Ապրիլի 28-ին հետազոտական վարժարանի ընթերցասրահում, անգլերենի դասավանդող Նունե Այդինյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց «Հայաստանի նոր հետպատերազմյան ռազմավարությունը» թեմայով հանդիպում-քննարկում Հայաստանում գործող անկախ վերլուծական Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հիմնադիր տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի հետ։ Քննարկմանը մասնակցում էին միջին և ավագ դպրոցների տարատարիք սովորողներ, հասարակագետ-դասավանդողներ, քոլեջի ուսանողներ և այլ շահագրգիռ անձինք։

Հանդիպման նախագծին և նպատակին ավելի մանրամասն ծանոթացե՛ք համակարգողի բլոգում.

Բանախոսի կենսագրությունը ստորև՝

Ռիչարդ Գիրագոսյանը Հայաստանում գործող անկախ վերլուծական Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հիմնադիր տնօրենն է: Նա ունի ավելի քան 35 տարվա փորձ անվտանգության քաղաքականության և միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Նա հանդես է գալիս որպես հրավիրյալ դասախոս Հռոմում՝ ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում, ինչպես նաև դասավանդել է Վարշավայում տեղակայված Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսում և Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։

Բացման խոսքով հանդես եկավ Նունե Այդինյանը՝ հակիրճ ներկայացնելով օրվա բանախոսին և քննարկման թեմայի արդիականությունը, որից հետո ներածական ելույթ ունեցավ պարոն Գիրագոսյանը։ Մեր հյուրը խոսեց այժմյան իրականության մեջ նմանատիպ թեմաների քննարկման կարևորության մասին՝ շեշտադրելով երիտասարդության առանձնահատուկ դերն ապագա Հայաստանի ամրապնդման ու շենացման գործում։

Խոսելով հետպատերազմյան նոր դրության մասին՝ վերլուծաբանը վերստին ընդգծեց տարածաշրջանային կոմունիկացիաների համատեքստում մեր պետության յուրահատուկ դերը՝ իբրև պատմականորեն ձևավորված կապօղակ ու քաղաքակրթությունների խաչմերուկ։ Անդրադարձ եղավ նաև հարևան պետությունների հետ ռազմավարական նշանակություն ունեցող բազմաշերտ ու բազմաոլորտ համագործակցության զարգացմանը, որը երկրի տնտեսական վերելքից զատ ազդում է նաև ներքին կայունության մակարդակի բարձրացմանը։

Հետաքրքրված սովորողները պարոն Գիրագոսյանին պարբերաբար հարցեր էին հնչեցնում կապված հայ-ադրբեջանական վերջին բանակցությունների, հնարավոր նոր պատերազմի, գործընթացներում Թուրքիայի ներգրավման և վերջինիս հետ հաշտության բանակցությունների վարման, տարածաշրջանային խաղացողների ու շահառուների, Եվրամիությանը միանալու հայկական կողմի պատրաստակամության և ներկայիս համատեքստում դրա իրատեսականության, ներհայաստանյան իրավիճակի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ասպեկտներում, մոտ ապագայում սպասվող աշխարհակարգի փոփոխությունների, ռուս-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանի վրա ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության, սահմանների երկայնքով միջազգային խաղաղապահ դիտորդական առաքելության տեղակայման ու գործունեության և մի շարք այլ թեմաների հետ։

Ինչպես տեսնում ենք՝ մեր քննարկումը սահմանափակված չէր մեկ կամ մի քանի թեմաներով. հանդիպման ընթացքում շոշափվել են տասնյակ արդիական ու կարևոր թեմաներ։ Վերլուծաբանը շատ հանգամանալից պատասխաններ էր տալիս բոլոր հարցերին՝ փորձելով հնարավորինս պարզ բացատրել ստեղծված դրությունն ու կառավարության հետագա քայլերն ու ռազմավարությունը։

Առանձին քննարկման թեմաներ հանդիսացան գալիք խորհրդարանական ընտրությունները, ՀՀ կառավարության կողմից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու նրա նպատակը, շրջանառվող «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ու նրա պրոյեկտումը հասարակության վրա և այլն։

Հանդիպման ավարտին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի անունից պարոն Գիրագոսյանին ներկայացվեց և հանձնվեց «Սեբաստացի» գինին։

Հատուկ պիտի արձանագրեմ՝ այսպիսի հանդիպումները չափազանց կարևոր միջոց են բանախոսների և սովորողների համար՝ միմյանց կարծիքներն ու դիրքորոշումները ճանաչելու, միասին ապագայի վերաբերյալ խորհելու, ծրագրեր կազմելու, ինչու ոչ նաև հաստատությունների միջև հետագայում համագործակցություն ծավալելու տեսանկյունից։ Ես անչափ կարևորում եմ նմանատիպ միջոցառումները, քանզի համոզված եմ, որ այսօր միմյանց լսելով ու հասկանալով վաղն ունակ կլինենք կառուցել ավելի արժանապատիվ ու ամուր պետություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության, աշխատասիրության և հայրենասիրության վրա։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում հանդիպման կազմակերպիչ տիկին Այդինյանին՝ կարևոր նախաձեռնության, և պարոն Գիրագոսյանին՝ հետաքրքիր ու արդյունավետ քննարկում անցկացնելու համար։