Թեմա՝ «Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումն ու ամրապնդումը»

1. Ներկայացրե՛ք ԱԺԴՀ-ի լուծարման և ազգային պետությունների ձևավորման գործընթացը։

Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասի Սեյմի վերջին նիստը, որի ընթացքում վրացիների պնդմամբ ընդունվեց որոշում՝ լուծարելու Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը (ԱԺԴՀ) և անկախ հռչակելու վրացական պետությունը։ ԱԺԴՀ-ի մուսուլմանական հատվածը փորձում էր իր հետագա ծրագրերն իրականացնել թուրքերի օգնությամբ, վրացիներն ապավինում էին գերմանացիներին, որոնք հաղթական դիրքում էին գտնվում, իսկ Հայաստանը փորձում էր առավել զիջումներ թույլ չտալ իր հաշվին, բայց այդուհանդերձ, արդեն տեղի էր ունեցել թուրքական ներխուժումը։

Մայիսի 26-ին անկախություն հռչակեց Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը («Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետություն», առաջին անգամ՝ Ադրբեջան՝ իրանական Ատրպատականի անվամբ), իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանը։

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։

2. Ներկայացրե՛ք Բաթումի պայմանագրի ընթացքը և արդյունքները։

Անկախություն հռչակելուց հետո Հայոց ազգային խորհուրդը պատվիրակություն կազմեց և ուղարկեց Բաթում՝ թուրքերի հետ բանակցությունների։

Խալիլ բեյը, որը մայիսի 27-ին դեռ որպես անկախ ու ինքնիշխան սուբյեկտ Հայաստանը չէր ճանաչում, երեք օր անց ստիպված եղավ ընդունելու և բանակցությունների սեղան նստելու։ Հայկական պատվիրակությունն հանդես էր գալիս հայկական գավառների վրա միակ իշխանություն հաստատած պետության անունից։ Անշուշտ, Բաթումի դաշնագրի վերջնարդյունքը չբավարարեց հայկական պետությանը, բայց մյուս կողմից էլ՝ ուրիշ ելք չկար։

Բաթումի հաշտության պայմանները Հայաստանի համար ծանր էին։ Թուրքիան գրավեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալքալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը, Շարուր-Դարալագյազի մեկ հինգերորդ մասը։ Թուրքիային էր մնում Ալեքսանդրապոլը և Երևանը՝ մինչև Ղարս։ Պայմանագիրը գործեց մի քանի ամիս։

3. Ներկայացրե՛ք հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ստեղծման գործընթացը։

Անկախության հռչակումից հետո Հայոց ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր ու գործադիր մարմինները։ Պետականաշինության գործում իր ուրույն դերն է ունեցել Արամ Մանուկյանը՝ Երևանի նահանգի դիկտատորը։

Երկրի բարձրագույն օրենսդիր իշխանությունը ստանձնում է Հայաստանի խորհուրդը՝ խորհրդարանը։ Խորհրդարանի 46 անդամներից 18-ը դաշնակցականներ էին, վեցական անդամներ էլ ունեին ՀԺԿ-ն, Սոցիալ-դեմոկրատները, Սոցիալիստ-հեղափոխականները և ՀՀ-ում ապրող մուսուլմանները։ Օգոստոսի մեկի անդրանիկ նիստով խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը։

Բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, կոչվում էր Մինիստրների խորհուրդ, հետագայում՝ Նախարարների խորհուրդ։ 1918թ. հունիսի 7-ին Հայոց ազգային խորհուրդը կառավարության նախագահ (վարչապետ) ընտրեց Հովհաննես Քաջազնունուն։ Հուլիսի 17-ին ՀՀ կառավարությունը և Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը մեկնեցին Թիֆլիսից և երկու օր անց ժամանեցին Երևան։

1919թ. հունիսի 21-23-ը համամասնական ընտրակարգով առանց սեռի, ազգության և կրոնական պատկանելության խտրականության, ընդհանուր, գաղտնի, հավասար և ուղղակի տեղի ունեցած քվեարկության արդյունքում՝ կազմվեց խորհրդարան՝ 80 անդամով (այդ թվում՝ 3 կին), որից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսէռ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթար, 1-ը՝ եզդի։ Նոր խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիս Ահարոնյանը։

1918թ. դեկտեմբերի վեցին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը, ստեղծվեցին շրջանային, երդվյալ ատենակալների ու հաշտարար դատարաններ։

4. Որո՞նք էին ՀՀ օրհներգը, զինանշանը և դրոշը, ովքեր են հեղինակները։

Անկախության տարիներին ընդունվեցին պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Գործնականում դժվար էր նարնջագույն ներկը ապահովելը, ուստի այն փոխարինվեց դեղինով։ Իր սեփական գեղարվեստական տարբերակով էր հանդես եկել վաստակավոր արտիստ և նշանավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը՝ առաջարկելով դրոշի գույները դասավորել ըստ ծիածանի գույների հերթականության։ Վավերական նյութերն ու հուշագրությունները վկայում են, որ անկախության տարիներին պետական դրոշի գույները փոխվել էին տեղերով, մասնավորապես՝ դեղինն ու կապույտը։

Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920թ. հուլիսի 23-ին։ Նրա հեղինակներն էին ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

ՀՀ-ում որպես օրհներգ գործածվում էր «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը, իսկ տեքստինը՝ Միքայել Նալբանդյանը։ Սկզբից ստեղծագործությունը նվիրված է եղել մի իտալացի աղջկա, որը պատերազմ է ճանապարհել իր եղբորը։ Հիմնի տեքստը փոփոխվել է՝ համապատասխանեցվելով արդի իրականությանը, սակայն իսկական տարբերակը ներքոհիշյալն է.

Մեր հայրենիք, թշուառ, անտէր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Իւր որդիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ, քէն ու ոխ:

Ահա՛, եղբայր, քեզ մի դրoշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լուացի։

Նայի՛ր նորան, երեք գոյնով,
Նուիրական մեր նշան,
Թո՛ղ փողփողի թշնամու դէմ,
Թո՛ղ կործանուի Աւստրիան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի.
Բայց երանի՜, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի։

Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր որոշ փոփոխություններով դարձրել է իր խորհրդանիշները։

5. Ներկայացրե՛ք ՀՀ բանակը։

1918թ. սեպտեմբերին Առանձին հայկական կորպուսը, Բաթումի պայմանագրի համաձայն, վերակազմավորվեց դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։

Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի գլխավոր հրամանատար։ ՀՀ-ն 1920թ. սկզբին ուներ առանձին բրիգադ՝ 9 գնդով, մեկ հեծելազոր բրիգադ (4 գնդով), 2 գրոհային գունդ և այլ ուժեր։ 1920թ. սեպտեմբերին Սևանա լճի վրա գործարկվեց «Աշոտ Երկաթ» ռազմական նավակը։ Հայկական բանակում կար նաև եզդիների ստորաբաժանում։ Հայոց բանակը հիմնականում սպառազինված էր անգլիական զենքով ու զինամթերքով։

Թուրք-հայկական 1920թ. պատերազմի ժամանակ հայկական բանակը հասավ իր առավելագույն չափերին։ Հայաստանն ուներ շուրջ 40-հազարանոց բանակ, որից մարտական ուժերի թվաքանակը 25 հազար զինվորական էր։