Թեմա՝ «Հայաստանի Առաջին հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը»
1. Որո՞նք էին ՀՀ տնտեսական ծանր դրության պատճառները։ Ներկայացրե՛ք ՀՀ կառավարության ձեռնարկած արտակարգ միջոցառումները։ Ի՞նչ արդյունքներ դրանք ունեցան։
ՀՀ տնտեսական ծանր դրության պատճառները բազմաթիվ էին՝ սկսած Համաշխարհային պատերազմի դառնագին հետևանքներից և վերջացրած արևմտահայ գաղթականների առկայությամբ։ 1918թ. վրա հասավ նաև մեկ այլ ճգնաժամ՝ սովը, որը խլեց հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր։ Սովամահ եղավ Սուրմալու գավառի բնակչության կեսից ավելին։
Կառավարությունն այս բարդ շրջանում ստիպված էր ձեռնարկել արտակարգ քայլեր, որոնցից մեկը եղավ հացի և բամբակի պետական մենաշնորհի հայտարարումը, որի շրջանակներում պետությունը բռնագրավում էր դրանք և բաշխում բնակչության տարրերի միջև։ Ի համեմատ միջին կարիքավորների, որոնք հացի դիմաց որոշակի գումար էին վճարում, չքավորները բոլորովին անվճար էին ստանում։ Աջակցություն ստանալու նպատակով Միացյալ Նահանգներ մեկնեց առաջին վարչապետ Քաջազնունին և 1919 թվականին վերադարձավ՝ իր հետ բերելով 1.3 մլն փութ ալյուր, 257 հազար փութ ցորեն և այլ պարենամթերք։
Ընդունվեցին նաև մի շարք օրենսդրական ակտեր, որոնք գաղթականներին տալիս էին հող, աշխատանք կամ ապահովում էին պետական նպաստով։ Քանզի այդ ժամանակաշրջանում զգալի մեծացել էր որբերի թիվը, կառավարությունը ձեռնարկեց քայլեր այդ խնդիրները ևս լուծելու համար։ Բոլոր 40 հազարից ավել որբ և անապաստան երեխաները, ցավոք, ապաստան չստացան, բայց նրանց մի մասն այնուամենայնիվ աջակցություն ստացավ կառավարությունից, մյուս մասն էլ՝ Ամերկոմից։ Մեծ էր նաև արտաքին օգնությունը։
2. Ի՞նչն էր ընկած ՀՀ հողային քաղաքականության հիմքում։ Ներկայացրե՛ք տնտեսական այն միջոցառումները, որոնք ձեռնարկեցին ՀՀ-ում․ ի՞նչ հետևանքներ դրանք ունեցան։
Հողի մասին օրենքն ընդունվել է 1920թ. Մայիսյան ապստամբության ճնշումից հետո։ Ստեղծվեցին հողային հատուկ մարմիններ, որոնց խնդիրն էր ամենակարճ ժամանակում պետականացնել բոլոր մասնատիրական, վանքապատկան, վակուֆային, եկեղեցական ու լքյալ հողերը, դրանք բաժանել գյուղացիությանը։ Նոր օրենքը հիմնված էր հողի ազգայնացման՝ դաշնակցության պաշտպանած էսէռական ծրագրի վրա։ Դրա համաձայն՝ կալվածատիրական հողատիրությունը վերացվում էր առանց հատուցման։ Վերացվում էր նաև հողի մասնավոր սեփականությունը և վաճառքը։
Բոլոր հողերն ազգայնացվում էին և բաժանվում գյուղական համայնքներին։ Վերաբաժանումներ էին տեղի ունեցել գյուղացիների միջև՝ հավասարության սկզբունքով։
Ֆինանսաբյուջետային համակարգը ևս աշխույժ զարգանում էր, մտցվել էր եկամտային-առաջադիմական ձևի հարկը։ Մի շարք սփյուռքահայ մեծանուն գործիչներ ահռելի գումարներ և ունեցվածք էին կուտակել Հայաստանի Հանրապետությանը, որի շնորհիվ վերջինս կարողանում էր մարել իր պարտքերը և զբաղվել երկրի կայունացման և վերականգնման աշխատանքներով։
Հետևանքներն անշուշտ ավելի նպաստավոր կլինեին, եթե հանրապետության առջև ծառացած խնդիրները ժամանակին լուծված լինեին։ Անվտանգային հարցերը չթողեցին, որպեսզի տնտեսությունն ամբողջապես ոտքի կանգնի, բայց չնայած այս ամենին՝ պետք է արձանագրենք, որ բազմաթիվ քայլեր էր նախաձեռնվել Հայաստանի ներքին վիճակը բարելավելու ուղղությամբ։
