Ներկայացրե՛ք հայ մշակույթի զարգացումը տվյալ ժամանակաշրջանում հետևյալ կետերով․
1. Ի՞նչ նշանակություն ունեն Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը՝ հայ ժողովրդի պատմության մեջ:
Ինչպես մեծագույն զորահրամանատար, սպարապետ Գարեգին Նժդեհը կասեր՝ եթե չլինեին Մայիսյան հերոսամարտերը, հայկական պետականություն այսօր գոյություն չէր ունենա։ Իրապես, այդպես է, և էական չէ, թե մի ճակատամարտում հայ զորքը պարտվել է ու նահանջել, իսկ մյուսում՝ հաղթել, կարևոր է վերջնարդյունքը, իսկ դա այն է, որ զինվորների թափած արյան, ժողովրդի մի հատվածի վճռականության շնորհիվ ստեղծվել է հայկական առաջին պետությունը 20-րդ դարի սկզբին և երկու տարվա կյանք ունենալուց հետո վերակազմավորվել է արդեն որպես ինքնիշխան սուբյեկտ 21-րդ դարում։
Մայիսյան հերոսամարտերը նշանակալից ու խորհրդանշական էին այնքանով, որ հայությունը թոթափեց օտար լուծը, կարողացավ իր նյութական և հոգևոր արժեքների տերը լինել, վերգտավ իր մեջ ուժը՝ տնօրինելու սեփական ապագան և ունակ եղավ պաշտպանը լինելու իր «մի կտոր հողի», ինչպես նաև տեր կանգնել բնաջնջումից խուսանավող արևելահայությանն ու Մեծ Եղեռն ապրած, գաղթական արևմտահայությանը։
2. Որո՞նք էին Մայիսյան հերոսամարտերի ընթացքում հայ ռազմիկների հաղթանակի հիմնական գործոնները:
Եթե անկեղծ, ապա այդ ժամանակներում դժվար է ասել, թե որ գործոններն են մեծապես ազդել հայերի՝ վերակազմակերպվելու և կռվելու կարողության վրա։ Բայց, այնուամենայնիվ, կան որոշ գործոններ, որոնք իրենց ուրույն դերն են խաղացել հայ ռազմիկների հաղթանակների հիմքում։ Դրանք են ազգային ու գաղափարական համախմբումը մեկ գերնպատակի, այն է՝ հայրենիքի ազատագրման շուրջ, ռազմական միտքն ու տեղագրական իմացությունը (չնայած առաջինը միգուցե թերզարգացած էր), ժողովրդի կամքն ու վճռականությունը, օտար լծից դուրս գալու և սեփական անկախ պետականություն հռչակելու պարտքի զգացումը և այլն։
3. Ո՞ր հանգամանքներն են նպաստել հայերի հաջողությանը Մայիսյան հերոսամարտերում՝ պատերազմական պայմաններում:
Մայիսյան հերոսամարտերում հայ ժողովրդի հաղթանակը, որը կերտվեց 1918 թվականի գարնանը՝ պատմության ամենաողբերգական, ամենաարագ փոփոխվող և անելանելի թվացող պահերին, բացատրվում է մի քանի փոխկապակցված հանգամանքներով. առաջին հերթին, դա պայմանավորված էր գոյութենական վտանգի սուր զգացողությամբ և դրանից բխող համազգային համախմբմամբ։ Ցեղասպանության սարսափը դեռ թարմ էր, և թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Արարատյան դաշտ ու Երևան ընկալվում էր որպես վերջնական բնաջնջման սպառնալիք։ Այս «կա՛մ հաղթել, կա՛մ մեռնել» (մահ, կա՛մ ազատություն) իրավիճակը մոբիլիզացրեց ժողովրդին՝ կանոնավոր բանակի մնացորդներից ու փորձառու կամավորականներից, զորապետերից ու հրամանատարներից մինչև շարքային գյուղացիներ, հոգևորականներ, կանայք ու տարեցներ, որոնք միասնաբար կանգնեցին հայրենիքի վերջին թիզ հողը պաշտպանելու։ Հոգևոր առաջնորդների, մասնավորապես՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի (Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանց) կոչը և եկեղեցու զանգերի անդադար ղողանջը բարձրացրին բարոյական ոգին՝ հուսահատությունը վերածելով աննկուն վճռականության։
4. Ինչպիսի՞ քաղաքական և ռազմական հետևանքներ ունեցան Մայիսյան հերոսամարտերը՝ Հայաստանի անկախության հռչակման և անկախության պահպանումը երաշխավորելու տեսանկյունից:
