Ապրիլի 14-18
ՀՀ Սահմանադրություն, -Գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքներ
— Հոդված 1-22

Առաջադրանք

Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում․

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մեր երկրի բարձրագույն իրավական ակտն է, մայր օրենքը, որին հղում են անում մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, օրենքներ և օրենսգրքեր։ Սահմանադրությունն ընդունվում և փոփոխվում է հանրաքվեյով։ Սույն մայր օրենքն արդեն երեք անգամ փոփոխվել է՝ 1995, 2005, 2015 թվականներին։ 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեյով ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը, որի նախաբանում հստակ նշված է, որ իրավաբանական բարձրագույն ուժով օժտված ակտը հիմնվում է Անկախության հռչակագրի դրույթների, ամուր պետականաշինության ավանդույթների, ժողովրդավարական կարգերի և հայեցակարգերի վրա։ Հուլիսի 5-ն ազգային տոնացույցում ընդգրկված է և ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության և Պետական խորհրդանիշների օր։

ՀՀ Սահմանադրությունը կազմված է 220 հոդվածներից, որոնք բաժանված են 16 գլուխների։ Մայր օրենքը սահմանում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պաշտպանական և անվտանգային նպատակներով ազգային անվտանգության մարմինների, ազգային բանակի ստեղծման, պետական կառավարման մարմինների ձևավորման ընթացակարգերը, միջհասարակական հարաբերությունների կարգավորման մի շարք այլ նորմեր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ինչպես և մյուս պետությունների համար, համարվում է պետականաշինության հիմնաքարերից ու անկյունաքարերից մեկը։ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթներն ու հոդվածները վերաբերելի են յուրաքանչյուրիս, և ամեն մեկիս պարտականությունն է հարգել և ենթարկվել, քանզի բոլորս օրենքի առաջ հավասար ենք։

Վերջին շրջանում լայն դիսկուրսի առարկա է հանդիսանում Սահմանադրության նախաբանի փոփոխության հարցը։ Պետական կառավարման մարմինները, անձամբ վարչապետն ու արդարադատության նախարարը բազմիցս հիշատակել են մայր օրենքի փոփոխության կարևորությունը՝ նշելով ժամկետներ, կազմակերպելով քննարկումներ և ստեղծելով հատուկ հանձնաժողով։ Ամեն դեպքում, հայ ժողովուրդը ներկա ստեղծված դրության հանդեպ պետք է որդեգրի իրատեսական մոտեցումներ, առաջնորդվի պետական ու ազգային շահերով, մտածի իր երկրի ապագայի մասին։

Քաղաքագիտության հերթական դասի ընթացքում շոշափվեցին սահմանադրական կարգի հիմունքներին վերաբերող այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են հղումն Անկախության հռչակագրին, ժողովրդավարական սկզբունքները, Հայոց Ցեղասպանության հարցը և միջպետական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։