Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.

Ոմանց համար սոսկ կիսավեր տուն, որոշների համար՝ տարանցիկ միջանցք, վերջինների համար՝ կովկասյան ձյունապատ լեռնազանգվածներում կորած մի երկիր, և միայն քչերի համար՝ միակ ու սուրբ բնօրրան։

Գիտեք, շատուշատ թեմաներ կան, որոնց վերաբերյալ կարելի է խոսել ժամերով, օրերով կամ շաբաթներով, բայց միմիայն մեր երկրի մասին կարելի ու պետք է խոսել հավերժ։ Այո՛, դժվար է Հայաստանի մասին պատմելը, նրա վեհությունն ու գեղեցկությունը նկարագրելը, նրա ժողովրդին համայն աշխարհին ներկայացնելը։ Այս կողմից էլ ենք մենք յուրահատուկ. սիրում ենք մյուսներին գովել, մեծարել, բայց ինքներս մեզ՝ չենք կարողանում, քանզի համապատասխան բառեր չենք գտնում։

Հայաստանը լոկ երկիր չէ, այն վեհ գաղափար է, դարերով կերտված բնական գոհար, սրբատաշ քար, վերամբարձ ու վսեմաշուք արժեք, աննահանջ ու անպարտ ոգի։ Պատահական չէ, որ բազմաթիվ երգեր են նվիրվել մեր այսքան չարչարված, բայց ամեն մի փորձությամբ առավել ուժեղ դարձած երկրին։ Ամենևին պատահական չէ…

Այս աշխատանքը ես չեմ համարում շարադրություն, այլ զուտ մտքերի ու համոզմունքների կիսում, և այդ իսկ պատճառով չեմ նախատեսում երկար ճառաբանել։ Վերջում ընդամենը կնշեմ մեկ բան. Հայաստանը մենք գեղեցկացնում և ավելի հզոր ենք դարձնում մեզնով ու մեր քրտնաջան աշխատանքով, ուստի իմ հորդորն է հայ ժողովրդին՝ անվերջ աշխատել և մտածել այս երկրի մասին։ Մենք բոլորս Հայաստան ենք, մեր ամեն գործ ուղղված է Հայաստանին, հետևաբար մեր սրբազան երկրին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես կվերաբերվենք ինքներս մեզ։ Ոչ մի պարագայում մեզ և մեր երկրին չպետք է տարանջատենք, մենք մշտնջենական միասնություն ենք…

Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան —
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան: