Առաջնորդվելով Բենեդետիի մոտիվներով՝ ստորև կփորձեմ ներկայացնել իմ կարծիքներն այն մարդկանց որակների մասին, որոնք ես՝ որպես անհատ ու անհատականություն, հավանում եմ և դասակարգում եմ իբրև հաճելի և ընդունելի։ Ներքոշարադրյալը կկառուցեմ Բենեդետիի ստեղծագործության պես՝ կարճ նկարագրությամբ և սեփական դիրքորոշմամբ։

Անհատականություն

Մարդը յուրաքանչյուր պարագայում պետք է լինի անհատական, գործի անհատական և ապրի անհատական կյանքով։ Մեր դարաշրջանում շատ են այնպիսի մարդիկ, որոնք արտաքին ուժերի ճնշման ներքո կամ ներսից ուտող անվճռականության ու անհաստատակամության պատճառով հրաժարվում են անհատական լինելուց և ընդունում են ուրիշների «կրոնը»։ Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ովքեր կարողանում են ոչ թե ցույց տալ իրենց որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ ապրել և ստեղծագործել այդ կերպ։ Չնայած՝ սա դժվար տրվող որակ է, և շատերը դրան չեն տիրապետում, և այդ իսկ պատճառով կյանքում լինում և մնում են ստվերող վիճակում։

Բարոյականություն

Մարդ պետք է լինի բարոյական։ Ինձ դուր են գալիս այնպիսի մարդիկ, որոնք եթե ոչ ամբողջությամբ (թերևս անհնար է), ապա գոնե որոշակիորեն տիրապետում են բարոյական արժեքներին, տեսակներին և մարդկանց հետ հարաբերվելիս դրանք ի ցույց են դնում։ Նույն հարգանքը դիմացինի, նրա ճաշակի, կարծիքի և անհատականության հանդեպ, արժանապատվության և երախտագիտության զգացումները, պատասխանատվությունը բոլոր իրավիճակներում, բարեսրտությունը, մեծահոգությունը, գթությունը, խիղճն ու սրտացավությունը, արիությունն ու համարձակությունը, մարդամոտությունն ու անմիջականությունը, խոհեմությունն ու իմաստությունը, կռիվների փոխարեն խաղաղության ձգտելու միտումը, ընկերային միջավայրում փոխօգնությունը և փոխաջակցությունը, սիրային հատվածում՝ անկեղծությունն ու անաչառությունը, ինչ-որ դեպքերում անվրեժխնդիր սերը, աշխատանքային միջավայրում էլ սեփական դերի ու որոշումների կարևորումը և այլն. այս ամենն ընդգծում են մարդու բարոյականությունը, որը ես հավանում եմ։

Սեփական արժեքներ և սկզբունքներ

Ըստ էության՝ այս կետն անհատականության մասի տրամաբանական բացատրությունն ու շարունակությունն է, սակայն ես նախընտրում եմ հատուկ սա առանձնացնել։ Սեփական արժեքներով ու սկզբունքներով ղեկավարվելն ու ապրելը հեշտ թվացող որակ է, բայց իրականում այն ամենևին այդպիսին չէ։ Մարդ իր ողջ կյանքի ընթացքում ունենում է պահեր, երբ գործում է մեծամասնության նման, բայց չպետք է մոռանա, որ լինում են նաև դեպքեր, երբ վերջինս իրեն պետք է դրսևորի հանդուգն և արտահայտի ու գործի ինքնուրույն։ Բացի այդ, կան որոշ սկզբունքներ, որոնք անհատը պետք է որդեգրի և դրանցով շարժվի։

Փոխադարձության զգացում

Վերջում կցանկանամ հատուկ շեշտել փոխադարձության զգացման կարևորությունն անհատի մեջ։ Յուրաքանչյուր մարդ, որը ցանկանում և ձգտում է արժանի ընկերության, կառուցում է ապագային ուղղված ծրագրեր, պետք է անպայմանորեն ընկալի փոխադարձության զգացման կարևորությունը, քանզի դրա բացակայության պարագայում, կա՛մ վերջինս կդառնա խաղալիք այլոց ձեռքում, կա՛մ ինքնըստինքյան կշահագործի ուրիշներին։ Երկու դեպքերում էլ դա անընդունելի է և ոչ բարոյական։ Պարզապես պետք է իմանալ, որ ընկերության մեջ, հետևապես նաև մեծ կյանքում բոլորն են հավասար, բոլորն ունեն անքակտելի ու անսասան արժեքներ, սկզբունքներ և առաջնահերթություններ, բայցև միմյանց հանդեպ փոխադարձության զգացում։ Փոխադարձությունը պետք է լինի ամենուր՝ թե ուրախ, թե տխուր պահերին։ Եթե ինչ-որ մեկն սրտանց ինչ-որ արարք է գործում մեկ ուրիշի նկատմամբ, այդ մեկ ուրիշը պետք է մտորի և ինքն իր մեջ վերլուծի՝ նախ ինչով պետք է շնորհակալ լինի և երկրորդ՝ ինչպես օգնողին իր երախտագիտությունն հայտնի։

Հավատացե՛ք, աշխարհն այնքան փոքր է, իսկ կյանքն՝ այնքան կարճ, որ պետք է առանց հապաղելու սկսենք վերափոխվել և վերափոխել մեր շրջապատը։ Քիչ ժամանակ է մնացել…