Հայ ժողովուրդն անցել է բազում փորձությունների ու հերոսական դիմադրությունների միջով՝ յուրաքանչյուր դար ներկայացնելով մի նոր էջ ազգային պայքարի, նվիրումի և տոկունության։ Այս պատմական փորձառությունները՝ փառապանծ հաղթանակներն ու նրանց կողքին կործանիչ պարտությունները՝ ողողված ներքին ամրության և միասնականության ոգու կոչով, չեն մնացել միայն փաստաթղթերում և այլևայլ ուսումնասիրություններում, դրանք ամրագրվել են նաև հայ գրականության մեջ, մասնավորապես՝ պատմավեպերում, որոնք ոչ միայն վերարտադրում են պատմական իրականությունը, այլև փոխանցում են հայ ժողովրդի ոգին ու արժեհամակարգը (արձանագրենք, որ պատմավեպերը չեն ներկայացնում հարաբերականորեն իրական պատմությունը, քանզի հիմնված են հեղինակի զգացումների և հույզերի վրա)։
Հայ պատմավեպերը, լինելով պատմության ու գրականության ինքնատիպ միահյուսում և միաձուլում, անտարակույս ունեն բացառիկ դեր հայրենասիրական դաստիարակության գործում։ Այն առումով, որ կերպարները զոհվում են հանուն հայրենիքի, պայքարում են ազատության ու ժողովրդի բարեկեցության համար, անվերջ ու անդադար կռիվ են մղում ներքին և արտաքին թշնամու դեմ կամ պարզապես ապրում են վեհ հայրենական-ժողովրդական արժեքներով ու տարածում են դրանք ժողովրդի շրջանում, ընթերցողին փոխանցում են հայրենասիրության խորքային զգացումը՝ ոչ թե որպես լոզունգ կամ լոկ ճառ, այլ իբրև ապրած իրականություն ու կոչ-հրամայական հետագա սերունդներին։
Հայկական վեպերը, ի լրումն հայրենասիրական գրականության, ունեն կարևոր նշանակություն ազգային ինքնության և հավաքական գիտակցության բացահայտման մեջ։ Դրանք արձանագրում են պատմական հիշողությունը, վերարժևորում մշակութային արժեքները և խորացնում ըմբռնումն հայ մարդու ներաշխարհի, արժեքների ու գոյաբանական ինքնության մասին՝ նպաստելով ազգի համայնապատկերի ամբողջական ձևավորմանը։
«Հայ ժողովրդի հավաքական կերպարն հայ գրականության էջերում» նախագիծն իր առջև նպատակ է դրել վերլուծել, թե ինչպես է հայ ժողովրդի մտածելակերպն ազդում իր կյանքի և գործելակերպի վրա։ Կարևոր է իմանալ՝ ինչպես են ձևավորվում ազգային ինքնագիտակցությունը խթանող գրական կերպարները, ինչպիսի գրվածք, կառուցվածք և զարգացող սյուժե են ունենում տարբեր դարերում և իրավիճակներում տարբեր հեղինակների կողմից շարադրված ստեղծագործությունները, և ինչ դեր ունեն այդ գործերը կրթական, մշակութային ու քաղաքացիական դաստիարակության համատեքստում։
Այս ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերարժևորել հայրենասիրական դերը ժամանակակից հայ հասարակության մեջ՝ վերաիմաստավորելով այն գրական ժառանգության միջոցով, ինչպես նաև ընդգծել ոչ հայրենասիրական ուղղվածություն ունեցող գրականության նշանակությունը՝ որպես ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային բազմազանության բացահայտման կարևոր միջոց։ Այժմ, ստորև ներկայացվում է իմ նախագծային փաթեթը.
Ալեքսանդր Շիրվանզադե
Հակոբ Պարոնյան
«Մեծապատիվ մուրացկաններ». երգիծանքը (մաս 1)
«Մեծապատիվ մուրացկաններ». ասելիքը (մաս 2)
Մուրացան (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան)
Պարույր Սևակ
Գարեգին Նժդեհ
«Որդիների պայքարը հայրերի դեմ»
Նախագծի սահիկաշարին ծանոթացե՛ք այստեղ.
© Դավիթ Մուրադյան 19.04.2025