Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․

1. Ցո՛ւյց տվեք Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում իշխանության համար պայքարի գլխավոր առանձնահատկությունը։ Ե՞րբ սկսեց գործել և ի՞նչ կազմ ուներ Անդրկովկասյան Սեյմը։

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո երկրամասում իշխանության համար գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ հայկական կանոնավոր զորքն, ըստ էության՝ տարածաշրջանում ուներ գերիշխանություն, որին տիրանալու համար քայլեր էր ձեռնարկում վրացական կողմը, որն իր հերթին ուներ ամբողջ երկրամասում իր գերիշխանությունը հաստատելու ձգտում։ Վրացական կառավարության թիվ մեկ թշնամին ՀՅԴ-ն էր։

Ստեղծված իրավիճակում կազմակերպական որոշ փոփոխություններ տեղի ունեցան. Ռուսաստանի սահմանադիր ժողովը տեղի պատգամավորներից կազմեց նոր բարձրագույն օրենսդիր մարմին՝ Սեյմ, որը սկսեց գործել 1918-ի փետրվարի 10-ից։ Սեյմի կազմում էին.

  • 36 մենշևիկ
  • 30 մուսավաթական
  • 27 դաշնակցական
  • 19 էսէռ
  • նախագահ՝ Չխեիձե
  • կառավարության նախագահ՝ Գեգեչկորի

2. ՀՅԴ-բոլշևիկներ բանակցությունների արդյունքում ի՞նչ որոշվեց միասնական հայկական ճակատ ստեղծելու ուղղությամբ։ Ձեր կարծիքով ինչո՞ւ այն ամբողջապես հնարավոր չեղավ իրականացնել։

Միասնական հայկական ճակատ գործնականում ստեղծվեց Բաքվում, ուր Ռոստոմը, գեներալ Հակոբ Բագրատունին, Համազասպը, Սեբաստացի Մուրադը և տեղի Հայոց ազգային խորհուրդը համագործակցեցին Շահումյանի գլխավորած Բաքվի խորհրդային իշխանության հետ։

Ըստ իս՝ այն հնարավոր չեղավ ամբողջապես իրականացնել մի շարք պատճառներով, օրինակ՝ արտաքին գործոնների, ներքին քաղաքական անկայունության, ռազմական անհավասարակշռության, ինչու ոչ նաև գաղափարական տարաձայնությունների պատճառով։

3. Ե՞րբ ձեռք բերվեց հայկական կորպուս կազմավորելու իրավունքը։ Ովքե՞ր նշանակվեցին կորպուսի հրամանատար և կոմիսար։ Արամ Մանուկյանը ե՞րբ մեկնեց Երևան։ Ի՞նչ գործ էին ծավալել Արամը, Դրոն և Սիլիկյանը Երևանի նահանգում։

Երկրամասում արմատապես փոփոխված քաղաքական պայմաններում հայ ազգային մարմիններին հաջողվեց ձեռք բերել կորպուս ստեղծելու իրավունք։ Ռուսական բանակի գերագույն սպայակույտի 1917թ. նոյեմբերի 16-ի հրամանով Կովկասյան ճակատում սկսվեց կազմավորվել հայկական կորպուսը։ Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց կորպուսի հրամանատար, իսկ Դրոն՝ կոմիսար։ Հայոց ազգային խորհուրդը 1917թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ լիազորություններով։  

«Ամեն ոք իր մասին է մտածում։ Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի։ Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար․․․ Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»։

Ա. Մանուկյան

Սիլիկյանը Երևանի նահանգում տեղակայված հայկական կորպուսի ղեկավարությունը ստանձնեց։ Արամը, գեներալ Սիլիկյանը և Դրոն, սերտորեն համագործակցելով, շոշափելի գործ կատարեցին։ Հայկական զորամասերի զգալի մասը հարկադրված էր զբաղվել նահանգի մուսուլմանների խռովությունները ճնշելով և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղին ապաշրջափակելով։

4. Ձեր կարծիքով ինչո՞ւ Անդրանիկը նշանակվեց Էրզրումի պաշտպանական շրջանի ղեկավար։ Ինչո՞ւ հնարավոր չեղավ պահել Արևմտյան Հայաստանը։

Քանի որ Բրեստ-Լիտովսկում ընդունված պահանջները Թուրքիան վերստին խախտեց և հարձակման անցավ հունվարի 28-ին, 1918 թվականին, Հայոց ազգային խորհուրդը պարտավոր էր պատշաճ պատասխան տալ, և գնահատելով ստեղծված իրավիճակը, Էրզրումի պաշտպանական շրջանի ղեկավար նշանակվեց զորավար Անդրանիկը։ Սակայն մեկ ամիս տևած մարտերում հայկական ուժերը ձախողեցին, և փետրվարի վերջին ընկավ Էրզրումը, որին հետևեցին Խնուսը, Մանազկերտն ու Ալաշկերտը։

