Ժողովրդավարական պետությունում մարդու իրավունքները միայն թղթի վրա չմնալու համար գոյություն ունեն միջոցներ, որոնց դիմում ենք իրավունքների խախտման դեպքում՝դրանք վերականգնելու նպատակով: Այն դեպքում, երբ պետության ներսում սեփական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը չի ապահովվում, անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է կիրառել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները (գործիքակազմը):
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները կարելի է բաժանել.
- Մարդու իրավունքների պաշտպանության ունիվերսալ
- Մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային գործիքների
Մարդու իրավունքների պաշտպանության կարևոր համապարփակ (բազմակողմանի) գործիքներն է ներկայացնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհուրդը, որին կարելի է դիմել, եթե անձն համարում է, որ խախտվել են իր հիմնարար իրավունքները, կամ ունի հստակ տեղեկություն այլոց իրավունքների խախման վերաբերյալ, իսկ իրավական պաշտպանության ներպետական միջոցներն սպառվել են: Թերևս, ցավոք, Խորհրդի որոշումները պետության համար չունեն պարտադիր կատարման ուժ:
Մարդու իրավունքների եվրոպական համակարգ
Մարդու իրավունքների եվրոպական համակարգը բաղկացած է երեք մասից.
- Եվրախորհրդի համակարգ
- Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
- Եվրամիություն
Մարդու իրավունքների եվրոպական համակարգը, որը ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումներին ի պատասխան, ամենակատարելագործված տարածաշրջանային համակարգն է համարվում: Մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և բազմակարծիքային ժողովրդավարությունը Եվրոպայի իրավական կառուցվածքի անկյունաքարն է հանդիսանում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմն է համարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա) և նրա պարտադիր իրավազորությունը ճանաչված է Եվրախորհրդի բոլոր անդամ-պետությունների կողմից, իսկ դատավորների թվաքանակը համընկնում է Եվրախորհրդի անդամ երկրների թվաքանակի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների առկայությունը.
- Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի կամ նրա լրացուցիչ արձանագրությունների խախտման փաստ։
- Բողոքի հեղինակը պետք է լինի խախտման զոհ։
- Սպառված պետք է լինեն բոլոր արդյունավետ ներպետական մեխանիզմները։
- Հայցը ահնրաժեշտ է ներկայացնելներպետական մեխանիզմների սպառվելուց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։
Եվրոպայի դատարանի որոշումները պարտադիր են, դրանց կատարումն ապահովում է նախարարների կոմիտեն:
Պետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարելու և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման դեպքում Եվրախորհրդի անդամ-երկրները կարող են Խորհրդից հեռացնել իրավունքների խախտման համար պատասխանատու մարմնին: Դրա օրինակն է 2022 թվականի մարտին Եվրախորհրդի ընդունած որոշումը, որով ռուսական պետությունը հեռացվեց Եվրախորհրդից՝ հիմնվելով ռուսական պետության կողմից Ուկրաինա ներխուժման և մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման վրա։
ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն)
ԵԱՀԿ-ն իրականացնում է որոշակի գործունեություն մարդու իրավունքների և հատկապես փոքրամասնությունների իրավունքների ոլորտում: ԵԱՀԿ-ն ունի մարդու իրավունքների դեպարտամենտ և մարդու իրավունքների սպաներ, որոնք գործուղված են տարբեր երկրներ վերահսկողություն իրականացնելու և մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցներ ներկայացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելու նպատակով: ԵԱՀԿ-ն օգնություն է ցուցաբերում նաև մարդու իրավունքների պետական ինստիտուտներին այն երկրներում, որտեղ առաքելություններ է ուղարկել:
Մարդու իրավունքների պաշտպանության ամերիկյան և աֆրիկյան համակարգերը
Մարդու իրավունքների ներամերիկյան համակարգի առկայության հաշվարկման տարեթիվ կարող ենք համարել Մարդու իրավունքների և պարտականությունների ամերիկյան հռչակագրի ընդունման տարեթիվը, որն ընդունվել է 1948 թվականին Ամերիկայի կազմակերպության Խարտիայի հետ մեկտեղ: Այդ կազմակերպության կողմից 1959 թվականին հիմնադրված ներամերիկյան հանձնաժողովը, ինչպես նաև մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը, որը սկսել է գործել 1979 թվականից, իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր մարմիններն են հանդիսանում:
Մարդու իրավունքների աֆրիկյան համակարգը ստեղծվել է 1981 թվականին «Մարդու և ժողովուրդների իրավունքների մասին» Աֆրիկյան Խարտիայի ընդունմամբ, որի հիման վրա գործում է Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովը, իսկ 2006 թվականից՝ Մարդու և ժողովուրդների իրավունքների դատարանը: Այսօրվա դրությամբ, Աֆրիկայի միության 54 անդամ երկրներն իրականացրել են Խարտիայի վավերացում, որն ընդօրինակում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մոտեցումը և մեկ փաստաթղթում ի մի բերում մարդու իրավունքների բոլոր կատեգորիաները։ Հանձնաժողովի գտնվելու վայրը Գամբիայում է։
Մարդու իրավունքների պաշտպանության ասիական համակարգը
Ասիայի մասշտաբով 2009 թվականի հոկտեմբերին ստեղծվեց Մարդու իրավունքների միջկառավարական հանձնաժողովը: 2012 թվականի նոյեմբերին հանձնաժողովն ընդունել է Մարդու իրավունքների հռչակագիրը։ Չնայած հանձնաժողովի ստեղծմանը, դեռևս չկա դատարան կամ այլ տիպի մեխանիզմ, որը կքննարկի հայտարարագրի խախտման դեպքերի վերաբերյալ անհատական բողոքները: Հանձնաժողովի նպատակն է խթանել մարդու իրավունքները ողջ Ասիայում, բարձրացնել հանրային իրազեկվածությունն իրավունքների մասին և մշակել մարդու իրավունքները խթանելու տարածաշրջանային գործիքներ:
Հատկանշական է, որ ասիական-ավստրալիական տարածաշրջանում գոյություն չունի միջկառավարական մարդու իրավունքների պաշտպանության համակարգ:
Միջազգային դատարաններ/տրիբունալներ
2002 թվականին հիմնադրված և Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանը միջկառավարական կազմակերպություն է, որի հիմքում հանրահայտ Հռոմի ստատուտն էդատարանի ստեղծման մասին պայմանագիր-կանոնադրությունը ընդունված Իտալիայի մայրաքաղաքում 1998 թվականին։
Համաձայն այդ փաստաթղթի, դատարանը իրավասու է քննել միջազգային չորս հանցանքներ` ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն և ագրեսիայի հանցագործություն, եթե պետությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում քննել նման դեպքերը։
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի հիմնական իրավական մարմինն է և գտնվում է քաղաք Հաագայում: Դատարանը հնարավորություն ունի հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքները, քննել միջպետական իրավական վեճերը, և նրա իրավասությունը ներառում է նաև իրավական հարցերի գնահատումը, որոնք նախաձեռնվել են Միացյալ ազգերի այլ մարմինների և հատուկ գերատեսչությունների քննարկման համար։Արդարադատության միջազգային դատարանը այն կարևոր մարմիններից է, որի իրավասությունը կարող է քննել մարդասիրական իրավունքի խախտման միջպետական գործերը։
Նյութեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը.