գոյաբանական առաքելության խնդիրը:

…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբութիւնը չէ, այլ մասունքը հանուր մարդկութեան… Այդ լեզուի խնամքը, նրա անաղարտութիւնն ու պաշտպանութիւնը դրուած է մեր վրայ։

«Անլռելի զանգակատան» տողերը՝ որպես Կոմիտասի գործունեության, հայերի նկատմամբ ախոյանների ատելության մշտնջենական առհավատչյա

Ստորև կթվարկեմ պոեմի պատառիկներ, որոնք կնկարագրեն հայ ժողովրդի այն ժամանակվա նիստուկացը, առօրյան, ցեղասպանության և հետ-ցեղասպանական ապրումներն ու զգացումները, հայ ժողովրդի ինքնատիպ ավանդական-ազգային բնութագրիչներն ու յուրահատկությունները և՛ լավ, և՛ վատ կողմերից, որոնք իրենցով շատ խորիմաստ են ու ընդմիշտ խորհելու ծածուկ գաղափարներ են հաղորդում։

Թաքուն-բացահայտ մեզ էր բանսարկում՝
Մի ամբողջ ազգի հեշտորեն զրկում՝
Իր անկապտելի երգից ու պարից,
Մի ողջ ժողովուրդ կապում օտարից։

Սույն տողերը հատուկ կտրված են համատեքստից, քանզի բուն խոսքը վերաբերում է հայերի՝ օտարներին հեշտորեն նույնիսկ սեփական կյանքը վստահելու թերությանը և հետագայում նրանցից թիկունքից հարված ստանալու անսպասելի հնարավորությանը։

Քեզ հարվածողին որպեսզի զարկես
Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես,
Պիտի զարկողին իր զարկից զրկես:

Թե ոստայնի պես ստեր են հյուսում,
Եվ դու կեղծիքը ճեղքել ես ուզում,
Պիտի սովորես ստողի լեզուն:

Վերոնշյալ գրվածքը կոչ է բոլորիս՝ մշտապես արթուն և զգոն մնալու՝ ներքին ու արտաքին թշնամիներին դիմադրելու համար։

Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում.
Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից:

Եվ իրապես, հայն այնքան տաժանակիր ու չարաբաստիկ եղելությունների միջով է անցել, որ նրա համար զարմանքն այլևս որպես զգացողություն գոյություն չի։

Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝
Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում
Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.
Թող կթե՛ն, շորթե՛ն,
Միայն… չմորթե՜ն,
Միայն…

Բանտ թուրքակա՛ն
Եվ պատրաստված… հայի՜ համար.
Քստմնելի լլկանքների՛,
Անպատվությա՛ն,
Ոչ թե արդեն երազելի մահի՜ համար,-

Այնքան դժվար ժամանակներ էին, որ հայ ժողովուրդն արդեն հաշտվում էր այն մտքի հետ, որ ապագայի պայծառ կանխատեսումների ու երազանքների փոխարեն նրանք մաքառելու են գոյատևման և չմորթվելու համար։ Լլկանքների ու կտտանքների պատճառով, մահն հետզհետե երազանքի էր վերածվում…

Եվ Նիկոլայի աչքը ոխակալ
Ամենուր ու միշտ
Եվ ամենքի մեջ,
Անգամ երազո՜ւմ,
Տեսնում էր անվերջ
Միայն «տեռորիստ», «հեղափոխական»,
Միայն «դավադիր», միայն «սոցիալիստ».
Թվում էր նրան կայսրությունն իր ողջ
Մի անծայրածիր ստեպ օձալից…

Պոեմի բովանդակության մեջ կան պատմական իրողությունների հետաքրքիր մեկնաբանություններ։ Օրինակ՝ Նիկոլայ ցարի կառավարման մեթոդն ու վերաբերմունքը դեպի պետությունը, հեղինակն, ըստ էության՝ անվանում է օձալից ստեպ, այսինքն՝ վտանգաշատ փորձանք։

Բանաստեղծ լինել և չունենալ ազգային պատկանելություն՝ անհնարին է, ինչպես հնարավոր չէ լինել լույսի ճառագայթ և չանդրադառնալ ջրում։ Այո՛, մեր նախնիները մեզ աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել։ Բայց մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է։

Հայոց դարավոր գիրն են արգելում,
Բռնագրավում վանքի հողերը.
Գանձերը չեղած,
Եղած փողերը,
Պեղում մառանը,
Շտեմարանը,
Որ մի անգամ էլ քամվածը քամեն:

Հայերից խլում են արդեն բյուրապատիկ անգամ խլվածը. մինչև վերջ քամում են…

«Դուք ունեք սուլթան,
Մենք ունենք աստված»:

Կարճ հայության՝ Տիրոջ ընկալման մասին։ Նույնիսկ ամենադժվարին պահին մենք չենք կորցրել հույսն ու մեր հայացքներն ուղղել ենք առ Աստված՝ մտքներումս աղոթելով ու Աստծուց խաղաղություն տենչալով։

Բոյը թիլ-թիլ,
Բեղը ծիլ-ծիլ
Ջահել տղերք,
Տղամարդիկ մացառմորուք,
Կուրծքը՝ փռչոտ,
Դեմքերն՝ այրված,
Աչքերն՝ այրող,
Հագած-կապած՝

Կռիվ մեկնող արի տղամարդկանց արտաքին նկարագիրը։ Ընդհանրապես, Սևակն այս առումով շատ հմուտ է և մասնագիտացած։

Մարդիկ օղուն գինին խառնում
Ու մոռացած դարդ ու ցավեր՝
Հանձնվում են ուրախության:

Նմանատիպ դեպքեր, ցավոք, այսօր էլ կան։ Ակներև է, որ պատերազմ գնալիս պետք է գնալ ուրախությամբ և հպարտորեն, սակայն հայերն ունեն «դարդերից ազատվելու և անդադար տոնելու» առանձնահատկություն՝ անկախ հանգամանքներից, նույնիսկ ցավալի օրերին։

Կանանց կռնակներին պագշոտորեն աչք գցելով,-
Պիտի գնան գյուղի ժամտուն,
Լսեն փոշոտ-մաշված խոսքեր գրաբարի՝
Հասկանալով իմաստը լոկ երկու բառի.
-Տե՞ր ես, որդեա՛կ…

Սա ևս կյանքն ու հայկական ավանդույթներն խորությամբ չըմբռնելու և անտարբեր վերաբերվելու մասին է։ Ցավալի է, բայց՝ փաստ, որ ամենքս էլ նման դեպքերին առնչվում ենք, երբ գլուխ չենք հանում որոշակի բաներից։ Բայց դա չպետք է լինի այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է պետությանն ու կրոնին։

Չպիտի մոռանալ, որ եթե գինին հնությունից թնդանում է, ապա պոեզիան հնությունից քաղցրանում է։

Պատկառելի մի նոր տաղով
Կանչեն փեսի պապ ու տատին,
Հորն ու մորը,
Քուր-ախպորը՝
Ամեն մեկին մի տուն խաղով.

Աչքի համար անտես մի պատ
Պիտի քանդեն իրենց ուսով.
Հետո, հանկարծ, ամբողջ ուժով,
Ասես իրար խիստ կարոտած՝
Պիտի ամուր գրկեն իրար
Մեջք ու իրան
Եվ թի՜ռ՝ թռչեն մեջքագրկուկ:

Վերոնշյալը հայկական ավանդական հարսանեկան ծիսակարգի նկարագրում է, երբ հայերն ըստ հերթականության (պապուց՝ թոռ կամ թոռանից՝ պապ) նշում են և խմում են ավագ և մատաղ սերնդի ներկայացուցիչների, իրենց հետ որևէ կերպ փոխկապակցված անձանց կենացը, որից հետո գալիս է պարաշրջան կազմելու և անդուլ-անդադար ժողովրդական պարեր կատարելու ժամանակը։ Եվ սրանք, ըստ իս, հարսանյաց և այլ ուրախ տոնակատարությունների անբաժան, կարևոր ու խորհրդանշական և միայն հայերին բնորոշ երևույթներն են։

Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արևելք՝
Միաշերտ ու միաշուրթ,
Դժոխքի պես մոտակա,
Դրախտի պես հեռավոր,-
Հիմա արդեն Եվրոպան
Գտավ մի նոր ժողովուրդ
Եվ հասկացավ, որ ունի
Նա մի անցյալ դարավոր,
Երակներում հոսք ու եռք
Բազմադարյան
։

Մարմին է դառնում Անուշ օպերան,
Որ էլ հարց չտա հեգնող Ֆիգարոն,
Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն…

Նշանավոր մի շարք հայերի, և հատկապես՝ Կոմիտաս վարդապետի ջանքերի շնորհիվ է, որ Եվրոպայում և համայն աշխարհում մեզ սկսեցին ճանաչել և ընկալել որպես բազմադարյա ինքնատիպ մշակույթ ու հարուստ պատմություն ունեցող, բարեհամբույր և հյուրընկալ ազգ ու ժողովուրդ ծնող երկիր։

Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ
Քո հողերում մենք ենք թաղել,
Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել:
Քանի՜-քանի՜ հայ սերունդներ
Ցանել են սերմ, ցրել հունդեր
Ու հասցըրել բերք ու բարիք.
Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՛ք…

Դու՝ դարավոր մի հանելուկ,
Մենք՝ դարավոր մի առեղծված.
Դու՝ էն գլխից սրբապղծված,
Եղծվա՛ծ,
Կեղծվա՛ծ
Մի չար տաճար,
Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ…

Ներսից՝ գեհեն,
Դրսից՝ եդեմ։

Այստեղ նկարագրվում է քաղաքակրթության օջախ Կոստանդնուպոլիսը՝ իր դրական և բացասական կողմերով։

Հազարի նման մի հայ վարդապետ,
Մի մարդ էր,
Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա,
Մի մարդ էր,
Սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա։

Սողոմոն Սողոմոնյանի խելքի, մտքի, խղճի և գործի նկարագիր… Հազարից մեկ ծնվող մեծատառով հայորդի։

Հայկական հարցից Թուրքիան ազատվեց
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ
Եվ մինչև անգամ իրենց՝ թուրքերի
Արյունով հունցված սև պատմության մեջ:

Օսմանյան տերության՝ Հայկական հարցից ազատվելու արյունարբու ծրագրի մասին։

Միևնույն մարդիկ
Մեր սուրբ մայրերի հանճարներ սնած ծիծն էին փրթում
Եվ՝ չգոհացած սառն ու տաք զենքից՝
Մոր աչքի առջև
Քարերով էին փշրում ու ջարդում
Գանգերը նրա՛նց,
Ովքեր ստեղծում
Ու բանաստեղծում,
Հրաշքներ էին աստծու պես կերտում…

Այն վտիտներն ու թուլամորթները, որոնք ժամանակին փախչում էին ու երկչոտում ամեն թեթև բանից, Մեծ Եղեռնի տարիներին հայ գրականության և մտավորականության կարապետներին էին ցցի վրա հանում՝ առանց երկմտանքի ու խղճի խայթոցի։ Ու վատն այն է, որ դրանց շարքում մեծ թիվ էին կազմում ազգությամբ հայերը…

Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ:
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՜կ…

Առ այն, որ արդարությունն ու արդարադատությունը մեր այսպիսի արժեհամակարգ վայելող աշխարհում միշտ ստվերում է մնալու։

Օրենքները չեն ստեղծում մարդկանց, մարդիկ են օրենքներ ստեղծում։

…Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,
Ինչպես չի քերվում արյունը սրտից
Կամ գույնը վարդից:
Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում
Ինչպես դրացուն,
Այնպես էլ համայն մի ժողովրդի:
Չի ներվում և այն,
Ինչը կոչվում է առավելություն… -Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց
Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն…

…Նրանք գիտեին սիրել ու ատել,
Գիտեին խորհել ու համեմատել,
Խույս տալ ցավերից, դավերից ծպտյալ,
Ծարավել լույսին, արևին ժպտալ:
Թե անսահման էր նրանց տանջանքը,
Անծայր էր նույնքան և անրջանքը:
-Ահա՛ և նրանց ծանր հանցանքը։

Առավելություն ունեցող և կյանքին ուրիշ կողմից նայող ժողովուրդը միշտ էլ նման ճակատագրի է արժանանալու։

Որպեսզի… հողը չմնա խոպան,-
Հիմա լուսավոր այդ նույն Եվրոպան
Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,
Որ ժառանգներին Կարմիր սուլթանի
Դասեր էր տալիս՝
Եղեռնի՜ դասեր,
Դասեր նախճիրի՛, բարբարոսությա՛ն,
Իրեն պահելով… դերը բոզության:

Ըստ հեղինակի՝ Եվրոպան, առաջնորդվելով իր հետաքրքրություններով ու շահերով, «թղթի վրա» էր դասեր տալիս նույն Թուրքիային, այլ ոչ թե գործով՝ ապացուցելու, որ վայրագություններն ու ոճրագործություններն անընդունելի են այսուհետ, և միաժամանակ շողոքորթում էր՝ ավելին պոկելու նկատառումով։

Հարբած-արնախում այն թուրք զինվորին,
Որ ձանձրանալով զառերից նարդու
Կամ թուղթ խաղալուց,
Իր թուրը դրած հայ հղի կնոջ սուրբխորան փորին՝
Գրազ էր գալիս, թե ի՛նչ կբերի.
-Աղջի՞կ, թե տղա,-
Եվ մանկաբարձի նշտարի տեղակ
Թուրն էր կատարում կեսարյան հատում…

Հայոց Ցեղասպանության ժամանակ նման դեպքերը շատ են եղել, և բոլորս էլ դրան ծանոթ ենք. պարզապես հետաքրքիր է, թե մարդ ինչքա՞ն պետք է դաժան ու անխիղճ լինի, որ իր ձեռքով նման ոճիր գործի։

Գետերը մեր երերման
Հոսեցին՝ երակի՛ պես…
Արունը ջուր ա դառել…
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը՝ գերեզմանոց.

Միլիոնավոր հայերը զոհ գնացին բռնապետությանը՝ դիակներով ողողելով գետեր, ձորեր, անապատներ։

Անգամ թրից կամ գնդակից չխոցվեցին,
Այլ պարզապես… այլ պարզապես… քարկոծվեցին…

Նույնիսկ մահն արժանապատվորեն չընդունեցին, բաղձալի մահվանը դիմավորեցին լրացուցիչ ողբով, ցավերով ու գոռոցով։

Եվ իսկույն վառում մոմեր ու կանթեղ:
Վառում էր, նըստում: Ու մեկ էլ հանկարծ
Աչքերն էր շրջում այստեղից-այնտեղ.
Արյո՜ւն էր թվում բոցը կանթեղի…
Ու փչում էր նա մոմեր ու կանթեղ…

Հրաշափառի անհանգիստ ապրումներն են ներկայացվում, աղոթքներն ու աղաչանքներն առ Աստված։

Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի,
Քան թե կսկիծը որդեկորույս մոր:
Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ
Եվ սպանվածի դիակը, դիտմա՛մբ,
Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝
Ո՛չ թե մի շաբաթ,
Այլ ձի՜գ տարիներ…

Ինչը՞ կարող է լինել ավելի ծանր, քան թե հարազատի դիտավորյալ ցցի հանած դիակին նայելը։ Հոգեբանական ծանրագին հետևանքները բազմաթիվ տարեց հայերի մոտ մերօրյա իրականության մեջ էլ երևում են։

Քսա՜ն տարի մեռած-անթաղ,
Ե՛վ մահացած, և ողջանդամ
Մի սո՜ւրբ դիակ,
Սուրբ ու միա՛կ…

Ըստ երևույթին՝ այս ամենը տեսնելով, ապրելով ու վերստին զգալով, Կոմիտասն արդեն հոգեպես մահացել էր, քանզի նրա խոցելի սիրտն իր ազգի ու երկրի համար անվերջ ցավում ու լալիս էր։ Նա տեսնում էր ու զգում ամեն բան, սակայն անզոր էր որևէ բան փոխելու։

Դարեր ի վեր վառում են մեզ,
Այրում են մեզ,
Դարձնում մոխիր
Հնոցի մեջ խուլ չարության,
Խարույկի մեջ քեն ու ոխի,
Ու տաք մոխիրն անգամ թրջո՜ւմ…
Սակայն ոգին մեր հայության
Թե այրվեց էլ, ո՛չ, չի՜ կորչում.