Անդրանիկը միգուցե նշանակվեց շրջանի ղեկավար այն պատճառով, որ ծանոթ էր տեղանքին և կարողանում էր մարտավարական ճիշտ հաշվարկներ կատարել, կամ միգուցե կար կադրերի խնդիր, դրա մասին պատմությունը լռում է։ Իսկ ինչ վերաբերում է ձախողմանն ու պարտությանը, ապա այստեղ համեմատ ավելի ակնհայտ է. հայկական ուժերը թվաքանակով ու պատրաստվածությամբ մի քանի անգամ զիջում էին թուրքական կանոնավոր զորքերին, չկար կայուն ու խելացի ղեկավարում, ռուսական զորքերը «հանձնել էին» դիրքերն ու հեռանում էին և այլն։

Մեր հայրենիքի արևմտյան մասը հնարավոր չեղավ պաշտպանել նախ և առաջ Խորհրդային Ռուսաստանի բրեստյան պարտվողական քաղաքականության և վրաց մենշևիկների ու մուսավաթականների հակահայկական դաշինքի պատճառով։

5. Ե՞րբ ձևավորվեց Առանձին հայկական կորպուսը։ Որքա՞ն էր Կովկասյան ճակատում ստեղծված հայկական զորքի ընդհանուր թիվը։

Թշնամու առաջխաղացման պայմաններում տեղի ունեցավ հայկական ռազմական ուժերի վերակազմակերպում։ 1918թ. մարտի 1-ին Հայկական կորպուսի և արևմտահայ զինուժի միավորմամբ ստեղծվեց Առանձին հայկական կորպուսը՝ Նազարբեկյանի հրամանատարությամբ։ Առանձին հայկական կորպուսի շարքերը շուտով համալրեցին նաև փոքրաքանակ ռուսական, էստոնական, հունական և այլ ազգային ջոկատներ, տարբեր ազգությունների սպաներ և զինվորներ։

1918թ. մայիսի սկզբի դրությամբ Կովկասյան ճակատում ռուսական զորքին փոխարինած հայկական զորքի թիվը հասնում էր 42-43 հազարի։ Դրանից Առանձին հայկական կորպուսի թիվը կազմում էր մոտ 25 հազարը, Բաքվի կոմունայի զորքերի կազմում՝ 15 հազարը, իսկ 2-3 հազարը՝ Իրանի տարածքում։

6. Ո՞րն էր Տրապիզոնի բանակցությունների ձախողման գլխավոր պատճառը։ Ինչո՞ւ անդրկովկասյան զորքը անհաջողության մատնվեց պատերազմի սկզբնական շրջանում։ Ի՞նչ որոշում կայացրեց հայ ազգային քաղաքական ուժերի խորհրդակցությունն Ալեքսանդրապոլում։ Ե՞րբ և ինչո՞ւ երկրամասն անջատվեց Ռուսաստանից։

Տրապիզոնի բանակցությունների ձախողման գլխավոր պատճառը և՛ Թուրքիայի զավթողական քաղաքականությունն էր (որն ըստ էության՝ պետության շահի դիտանկյունից ընդունելի է, մարդասիրականից՝ ոչ), և՛ Սեյմի բավականին քիչ լծակ և ազդեցություն գոտիներ ունենալը։ Սեյմը, որը որոշել էր միայնակ բանակցություններ վարել առավելապաշտական և պանթյուրքիստական գաղափարախոսություններով առաջնորդվող Թուրքիայի հետ, զբաղեցրել էր պարտվողական դիրք հենց սկզբից՝ չկարողանալով ամրագրել իր հիմնական նպատակներն ու խնդիրները, ուստի տրամաբանական էին Թուրքիայի պահանջները։

Ապրիլի սկզբին ռազմական դրության հայտարարումն ամբողջ տարածաշրջանում ըստ երևույթին պատերազմի հայտարարում էր Թուրքիային, որն էլ շուտով հարձակման անցավ և գրավեց Բաթումը՝ ստիպելով Սեյմին վերադառնալ բանակցությունների սեղան։

Անդրկովկասի անջատումն ու անկախացումը վերջ ի վերջո տեղի ունեցան՝ Թուրքիայի պահանջով և Սեյմի կազմում վրաց-թաթարական գործիչների մեծամասնության հավակնությունների շնորհիվ։ Թուրքիան նաև պարտադրում էր ճանաչել Բրեստի պայմանագիրը։ Բայց դրանից առաջ Ալեքսանդրապոլում գումարվել էր ազգային-պետական գործիչների խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել էին կենսական նշանակություն ունեցող հարցեր։ Հայերը կտրականապես դեմ էին թուրքական պահանջին, այն է՝ անհապաղ անկախ ճանաչել Անդրկովկասը (դրան կողմ էին վրացիներն ու թաթարները)։

Երկրամասն անջատվեց Ռուսաստանից 1918 թվականի ապրիլի 22-ին։ Անջատման պատճառը Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն էր, որով Ռուսաստանը հրաժարվեց Անդրկովկասից։