Մարտի 27-ին, ժամը 17:00, Սեբաստացի կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի անդամները, մասնաճյուղ-դպրոցների, քոլեջի ղեկավարները, գլխավոր հաշվապահը և այլ անձինք։

Նիստի օրակարգում էին՝

Կառավարման խորհրդի նիստը մեկնարկեց խորհրդի անդամների հաշվառմամբ, օրակարգի կետերի ու հրատապ հարցերի ներկայացմամբ, այնուհետև հաստատմամբ։ Խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանն անդրադարձավ նախորդ նիստի արձանագրություններին, ընդունված և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղարկված առաջարկին, որը կազմվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Կանոնադրության պահանջներին համապատասխան (ավելին՝ կետ 55 դ)։

Արտակարգ հերթով քննարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ Գլխավոր քարտուղարի գրությունը, որն ուղարկվել էր ի պատասխան կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի թվով 5 հարցադրումներին և առաջարկներին։ Խորհրդի անդամները հարցեր ուղղեցին կապված հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման մեթոդաբանության, սկզբունքների, ընդհանուր բանաձևի հետ։ Խոսվեց նաև տարեցտարի փոփոխվող դասարանների և աշակերտների քանակով պայմանավորված ֆինանսավորման փոփոխությունների մասին։

Հանդիպման երկրորդ հատվածում, նիստի օրակարգով նախատեսված, կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց Կրթահամալիրի 2025թ. ծախսային ծրագրերի նախահաշիվը (նախահաշիվը ՀՀ ՖՆ սահմանված ձևաչափով)։ Խորհրդակցության ընթացքում մասնավորապես շեշտադրվեցին ներքոհիշյալ առաջարկներն ու թեմաները.

  • «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» թիվ 1481-Ն որոշումն ու նրա սկզբունքները,
  • Կրթահամալիրի և ԿԳՄՍՆ-ի միջև կնքված «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիրն ու դրա դրույթների իրագործումը, կատարողականը, հետագա ծախսերը,
  • Գանձապետական համակարգում երկու ենթահաշիվ բացելու կարողությունն ու նպատակահարմարությունը,
  • Կրթահամալիրում աշխատող ուսուցիչների աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշները,
  • Կրթահամալիրի հաստիքացուցակները,
  • Կրթահամալիրի 2025թ. ծախսային ծրագրերի նախահաշվով սահմանված պետական և ոչ պետական հատկացումները, մուտքերն ու ծախսերը, հատկացման ուղղությունները, դրանցում փոփոխություններ չկատարելու իրավիճակային անհրաժեշտությունը,
  • Փոխկապակցված այլ թեմաներ։

Նիստի երրորդ մասում, խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ, մեկնարկեց խորհրդի անդամ Գեղամ Գևորգյանի կողմից առաջ քաշված առաջարկության քննարկումը՝ ծրագրային նախահաշիվն հաստատելու և ԿԳՄՍՆ դիմելու առնչությամբ։

Ելույթներով հանդես եկան խորհրդի անդամներ Արեգ Գրիգորյանը, Արտակ Աբրահամյանը, Գեղամ Գևորգյանը։ Օրակարգային երրորդ կետին վերաբերող հարցերին հանգամանալից պատասխանեց կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, դիտարկումներով հանդես եկավ Աշոտ Բլեյանը։

Երկարատև քննարկումից հետո, խորհրդի նիստի ավարտին, քվեարկության դրվեց Գեղամ Գևորգյանի առաջարկությունը՝ հաստատելու Կրթահամալիրի 2025թ. ծախսային ծրագրերի նախահաշիվն ըստ սահմանված կարգի՝ սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարության հետ «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագրի վերանայման նախապայմանով։ Ապագայում առավել խորը խնդիրների չբախվելու նկատառումով՝ առաջարկությանը կողմ քվեարկեց խորհրդի անդամների մեծամասնությունը՝ հաշվի առնելով ստեղծված դրությունը։

Նիստի վերջում խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը ներկայացրեց գրանցած արդյունքները՝ խորհրդակցությունն համարելով արդյունավետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մյուս շաբաթ (03.04.2025) հրավիրելու կառավարման խորհրդի նոր նիստ՝ քննարկելու օրակարգից դուրս մնացած այլ հարցեր։

Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ

© Դավիթ Մուրադյան 27.03.2025