Ինչ վերաբերում է ռազմական հետևանքներին, ապա անպայմանորեն պետք է ընդգծել թուրքական զորքի առաջխաղացման կասեցումը դեպի Երևանի նահանգ և Արարատյան դաշտ, ինչպես նաև ապահովեց թուրքական կանոնավոր բանակի նահանջը Ղարաքիլիսայից ու Բաշ-Ապարանից՝ այդպես նորանկախ Հայաստանի գոյությունը պահպանելով ու կարճատև երաշխավորություն ընձեռելով։ Ճակատամարտերը փրկեցին Արևելյան Հայաստանի բնակչության վերջին մնացորդներին անխուսափելի կոտորածից և բնաջնջումից։ Ռազմական տեսանկյունից հայերը ցույց տվեցին նաև, որ իրենք կարող են նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ինքնակազմակերպվել, թեկուզ պարտիզանական ու անկանոն ջոկատներով, ու մարտ մղել։
Քաղաքական առումով, Մայիսյան հաղթանակները ստեղծեցին այն անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր դարձավ Հայաստանի անկախության հռչակումը։ Անդրկովկասյան Սեյմի փլուզումից հետո (մայիսի 26-ին Վրաստանը հռչակեց անկախությունը, իսկ մայիսի 27-ին՝ Ադրբեջանը), Հայոց ազգային խորհուրդը կանգնեց փաստի առաջ՝ կա՛մ ստանձնել պատասխանատվություն և հռչակել անկախություն պահպանված տարածքի վրա, կա՛մ թույլ տալ վերջնական կործանում։ Պատմությունը ցույց տվեց, որ ոչ մի հիմնասյուն չունեցող տարածքը դարձավ պետություն՝ հետագայում իր ժողովրդի գոյությունը պահպանելու և զարգանալու նպատակով։ Անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը դարձավ ինքնիշխան սուբյեկտ, որին ընձեռվեց իրավունք պաշտպանելու իր ազգային շահերը միջազգային ատյաններում՝ բարդ ու դժվարին աշխարհակարգի պայմաններում։ Հայաստանի առաջին հանրապետությունը, ըստ էության՝ դարձավ երկրորդ, հետո և երրորդ հանրապետությունների հիմք։
Ցեղասպանությունից և շարունակական պարտություններից հետո Մայիսյան հաղթանակները կտրուկ բարձրացրին հայ ժողովրդի մարտական ոգին, պատրաստվածությունն ու ինքնապաշտպանության կարողության հանդեպ հավատը։ Դրանք վերստին ցույց տվեցին, որ հնարավոր է դիմադրել և հաղթել թվաքանակով ու զարգացվածությամբ գերազանցող թշնամուն։
5. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության դիմագրաված հիմնական մարտահրավերները Մայիսյան հերոսամարտերից հետո:
Մայիսյան հերոսամարտերից հետո, Հայաստանի Հանրապետության դիմագրված հիմնական մարտահրավերներն անթիվ ու անհամար էին։ Օրինակ՝ տարածքային ու սահմանային խնդիրները, թե՛ արևելյան (Սևանի տարածաշրջան, այսօրվա Գեղարքունիքի մարզ), թե՛ արևմտյան (հայ-թուրքական շփման գիծ) շրջաններում։ Հումանիտար աղետը ևս իր դերն ունեցավ կացության վատթարացման գործում. հարյուր հազարավոր փախստականներ ու գաղթականներ, որոնք մազապուրծ էին եղել Մեծ Եղեռնից, հանրության շրջանում տիրող համաճարակները (բծավոր տիֆը, սովը)։ Այլ խնդիրներ ևս կային, ինչպիսիք էին ֆինանսական ու տնտեսական ճգնաժամերը, շրջափակումը, արտաքին սպառնալիքները, միջազգային դերակատարների կողմից աջակցության ու ֆինանսավորման բացակայությունը և պետականաշինությանը վերաբերող առաջնահերթ հարցեր։
6. Ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի հավաքական հիշողության և ազգային ինքնության ձևավորման համար:
Այսպիսով, սրընթաց փոխվող իրադրությունում հայ ռազմաքաղաքական ուժերը ստանձնեցին Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր բեռը, և պատերազմի արդյունքում նորաստեղծ հայկական պետությունը փաստացի դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ։ Հետագայում այս հիմքի վրա Հայաստանի Հանրապետությունը մասնակցեց աշխարհամարտի արդյունքներն ամփոփող Փարիզի խորհրդաժողովին, իրավական (դե յուրե) ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով։
Մայիսյան հերոսամարտերով դրվեց ամբողջական հայրենիքի վերակագնման ճանապարհի սկիզբը։