Ապրիլի 23-ին, հասարակագիտական ստուգատեսի շրջանակում, հասարակագիտության դասավանդող և պատմաբան Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությամբ, հասարակագետներ Սամվել Թամազյանի ու Վարդան Կարապետյանի համակարգմամբ, հետազոտական ընթերցասրահում տեղի ունեցավ «Արգիշտիխինիլի հնավայրի ուսումնասիրության պատմությունը և ընթացիկ պեղումները» թեմայով հանդիպում-քննարկում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Մարգար Հմայակյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էին հետազոտական վարժարանի 10-12-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր, քոլեջի ուսանողներ, հասարակագետ-դասավանդողներ և այլ շահագրգիռ անձինք։

Հանդիպման նախագծի և նպատակի մասին ավելին ընթերցեք համակարգող-դասավանդող Սամվել Թամազյանի բլոգում.

Բացման խոսքով հանդես եկավ Վարդան Կարապետյանը՝ ներկայացնելով հասարակագիտական ստուգատեսի ընթացքը, հյուրընկալվող բանախոսներին ու նրանց թեմաները։ Այնուհետև խոսքը փոխանցվեց հնագետ Մարգար Հմայակյանին։

Հանդիպման առաջին հատվածում մեր հյուրը սահիկաշարով ներկայացրեց տեսական տեղեկություններ Արգիշտիխինիլի բերդաքաղաքի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով.

  • Արգիշտիխինիլին երկու բլրի վրա կառուցված, վարչատնտեսական և կրոնական կարևոր կենտրոն հանդիսացող քաղաք էր,
  • Արևելյան բլուրն անվանում են Արմավիրի բլուր Խալդիի քաղաք,
  • Արմավիրի բլրի գագաթին կառուցված է Սուսի տաճարը,
  • Սուրբ Վարվառան, ում անունով եկեղեցի է գործում Արագածոտնի մարզի Արա լեռան վրա, ավանդազրույցի համաձայն եղել է Սուրբ Դավթի քույրը,
  • Հիմնական պեղումներն իրականացվել են Նոր Արտագերս, Նալբանդյան և Նոր Արմավիր բնակավայրերում. իմիջիայլոց վերջինիս տարածքում է եղել բերդաքաղաքը։

Պարբերաբար լուսանկարներ և պատկերներ էին ցուցադրվում պեղավայրերից։ Սովորողները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու պատկերներում արտացոլվող իրերի և գույքերի կառուցվածքը, նշանակությունն ու խորհրդանշականությունը։ Ցուցադրվեցին 1982թ. Նոր Արմավիրից գտնված սարկոֆագը՝ աճյունափորերով և գույքով, մ.թ.ա. 8-7-րդ դդ. թվագրվող դիամասնատման ծեսով հիմնահողային դամբարաններ, մ.թ.ա. 6-րդ դ. երեխաների կարասային թաղումներ՝ ի դեպ հատուկ հոգատարությամբ, քարարկղային թաղումներ, Խաթե և Ծուպա անվանված երկրներում վերաբնակեցված մարդկանց վաղ շրջանի թաղումները (նաև խմբային) և այլն։

Սովորողներն ու հասարակագետները հարցեր էին հնչեցնում բանախոսին, և նա հանգամանալից պատասխաններ էր տալիս։ Անդրադարձ եղավ մարդկային զոհաբերություններին, որոնք հիմնականում կատարվել են հին ժամանակներում. հեղինակավոր իշխանավորի մահից հետո զոհաբերում էին նրա ենթականերին և ստրուկներին, որպեսզի հանդերձյալ աշխարհում շարունակեն իրենց ծառայությունը։ Պետք է արձանագրել, որ նմանատիպ ճոխ արարողությունները կատարվել են ի պատիվ հասարակական վերին շերտերին և խավերին պատկանող անհատների հիշատակի հարգման։

Քննարկման երկրորդ հատվածում հնագետը պատմեց պեղումների ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք կատարվում են մի քանի փուլով. առաջին փուլում վերին շերտի մաքրման աշխատանք է իրականացվում, իսկ երկրորդով՝ պրեպարացիա՝ համապատասխան գործիքների և հարմարանքների կիրառմամբ։

Վերջում սովորողները հետաքրքրվեցին, թե ինչպես են կատարվում գտածոների և արտեֆակտների նույնականացումն ու թվագրումը։ Հնագետը պատմեց ռադիոածխածնային և այլ նորարարական մեթոդների մասին՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները վերաբերելի են մարդաբանների գործին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու կրթահամալիր-ինստիտուտ կապերն ու համագործակցությունը փոխադարձ այցերի, հետազոտական աշխատանքների գրախոսման, պեղումների մասնակցության և այլ ոլորտներում։ Շնորհակալությունս եմ հայտնում կազմակերպիչներին՝ նման կարևոր հանդիպում նախաձեռնելու և բանախոսին՝ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում վարելու համար։

Լուսանկարները՝ Դիտանկյունի
Համակարգումը՝ Սամվել Թամազյանի, Վարդան Կարապետյանի