Թեմա՝ «ՀՀ սպառնացող արտաքին վտանգները»

1. Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին երկրի կայունությանը սպառնացող ի՞նչ վտանգներ կային։ Ինչպե՞ս Էր Թուրքիան փորձում ՀՀ տարածքում ուժեղացնել իր ազդեցությունը։ ՀՀ իշխանություններին ե՞րբ և ի՞նչ միջոցներով հաջողվեց ճնշել հակապետական խռովությունները։

Առաջին հանրապետության օրոք մշտապես առկա էին երկրի կայունությանը սպառնացող վտանգներ։ Դրանք առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ներսում կազմակերպված թուրք-թաթարական հակահայկական խռովություններն էին։ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում էին տիրանալ Հայաստանի մի շարք տարածքների՝ Կարս, Ղարաբաղ (Արցախ), Զանգեզուր, Նախիջևան, Շարուր-Դարալագյազ, Սյունիք և այլն։ Այս տարածքներում կազմվում էին «անկախ հանրապետություններ»՝ «շուրաներ», որոնք հրաժարվում էին ենթարկվել հայկական պետական իշխանության օրինական պահանջներին և կարգադրություններին։ Մուսուլմանական այս կազմավորումները խափանում էին միջքաղաքային հաղորդակցությունը, ապստամբություններ էին կազմակերպում, խանգարում պետության բնականոն ընթացքին։

Մեկ այլ ներքին պառակտման և ապստամբության վառ օրինակ էր թաթարական ներկայացուցչության ծրագրավորված հակահայկական գործունեությունը, որը սկզբից ղեկավարում էր խան Թեքինսկին, հետո էլ՝ Հախվերդովը։ Իմիջիայլոց, վերոհիշյալ անձանց մասին ավելի մանրամասն պատմվում է «Օպերացիա Զոդ» գրքում։

Անգլիական զորքերի հեռացման հետևանքով 1919թ. բռնկված թուրք-թաթարական ընդհանուր խռովությունը սկզբից կառավարության կողմից փորձ էր արվում կանխել՝ գնալով խաղաղ ճանապարհով։ Նմանատիպ իրավիճակ էր տիրում նաև արևելյան գոտում՝ Բասարգեչարի տարածաշրջանում, Սևանի ավազանում։ Զանգիբասարի խռովարարներին վերջնագիր ներկայացվելուց և նրանց մերժելուց հետո, կառավարությունը դիմեց պաշտպանության և եռօրյա մարտերից հետո խռովությունը խաղաղվեց։ Բեյուք-Վեդիի խռովարարների նկատմամբ երկօրյա ռազմական գործողություններն էլ հանգեցրին Ղամարլուի, նույն ինքը՝ Արտաշատի տարածքի ազատագրմանը։ Ինչպես տեսնում ենք, կառավարությունը հիմնականում ճնշում էր ապստամբություններն ու խռովությունները, ինչն էլ հանգեցրեց ներքին, ապակայունացնող խնդիրների մեղմացմանը։

2. Ներկայացրե՛ք 1920 թ․ Մայիսյան ապստամբության սկիզբը։ Ովքե՞ր էին այն կազմակերպել։ Երկրի կառավարության կազմում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։ Նկարագրե՛ք ասպտամբության հետագա ընթացքը։ Որո՞նք էին Մայիսյան ապստամբության պարտության պատճառները։

Մայիսյան ապստամբությունը Հայաստանի բոլշևիկների զինված ելույթն էր ՀՀ-ում խորհրդային կարգեր հաստատելու համար։ Ինչպես նշվել է, այդ հարցը բոլշևիկները քննարկել էին 1920թ. հունվարյան կոնֆերանսում։

Աշխատավորների միջազգային օրը՝ մայիսի 1-ին, նրանք Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում և այլուր անցկացրին ցույցեր ու հանրահավաքներ։ Բոլշևիկների մայիսմեկյան ցույցերը կրում էին քաղաքական կարգախոսներ և հակակառավարական բնույթ։ Ալեքսանդրապոլի բոլշևիկները փորձեցին խաղաղ ցույցերը վերածել ապստամբության։ Դրան նպաստեց այն, որ բոլշևիկների ազդեցության տակ անցավ «Կարմիր Զորավար» գնդի զինվորական կայազորի զգալի մասը։

Դիմելով Արմենկոմին՝ բոլշևիկները մի կողմից մերժում չստացան ապստամբություն կազմակերպելու, բայցև մյուս կողմից մարտավարական ծրագրերի խնդիր կար։ Բոլշևիկների ընդհանուր խորհրդակցության ժամանակ որոշվեց ապստամբությունը միանգամից սկսել և՛ Ղազախից, և՛ Ալեքսանդրապոլից, որն էլ պիտի դառնար հիմնական կենտրոնը։ Այնուհետև, շարժվելով Երևան, ապստամբները պիտի գրավեին նաև մայրաքաղաքը, բայց առանց ներքին ապստամբության։ Ըստ էության՝ բոլշևիկներին ոգևորել էր նորաստեղծ Ադրբեջանի խորհրդայնացումը, որը տեղի էր ունեցել ապրիլին։

Խատիսյանի գլխավորած կառավարությունը մայիսի սկզբին հրաժարական ներկայացրեց։ Նրանց փոխարինելու եկավ Համո Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, որը որդեգրել էր կոշտ քաղաքականություն։ Ապստամբությունը սկսվեց Կարսում, սակայն այստեղ կառավարական ուժերն ապստամբներին ստիպեցին նահանջել Ալեքսանդրապոլ։ ՌՀԿ-ն մայիսի 10-ին Ալեքսանդրապոլում հրապարակեց կոչ՝ իշխանությունն իր ձեռքն անցնելու մասին։ Տեղական իշխանությունները չդիմադրեցին և իշխանությունը խաղաղ փոխանցեցին ապստամբներին։

Սեպուհի գլխավորությամբ Ալեքսանդրապոլ ուղարկված զորքը, որը պիտի ճնշեր ապստամբներին, վերջնագիր ներկայացրեց Ռազմհեղկոմին, որը որոշ ժամանակ անց առանց դիմադրության հանձնեց քաղաքը, և այնտեղ վերականգնվեց կառավարության օրինականությունը։

Բոլշևիկների ապստամբությունը սկզբից ևեթ դատապարտված էր անհաջողության։ Հաղթանակի համար երկրում լուրջ նախադրյալներ չկային։ Իսկ Ռուսաստանն այդ պահին Հայաստանի խորհրդայնացման խնդիր չէր դրել։ Բացի այդ՝ ապստամբությունը տարբեր վայրերում միաժամանակ չսկսվեց։ Ավելին՝ մեծ մասամբ այն սկսվեց ապստամբության կենտրոնի պարտությունից հետո և ավարտվեց տարբեր ժամանակ։ Գլխավոր կազմակերպիչներն էլ գնդակահարվեցին։

Մայիսյան ապստամբությունն ապակայունացրեց այն էլ անկայուն երկիրը՝ հասցնելով միայն վնաս։ Պետությունը հսկայական ռեսուրս և ջանքեր գործադրեց ներքին այս խնդիրը լուծելու համար։