Ապրիլի 11-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, հասարակագիտության դասավանդող և պատմաբան Սամվել Թամազյանի նախաձեռնությամբ հետազոտական ընթերցասրահում տեղի ունեցավ «Եղանակի կանխատեսման ժողովրդական միջոցները» թեմայով հանդիպում-քննարկում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ասպրամ Ազարյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էին միջին դպրոցի և ավագ դպրոց-հետազոտական վարժարանի տարատարիք սովորողներ, քոլեջի ուսանողներ, հասարակագետ-դասավանդողներ և այլ շահագրգիռ անձինք։
Հանդիպման նախագծի և նպատակի մասին ավելին ընթերցե՛ք համակարգող-դասավանդող Սամվել Թամազյանի բլոգում.
Բացման խոսքով հանդես եկավ հասարակագետ և հանդիպման համակարգող Սամվել Թամազյանը՝ հակիրճ անդրադառնալով հասարակագիտական ստուգատեսին և նրա ընթացակարգին, ներկայացրեց կազմակերպվող հանդիպումները և հյուրընկալվող բանախոսին։
Թեմայի արդիականությունն ու նշանակությունը ներկայացնելուց հետո մեր հյուրը հիմնականում կենտրոնացավ իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնք հիմնված էին հարցումների, ազգաբնակչության հետ պարբերաբար շփումների վրա։ Նա մանրամասն պատմեց Լոռվա տարբեր գյուղեր կատարած իր այցելությունների և տեղի բնակիչների հետ ունեցած շփումների մասին, որոնց շնորհիվ հնարավոր է եղել հավաքագրել բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ եղանակը կանխատեսելու, բերքն ու բարիքը պաշտպանելու հետ կապված ժողովրդական հավատալիքների, ծեսերի և գիտելիքների վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ ուսումնասիրողն էլ իր հերթին լոռեցի է։
Քննարկման երկրորդ հատվածն ավելի շատ նվիրված էր տեսական ասպեկտին. գիտաշխատողը խոսեց բնական տարերքների, եղանակների ու ամիսների ծագման ժողովրդական հավատամքների մասին։ Դիագրամների և պատկերների միջոցով գիտաշխատողի ցուցադրած նյութերը ոչ միայն հարստացնում են մեր գիտելիքները հայկական մշակութային ժառանգության մասին, այլև ընդգծում են դարերի խորքից եկող ժողովրդական ծեսերի խորիմաստությունն ու բազմաշերտությունը։ Հատկապես հետաքրքիր էին անձրևը ցրելուն ուղղված պարերի մասին պատմությունները, որոնք ցույց են տալիս մարդու և բնության փոխհարաբերությունների խորն արմատները մեր մշակույթում։ Կարևոր դիտարկումներ արեց ավագ դպրոցի պարի դասավանդող Համազասպ Ասլանյանը՝ կիսվելով սեփական փորձով։




Հանդիպման ընթացքում առանձին խոսվեց նաև ոչ շատ հայտնի, բայց ինքնատիպ ծեսի՝ տոլուբաբի մասին։ Գիտաշխատողը սահիկաշարով ցույց տվեց վերոնշյալ ծեսի ծագումն ու բովանդակությունը, ինչպես նաև դրա կիրառման յուրահատկությունները տարբեր համայնքներում։
Քննարկման ավարտին հնչեցին մի շարք դիտարկումներ և հարցեր՝ կապված թեմայի գործածականության, բնակչության շրջանում դրանց վերաբերյալ տեղեկացվածության և արդիականության հետ, որոնց մեր հյուրը հանգամանալից պատասխաններ հնչեցրեց։
Այսպիսով, անշուշտ նման հանդիպումները հնարավորություն են տալիս վերհանելու և պահպանելու մեր մշակութային անցյալի թաքնված գոհարները, որոնք կարող են նոր լույս սփռել մեր ինքնության և աշխարհայացքի վրա։ Մեր ժամանակաշրջանում նման հանդիպումներն առանձնակի կարևորություն ունեն ազգային ինքնության տարրերը պահպանելու և զարգացնելու տեսանկյունից։ Արժանին պետք է մատուցել հեղինակին, որ նա հանձն է առել սկսել այս լայնածավալ, բայց միաժամանակ և անասելի դժվարին աշխատանքը, որը պահանջում է հաստատակամություն ու քրտնաջան աշխատանք։ Վերջում, պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու կրթահամալիր-ինստիտուտ կապերն ու համագործակցությունը փոխադարձ այցերի, հետազոտական աշխատանքների գրախոսման և այլ ոլորտներում։ Շնորհակալությունս և գոհունակությունս եմ հայտնում կազմակերպիչներին՝ նման կարևոր հանդիպում նախաձեռնելու և բանախոսին՝ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում վարելու համար։