Ապրիլի 9-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, հասարակագիտության դասավանդող և պատմաբան Սամվել Թամազյանի նախաձեռնությամբ «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ «Աղ և հաց․ ժողովրդական սովորություններ» թեմայով հանդիպում-քննարկում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Վարդուհի Գրիգորյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էին միջին դպրոցի և ավագ դպրոց-հետազոտական վարժարանի տարատարիք սովորողներ, հասարակագետ-դասավանդողներ և այլ շահագրգիռ անձինք։

Հանդիպման նախագծի և նպատակի մասին ավելին ընթերցե՛ք համակարգող-դասավանդող Սամվել Թամազյանի բլոգում.

Բացման խոսքով հանդես եկավ հասարակագետ Վարդան Կարապետյանը՝ ներկայացնելով հասարակագիտական ստուգատեսը, կազմակերպվող հանդիպումները և հյուրընկալվող բանախոսին։

Տիկին Գրիգորյանը սովորողներին պատմեց ցորենի մշակման և հացի պատրաստման ավանդական տեխնոլոգիաներն ու կիրառվող գործիքները՝ թվարկելով նրանց հետզհետե զարգացման փուլերն ու գործընթացի հեշտացմանն ուղղված քայլերը։ Սահիկաշարով ցուցադրվեցին նաև ժողովրդական նկարիչների հայտնի նկարներ, որտեղ պատկերված էին Հայկական լեռնաշխարհում գութանի օգնությամբ ակոսների փխրեցման տեսարանները, սերմի ցանն ու վարը և Ք.ա. 3-2 հազարամյակներից ի վեր մեզ հասած հարմարանքները, ի թիվս՝ սանդի, սփռոցի, տախտակների, գրտնակի և այլն։

Անդրադարձ եղավ մեծանուն հայ երգահան և վարդապետ Կոմիտասի աշխատություններին ու երգերին, որոնց մեջ ընդգծվել են հացի պատրաստման գործընթացի բաղադրատարրերը, և որոնք նվիրված են եղել ավանդական միջոցների պահպանմանն ու ազգային ինքնության ամրապնդմանը։

Ուշագրավ է, բայց համաձայն ավանդազրույցի՝ հացի և ցորենի դիցուհի Աշորան մշտապես բարկացել է այն մարդկանց վրա, ովքեր պատահմամբ գցել էին հացը գետնին, և այդ իսկ պատճառով, ներկայումս էլ հացը գետնին գցելը վատ նշան է համարվում ու անընդունելի է։ Եվ ըստ մեկ ուրիշ ավանդության՝ երեխաներին կապելով իջեցնում էին հանգած թոնրի մեջ՝ հավատալով, որ սրբազան հորը կարող է բուժել երեխայի հիվանդությունները։

Հանդիպման երկրորդ հատվածում քննարկում ծավալվեց հանրահայտ ասացվածքների ու ասույթների շուրջ, որոնք կապված են աղի ու հացի հետ, ինչպես օրինակ՝ աղ ու հաց կիսել, աղ ու հացը մոռանալ, անաղուհաց մարդ, տաշտը լիքը հաց, կարդալը եփուկ հաց է՝ դրուկ ծոցի մեջ ու որտեղ հաց, այնտեղ կաց և այլն։ Խոսք եղավ նաև ամուսնական ծեսերի և հարսանյաց տոնակատարությունների ու ժողովրդական սովորությունների մասին. ներկայացվեց Վահագնի ու Աստղիկի ավանդապատումը, որի համաձայն վերջինիս ուսին դրված լավաշը սահում և ընկնում է, և Վահագնն արձագանքելով ասում է՝ եթե մի լավաշ չի կարողանում պահել, ինչպես պետք է ամբողջ ընտանիքի հոգսը տանի։ Հետաքրքրական է, որ հարսանեկան արարողության ավարտին այժմյան ծաղիկ նետելն առաջ ցորենի փունջով է իրականացվել։ Հատուկ նշվեցին առասպելներն ու ռազմական ավանդազրույցները, որոնցում ներկայացվում են տարբեր ժամանակաշրջաններ՝ Արամ արքայի ու լավաշի կապից մինչև ֆիդայական զորաջոկատների երդում և այլն։

Հանդիպման ավարտին հետաքրքրված սովորողներն իրենց հարցերը բարձրաձայնեցին, և մեր հյուրն հանգամանալից պատասխաններ հնչեցրեց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու կրթահամալիր-ինստիտուտ կապերն ու համագործակցությունը փոխադարձ այցերի, հետազոտական աշխատանքների գրախոսման և այլ ոլորտներում։ Շնորհակալությունս և գոհունակությունս եմ հայտնում կազմակերպիչներին՝ նման կարևոր հանդիպում նախաձեռնելու և բանախոսին՝ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում վարելու համար։