3. Քաղաքական ի՞նչ կուսակցություններ էին գործում ՀՀ-ում․ վերհիշե՛ք, թե երբ և ովքեր էին հիմնադրել դրանք։ Հասարակական ի՞նչ կազմակերպություններ էին գործում ՀՀ-ում։ Փաստերով հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն, իրոք, ժողովրդավարական երկիր էր։
Երկրում գործող քաղաքական կուսակցությունների թիվը հասել էր 8-ի։ Դրանցից 3-ը հայ ազգային ավանդական կուսակցություններն էին՝ Ս. Դ. Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), ՀՅԴ և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցություն (ՀՍՌԿ)։ Գործում էին նաև Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), Սոցիալ-դեմոկրատների (մենշևիկներ, բոլշևիկներ), Սոցիալիստ-հեղափոխականների (էսէռներ) կուսակցությունները։ 1920թ. ձևավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։
Ինչ վերաբերում է կազմակերպություններին, ապա նրանք ժամանակի ընթացքում վերանայեցին իրենց ծրագրերն ու խնդիրները։ Հայ ժողովրդական կուսակցությունը որոշեց ծառայել Հայաստանի բարգավաճմանը, իրավակարգի հաստատմանն ու մշակույթի զարգացմանը։
1919 թվականի սեպտեմբերին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունները միավորվեցին և ստեղծեցին կենտրոնական ղեկավար մարմին՝ Հայաստանի կոմիտե (Արմենկոմ)։ 1920թ. հունվարին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների՝ Երևանում հրավիրված 1-ին կոնֆերանսը քաղաքական որոշում ընդունեց. «Պատրաստ լինել իշխանությունը գրավելուն, երբ նեցուկ կունենանք մի հարևան երկիր, որով հնարավոր կլինի կապ հաստատել բանվորա-գյուղացիական Ռուսաստանի հետ»։
Իսկ ՀՅԴ-ն, հրավիրելով թվով իններորդ համաժողովը, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին որոշեց վերանայել որոշ ծրագրային կետեր՝ կապված Արևելյան և Արևմտյան Հայաստանների հետ։
Երկրում կային հասարակական տարբեր կազմակերպություններ։ Ամենազանգվածային հասարակական ուժն արհեստակցական միություններն էին։ Գործում էր այդպիսի 13 միություն։ Գոյություն ունեին կանանց ու գյուղացիական միություններ, դաշնակցական երիտասարդական միություն, սկաուտների (ռազմամարզական) կազմակերպություն, Կարմիր խաչ և այլն։ Դրանք կրում էին դաշնակցության քաղաքական ազդեցությունը։ Բացառություն էր միայն 1919 թ. ստեղծված «Սպարտակ» երիտասարդական կազմակերպությունը, որը հայ բոլշևիկների ազդեցության տակ էր։
Արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարական արժեքներ ուներ այն ժամանակ և առաջնորդվում էր դրանցով։ Կարծում եմ՝ այո, քանզի թե՛ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները (խորհրդարանի կազմը), թե՛ ռեֆորմները, թե՛ ժողովրդի ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը երկրի ներքաղաքական ու բուն ներքին կյանքին, օրենսդրական ակտերի ընդունումը, աջակցության հայթայթումները, արհեստակցական միությունների, կուսակցությունների և այլևայլ ծառայությունների գործունեությունը, ֆինանսաբյուջետային քաղաքականությունը։ Հնարավորություն էր ստեղծվում ապահովել ժողովրդի բարեկեցության աստիճանի հետզհետե աճը, սակայն դրան դեմ էին որոշ ուժեր։ Բայց, արձանագրենք, որ հանրապետության բարգավաճմանը մեծաթիվ գործոններ նպաստեցին՝ այն էլ այդքան բարդ ու օրհասական վիճակում։