Հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունները բազմաբնույթ են և արմատավորված են պատմական, քաղաքական, էթնիկական (ազգային, ազգամիջյան ու միջմշակութային) և տնտեսական տարբեր գործոններում։ Խորհրդային միության փլուզումն հանգեցրեց ազգային ինքնության զարթոնքի և տարածքային վեճերի սրման, որոնք հաճախ ուղեկցվում էին բռնությամբ և զինված բախումներով։ Ինքնության զարթոնքի ամենավառ օրինակներից է ղարաբաղյան շարժումն ու այնուհետև վերաճած հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած ընդհարումները, Ուկրաինայի արևելքում (Ղրիմ, Դոնբաս) տիրող իրավիճակը։ Այս պատերազմներն ու կոնֆլիկտները անառարկելիորեն ներառում են արտաքին ուժերի միջամտությունը, որոնք ձգտում են ապահովել իրենց կենսական շահերի իրագործումը, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը։
Հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ներառում են՝
- Մերձդնեստրյան հակամարտություն
- Վրաց-աբխազական հակամարտություն
- Վրաց-հարավօսական հակամարտություն
- Չեչենական հակամարտություն
- Դոնբասի հակամարտություն
- Ղարաբաղյան հակամարտություն
Հակամարտությունների կարգավորման գործընթացը բազմաթիվ խոչընդոտների ու մարտահրավերների է հանդիպում։ Կողմերի միջև փոխադարձ անվստահությունը, փոխզիջումների գնալու անկարողությունը, տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքների տարբեր մեկնաբանությունները կարգավորման հիմնական խոչընդոտներից են։ Բանակցային գործընթացները հաճախ ձգձգվում են և չեն հանգեցնում կայուն լուծումների։ Միջազգային հանրության իրազեկվածությունն ու խաղացողների միջնորդությունը, թեև կարևոր դեր է խաղում, սակայն գրեթե միշտ հանդիպում է շահերի բախման և կողմերի վրա ազդելու սահմանափակ հնարավորությունների։
Ինչպես պնդում են փորձագետները՝ հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունների կարգավորումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը հաշվի կառնի բոլոր շահագրգիռ կողմերի շահերը և կհիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Բայց չնայած այս ամենին, որոշ պետություններ խորապես անտեսում են միջազգային հիմնարար իրավունքները, մարդու և քաղաքացու ազատությունները, հարևան պետությունների տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և այլն։ Կայուն խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է վստահության կառուցման միջոցառումների իրականացումը, տնտեսական համագործակցության խթանումը և հասարակությունների միջև երկխոսության մակարդակի բարձրացումը։ Ցավոք, առկա իրավիճակը՝ օրհասական ու չկանխատեսված, դեռևս մարտահրավերներ է պարունակում, և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը երկարատև և համատեղ ջանքեր է պահանջում։
Այս ամենը հստակ ցույց է տալիս, թե ինչ հայեցակարգի վրա է հիմնված եղել երբեմնի միասնական, համախմբված Խորհրդային միությունը և թե ինչքան արագ է կազմալուծվել՝ ազգամիջյան բախումների, ատելության խոսքի, ինչու ոչ նաև մեղմ բռնապետական կառավարման մոդելից ժողովրդավարականի (գորբաչովյան բարեփոխումներ) անցման հետևանքով։ Մարդկանց ազատության ավելացումն որպես այդպիսին հանգեցրեց միության իրական պատկերի բացահայտմանը թե՛ ներսից, թե՛ դրսից։
Նկար-քարտեզը՝ Տորոնտոյի համալսարանի