Թեմա՝ «Հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը»
1. Որո՞նք էին ՀՀ ձեռնարկած առաջին դիվանագիտական քայլերը։ Ո՞ր երկրների և կառավարությունների հետ դիվանագիտական հարաբերություններ ուներ ՀՀ-ն։ Ժամանակաշրջանի նշանավոր ի՞նչ հայ դիվանագետների կարող եք ներկայացնել։
Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին միջազգային դիվանագիտական փաստաթուղթը 1918-ին Բաթում քաղաքում կնքված համանուն դաշնագիրն է։ Վերոնշյալ դաշնագրի ոչ նպաստավոր կետերը վերանայելու առաքելությամբ Պոլիս է մեկնում հայկական պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, որն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Նույն ժամանակահատվածում եվրոպական մայրաքաղաքներ Բեռլինում և Վիեննայում դիվանագիտական միջոցառումներին մասնակցում էր Համո Օհանջանյանի պատվիրակությունը։
Հայաստանը սկզբում հարաբերություններ էր կառուցում Քառյակ միության երկրների, ինչպես նաև անմիջական հարևանների հետ։ Մուդրոսի զինադադարը, որը կնքվեց նույն տարվա հոկտեմբերին, ազդարարեց Թուրքիայի պարտությունն Առաջին աշխարհամարտում, և ինքնըստինքյան չեղյալ համարեց Բաթումի պայմանագիրը։
Առաջին Հանրապետության դիվանագիտական կարևորագույն իրադարձություններից էր նաև Փարիզյան խաղաղության կոնֆերանսին մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը՝ ղեկավարությամբ Ավետիս Ահարոնյանի, փորձում էր հասնել Միացյալ Հայաստանի ճանաչմանը և արևմտյան տերությունների օգնությանը։
Ինչ վերաբերում է Սևրի դաշնագրին, թեև այդպես էլ ուժի մեջ չմտավ, սակայն ճանաչում էր Հայաստանը որպես անկախ պետություն և նախատեսում էր Արևմտյան Հայաստանի որոշակի տարածքների միացում։ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը ստանձնեց իրավարար վճռի իրագործման ղեկավարությունը, սակայն հաջողության այդպես էլ չհասավ. կոնգրեսը մերժեց այն։
Հայաստանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին սերտ հարաբերությունների մեջ էր գտնվում հարևան Իրանի հետ։ Ավելին, Թեհրանում հիմնված հայկական ներկայացուցչությունը գլխավորում էր պատգամավոր Հովսեփ Արղությանը։
2. Ինչո՞ւ սրվեց հայ-վրացական հարաբերությունները 1918 թ․ վերջին։ Ի՞նչ լուծում ստացավ հայ-վրացական հակամարտությունը։ Ներկայացրե՛ք հայ-վրացական հարաբերությունները 1920թ․ ընթացքում։
1918 թվականի վերջին հայ-վրացական հարաբերությունների սրման հիմնական պատճառը տարածքային վեճն էր։ Երկու հարևան պետություններն էլ հավակնություններ ունեին Լոռու, Ջավախքի և Բորչալուի գավառների նկատմամբ, որոնք ունեին թե՛ վրացական, թե՛ հայկական բնակչություն։
Հայ-վրացական հակամարտությունը լուծում ստացավ միջազգային միջամտության շնորհիվ, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջնորդությամբ կողմերը համաձայնության եկան զինադադարի շուրջ 1919 թվականի հունվարին։ Բրիտանական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին վիճելի տարածքներում՝ բնականոն ընթացքը պահպանելու համար։ Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ վերջնական լուծումը կտրվի հետագայում՝ խաղաղության կոնֆերանսի ժամանակ։
1920 թվականի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները մնացին լարված, սակայն խոշոր զինված բախումներ տեղի չունեցան։ Վիճելի տարածքների հարցը շարունակում էր մնալ չլուծված։ Այդուհանդերձ, տարածքային վիճելի հարցի վերջնական լուծումը հետաձգվեց մինչև խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում և Վրաստանում։
3. Որո՞նք էին հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները։ Վերհանե՛ք հայկական զորքի խաղացած դերը Բաքվի 1918 թ․ հերոսական պաշտպանության ժամանակ։ Ինչպե՞ս զարգացան իրադարձություններն Արցախում և Զանգեզուրի համար պայքարում։ Ինչո՞ւ Անդրանիկին չհաջողվեց իր զորամասով մտնել Արցախ։ Ի՞նչ ընթացք ստացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի խորհրդայնացումից հետո։ Ո՞ր համաձայնագրով դադարեցին ռազմական գործողությունները Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ զինված ուժերի միջև։ Գնահատե՛ք Գարեգին Նժդեհի դերը Զանգեզուրի ինքնապաշտպանության գործում։
Հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բնույթ ունեին։ Արտաքին հարթությանը վերաբերում էին տարածքները, սահմանների ճշգրտումը, իսկ ներքինին՝ զորքը, բնակչությունը, երկու պետություններում հայերի և թաթարների բնակեցման խնդիրը և այլն։ Ադրբեջանը, ոգևորված թուրքական ծավալապաշտական քաղաքականությամբ և համաթուրանականության ծրագրով, ձգտում էր Հայաստանից կորզել բազմաթիվ տարածքներ՝ ներկայացնելով դրանք որպես պատմական ադրբեջանական։ Նման քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս։
Լարվածության պատճառներից էր նաև Ստեփան Շահումյանի և նրա քաղաքական ու ռազմական կողմնակիցների ընդվզումը Բաքվում։ Բանն այն էր, որ Բաքվի Հայոց ազգային խորհուրդը չէր ճանաչում Բաթումի պայմանագրի դրույթներից մեկը, այն է՝ հայկական կորպուսի/զորամիավորումների լուծարումը։ Համագործակցելով Շահումյանի գլխավորած Բաքվի ժողովրդական կոմիսարների իշխանության հետ՝ խորհուրդը դիմեց ինքնապաշտպանության։ Թուրքական զորքերի ռազմարշավը դեպի Բաքու սկսվեց 1918-ի հունիսին։ Սկզբում հայկական ուժերին հաջողվեց դիմակայել։ Առաջխաղացման գործում իրենց կարևոր դերն ունեցան Կորգանովը, Բագրատունին, Սեբաստացի Մուրադն ու Սեպուհը։ Միայն սեպտեմբերին թուրքական զորքերին հաջողվեց մտնել քաղաք, կոտորվեց շուրջ 30.000 հայ։
Դաժան ճակատագրի արժանացան Բաքվի 26 կոմիսարները, որոնց թվում էին Շահումյանն ու Կորգանովը։
Թուրքական բանակի առաջխաղացումներով ոգևորված Ադրբեջանը սկսեց հարձակումներ գործել Ղարաբաղի և Զանգեզուրի վրա։ Նույն թվականի հուլիսին Շուշիում կայացավ արցախահայության առաջին համագումարը, որը երկրամասը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր։ 1918-ի հուլիսի վերջին Զորավար Անդրանիկը տեղափոխվել էր Սյունիք և հռչակել իրեն երկրամասի գերագույն զինվորական հրամանատար։
Բաքվի նահանգապետ նշանակված գեներալ Թոմսոնը (նրա հետ նաև Անգլիան), պարզվում է, վարում էր ադրբեջանամետ քաղաքականություն՝ պայմանավորված երկրի նավթային պաշարներով։ Դա էր պատճառը, որ Թոմսոնի հրամանով կասեցվեց արցախահայությանն օգնության շտապող Անդրանիկի զորախմբի առաջխաղացումը դեպի Շուշի։ Շարունակելով հակահայ քաղաքականությունը՝ Բրիտանական զորքերը Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ նշանակեցին հայատյացությամբ հայտնի Խոսրով բեկ Սուլթանովին։
Այլ լուծում ստացավ Շարուր-Նախիջևանի հարցը։ Դևինի և Դրոյի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ այն միացավ Հայաստանի Հանրապետությանը։ Մուսուլմանական բնակչությունը, հովանավորություն ստանալով թուրքական և ադրբեջանական կառավարություններից, պարբերաբար ապստամբություններ և ընդվզումներ էր կազմակերպում հանրապետության մի քանի շրջաններում՝ այդպես խափանելով երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը։ Շարուր-Նախիջևանի հայկական բնակչությունը կոտորվեց։
1919 և 1920 թվականներին լարվածությունն էլ ավելի սրվեց, և Զանգեզուրի պաշտպանության գործերով զբաղվելու նպատակով, երկրամաս ժամանեց հմուտ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհը։ Նրան հաջողվեց բարձրացնել բնակչության մարտական ոգին և երկրամասը պահել անսասան։ Սպարապետ Նժդեհի ներդրումը պետության սահմանների պաշտպանության գործում անուրանալի է։ Նժդեհը 1920-ի հուլիսին գլխավորեց համազանգեզուրյան ապստամբությունը։ Հայ ապստամբներին ճնշելու կարմիրբանակայինների փորձերը հաջողություն չունեցան, 1921 թվականի նոյեմբերի 21-ին հայկական ուժերն ազատագրեցին Գորիսը։ Այսպես բոլշևիկյան զորքերից ազատագրվեց ամբողջ Զանգեզուրը։
Իրադրությունը փոխվեց, երբ Ադրբեջանը խորհրդայնացվեց 1920-ի ապրիլին։ Դրանից հետո Ռուսաստանն իր քովի տակ վերցրեց Ադրբեջանին և պահանջեց Հայաստանից դուրս գալ մի շարք տարածքներից։ 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում ստորագրված համաձայնագրի արդյունքում՝ կողմերի միջև ռազմական գործողությունները դադարեցին, սակայն Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը հայտարարվեցին «վիճելի տարածքներ»։ Խորհրդային ուժերի հարձակումները չդադարեցին։