Ապրիլի 5-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հանդիսությունների դահլիճում հանդիսավոր կերպով անցկացվեց Տիգրան Հայրապետյանի գրքաշարի վերջին, հինգերորդ հատորի շնորհանդեսը, որին հետևեցին մրցանակաբաշխության արարողությունները։

Շնորհանդեսին մասնակցում էին Տիգրան Հայրապետյանի մտերիմները, բարեկամներն ու ընկերները, Newmag հրատարակչության աշխատակիցները՝ տնօրեն Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մրցանակակիր և մրցանակի հայտ լրացրած սովորողները, հասարակագետ-դասավանդողներ, հասարակական և մշակութային գործիչներ, այլ հետաքրքրված անձինք։

Բանախոսների շարքում էին Տիգրան Հայրապետյանի այրի և մտավոր սեփականության իրավատեր Նազենի Ղարիբյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը, դերասան, ռեժիսոր, հեղինակի մտերիմ ընկեր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, Հայրապետյանի ձեռագրերը թվայնացնող Միքայել Բադալյանը։

Ինչպես մեկնարկային հատվածում նշեց տիկին Ղարիբյանը՝ «Վերջին աշունը» գրքում տեղ են գտել քաղաքագետի խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները՝ հայերեն և օտար լեզուներով։ Յուրաքանչյուր էջը ներկայացնում է Հայրապետյանի՝ ժամանակից առաջ անցած քաղաքական մտածողությունը և կանխատեսումները, որոնք, ցավոք, հետագայում իրականություն դարձան։ Նազենի Ղարիբյանը նաև մանրամասնեց, թե ինչու է գրքերի շարքը եզրափակող հատորը կոչվում «Վերջին աշունը»։ Ականավոր միջազգայնագետն իր սիրած երգչախմբի՝ DDT-ի «Последняя осень» ստեղծագործությունն ամենաշատն է ունկնդրել, և հաշվի առնելով հեղինակի ճաշակը, տարաբնույթ տեղեկություններն ու վերլուծությունները, որոնք շարադրված են գրքում, ամենահամապատասխան վերնագիրն հանդիսացել է հենց վերոնշյալ տարբերակը։ Առանձնահատուկ ընդգծվեց գրքի հրատարակության գործում Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական ֆինանսական աջակցությունը։

Տիար Բլեյանն իր հերթին պատմեց Տիգրան Հայրապետյանի հետ ծանոթության, քաղաքական համատեղ գործունեության, «Նոր ուղի» կուսակցության հիմնադրման անհրաժեշտության և նպատակի, Ղարաբաղյան շարժման և հակամարտության, հեղինակի հետ մտերիմ հարաբերությունների, կրթահամալիրում ներդրված խորհրդանշական անվանական մրցանակի՝ որպես խրախուսում և քաջալերում ապագա քաղաքագետներին, հեղինակային կրթական ծրագրով պայմանավորված ավագ դասարաններում հեղինակի գրքերի ու ստեղծագործությունների հետ ծանոթանալու, ինքնուրույն վերլուծելու և ներկայացնելու կարևորության մասին։

Քննարկման մյուս մասնակիցները կիսվեցին իրենց մտորումներով, կարծիքներով և սպասելիքներով։ Պարոն Բեկ-Գասպարենցը պատմեց Հայրապետյանի պատմվածքների բեմականացման մտահղացման և ընթացքի մասին։ Քաղաքագետ-վերլուծաբան պարոն Բադալյանն էլ ներկայացրեց թվայնացման ընթացքում հանդիպած մարտահրավերներն ու խնդիրները, արտահայտեց սեփական դիրքորոշումը գրքում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ։

Newmag-ի հակիրճ անդրադարձը դիտե՛ք այստեղ.

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցավ առաջին մրցանակաբաշխությունը՝ կազմակերպված Տիգրան Հայրապետյանի բարեկամների կողմից՝ տարիների դադարից հետո։ Գրքի 5 հատորները, հավաստագիր-շնորհակալագիրն ու «Սեբաստացի» գինին շնորհվեցին հայտնի քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանին՝ հանրությանը հայրապետյանական երկերի անաչառ ու անկողմնակալ վերլուծության և ներկայացման համար։

Ցերեկույթի վերջին հատվածում, օրակարգով նախատեսված, հիմնադիր-տնօրեն Տիար Բլեյանի կողմից անվանական մրցանակի արժանացան կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը՝ էկոլոգիական կրթության և միջազգային ճամփորդությունների, վարժարանի 11-րդ դասարանի սովորող, ակտիվ նախաձեռնող Արփի Շահնազարյանը՝ հասարակագիտական և քաղաքացիական արտադպրոցական և ներդպրոցական տարատեսակ ձեռնարկությունների և Ապարանի շրջանի Սիփան գյուղի Ֆերիկե Ուսըվի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նուրի Իբոյանը՝ ուսումնական նախագծերի համար։

Խրախուսական մրցանակներ հանձնվեցին Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ Արտակ Գևորգյանին և Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Գայանե Ավդալյանին։

Միջոցառումը ժողովրդական երգերի գեղեցիկ ու աննման կատարմամբ եզրափակեց կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը։

Անտարակույս, շատ հետաքրքիր ու կարևոր միջոցառում ունեցանք, նորանոր ծանոթություններ ձեռք բերեցինք կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների, տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների և մշակութային գործիչների շրջանում։ Շնորհակալություն Newmag հրատարակչությանն ու Տիգրան Հայրապետյանի մտերիմներին՝ վերջին հատորի շնորհանդեսն ու մրցանակաբաշխության արարողությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Լուսանկարները՝ Newmag ֆեյսբուքյան պաշտոնական էջից, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի էջից