Մեր ոգին անթառամ է ու անպարտ. ինչքան էլ, որ դարերից ի վեր մեզ փորձել են անվերադարձ բնաջնջել ու կոտորել, միևնույնն է, մենք՝ իբրև փյունիկ, վերածնվել ենք ու ավելի գոտեպնդվել։ Այս տողերը մեր խոցված, նուրբ, բայց ճիշտ ժամանակներին՝ ոտքի կանգնող, զորավոր ու անընկճելի ոգու մասին է։

Երեկ դեռ որբ ու սովագար՝
Մենք շողացինք անբավ գանձով.
Ծովից զրկված, մի ազգ անծով՝
Եվ տվեցինք մենք… ծովակալ…

Քանի՜ երգչուհի, քանի՜ հայ երգիչ,
Եվ քանի՜- քանի՜ հայ երաժիշտներ՝
Քոյասիրահար ու քեզապաշտներ,
Ելած քո ազգի բեղուն ընդերքից՝
Բեմերի վրա համայն աշխարհի
Մեր տաղ ու պարի
Թովչանքն են ցրում,
Բուրմունքը փռում
Մեր բան ու բառի:

Մենք բոլորս էլ մեզ տրված ժամանակին բարձր պիտի պահենք մեր պետության, ապա և մեր պատիվն ու անունը, եռագույն դրոշը ծածանենք՝ հզոր օրհներգի ղողանջյունների ներքո և միշտ փառաբանենք Տիրոջը, որ մեզ տվել է անկախ պետություն ունենալու կամք և ուժ, անցյալում է թողել կորուսյալ հայրենիքի անուրջները և հնարավորություն է ընձեռել աշխարհը փոխելու, այն ավելի լավը դարձնելու։

Ժողովո՜ւրդ մի ողջ սրտով վշտառու
Ելավ հերթ ի հերթ,
Եկավ շար ի շար՝
Իր խաղ ու պարի, իր տաղ ու երգի
Կախարդիչ մոգին հրաժեշտ տալու…
-Իմ կանաչ արև,
Ի՜նչ մնաս բարև…

Ահա թե ինչպես հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց Մեծն Կոմիտասին։

Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի նա բարձր է գովքից էլ, գովաբանությունից էլ։

…Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Նույն այդ պահին հայ երկնքից
Հանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգադիպո՞ւմ.
Թե՞ իսկապես երկինքն անգամ
Ողբում էր քեզ…

Ես հավատում եմ այս խոսքերին. երբեմն ծնվում են այնպիսի հզորներ ու մեծանուններ, որոնց վախճանին նույնիսկ ինքը՝ Երկիրն է արտասվում։

Այսպիսին է Մեծն Կոմիտասը՝ իսկական պայքարող, ստեղծագործող, նախաձեռնող, չհանձնվող ու աջակցող հայի մարմնավորում։ Կոմիտասն անմահ է, նրա հիշատակը՝ հավերժ։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ կա վարդապետի մի մասնիկը՝ լինի կրթվածությունը, թե զարգացվածությունը, բարությունը, թե դիմացինին օգնելու ցանկությունը, ազգայինն առաջ տանելու ձգտումը։ Պարզապես շնորհակալություն պետք է հայտնենք Պարույր Սևակին, որ կարողացել է այսքան մանրակրկիտ, ստեղծագործական գեղեցիկ իր ուրույն ոճով, պատկերավոր ներկայացնել վեհանձնի կյանքն ու գործունեությունը, և չմոռանանք Կոմիտասի հիմնական նպատակը, որն ամենքիս համար նաև հրամայական է, թե պետք է մտածենք մեր ինքնության ու ազգայինի պահպանման մասին և սկսենք գործել…