Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
Դուրս գրել հռչակագրի 5 հոդված, քննարկել դրանց կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում.
Ստորև ներկայացնում եմ հինգ հոդված և դրանց կիրառելիության մակարդակը մեր պետությունում։
Հոդված 1.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Կիրառելիություն. Հոդվածն ինքնին վերաբերում է համայն մարդկությանը, և հայաստանյան ժողովուրդն այստեղ բացառություն չէ, բայց արձանագրենք, որ եղբայրության ոգին մի քիչ չափազանցված է և չի համապատասխանում ոչ միայն մեր, այլև մի շարք այլ երկրների ժողովուրդների միջանձնային ու միջհասարակական հարաբերությունների ոգուն, լինի դա եղբայրական, թե թշնամական։ Այնուամենայնիվ, հասարակությունը դեռ ունի տեղ զարգանալու, և ըստ իս, սա կարևորագույն ու միևնույն ժամանակ ամենախնդրահարույց թեմաներից մեկն է, որը պետք է քննարկվի տարբեր շերտերում և շրջանակներում։
Հոդված 7.
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
Կիրառելիություն. Չունենալով բավական շատ տեղեկություններ հավաստի աղբյուրներից, բայց լինելով ականատես ինչ-ինչ գործընթացների, պետք է նշեմ, որ ինչ որ նկարագրվում է վերոնշյալ հոդվածի բովանդակության մեջ, դրա նկատմամբ փոքրիշատե մեր հասարակությունը փոփոխության է ենթարկվել։ Ավանդական և ինչ-որ տեղ թերի ու ժամանակավրեպ արժեհամակարգի պատճառով այն մտածելակերպն ու մոտեցումները, որոնք ենթադրում են խտրականություն մեկի, և գերադասում՝ մյուսի հանդեպ, դեռևս մնում են արդիական։ Ինչ վերաբերում է կառավարական և իշխանական մակարդակներին, ապա հստակ կարծիք հայտնել չեմ կարող, բայց մշտադիտարկումը ցույց է տալիս, որ արդարադատությունն այսուհանդերձ կամաց-կամաց սկսում է գերիշխել։
Հոդված 19.
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Կիրառելիություն. Եթե բովանդակությունը պրոյեկտենք հասարակության մի ստվար հատվածի վրա, կտեսնենք, որ այն այնքան էլ չի ընդունում այլոց կարծիքն ու համոզմունքները, որոնք անձնական են և մեկտեղ՝ սուբյեկտիվ, բայց հռչակագրի համաձայն ընդունելի են և հարգման արժանի։ Յուրաքանչյուր պարագայում, պետք է ընդունենք, որ հասարակությունը միաբան չէ (ինչը որ կարծում եմ՝ լավ է), մտածում է տարբեր կերպ, հետևաբար մեր պարտքն է հարգել և ընդունել այլոց կարծիքները ևս։ Անդրադառնալով անկաշկանդ արտահայտմանը՝ այդ մշակույթը գնալով զարգանում է մեր երկրում, ինչը լայն և համակարգված դիսկուրսների մեծ հնարավորություններ է ընձեռում, ուստիև՝ զարգացում։
Հոդված 20.
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու:
Կիրառելիություն. Այս հոդվածն էական է և արժանի ուշադրության։ Մեր դարում տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ զարգանում և ամրանում են նաև մարդկանց խաբելու, իրենց կողմը քաշելու տեխնիկաները, որոնք մի բառով կարող ենք կոչել մանիպուլյացիա։ Դրանք հոգեբանական հնարքներ են, որոնք ենթագիտակցորեն ազդում են մարդու ընկալման ու ընդունման վրա և ստիպում են այլ կերպ գործել ու մտածել, ինչն իմիջիայլոց, միշտ չէ, որ դրական է։ Հետևապես, պետության գործն է հետևել իր քաղաքացիների վարքուբարքին՝ ավելորդություններից խուսափելու համար։
Հոդված 24.
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
Կիրառելիություն. Այս հոդվածը հայկական իրականության հետ միաժամանակ բռնում է և չի բռնում։ Մարդիկ պետք է կարողանան նաև անջատվել իրականությունից, կտրվել առօրյա հոգսերից և մուտք գործել, այսպես ասած, այլ աշխարհ։ Մեր հասարակության մեջ կան այնպիսի տարրեր, որոնք կամովին կամ ակամա իրենց, կոպիտ ասած, տանջում են՝ հետագայում դժգոհելով անարդար վերաբերմունքի և գնահատանքի համար։ Մենք՝ հայերս, պետք է սովորենք նաև ճիշտ հանգստանալ։