Նախագահների կյանքի անսովոր դրվագների, նրանց նախկին մասնագիտությունների կամ Սպիտակ տան հետ կապված հետաքրքիր փաստերի ուսումնասիրությունը օգնում է ավելի լայն պատկերացում կազմել ԱՄՆ-ի պատմության, նախագահական ինստիտուտի և նույնիսկ հասարակական կյանքի մասին տարբեր ժամանակաշրջաններում։ Այն թույլ է տալիս տեսնել պատմական գործիչներին ոչ միայն որպես քաղաքական գործիչների, այլև որպես բազմակողմանի անհատների՝ իրենց հետաքրքրություններով և նախկին փորձով։ Նախագահների անձնական կյանքի և նրանց կողմից Սպիտակ տան մշակույթում կատարված փոփոխությունների ուսումնասիրությունը կարող է լույս սփռել քաղաքական գործընթացների, իշխանության կենտրոնում գտնվող անձանց դերակատարման և նրանց ազդեցության վրա։
Մինչ Սպիտակ տան շեմը հատելը, բազմաթիվ նախագահներ աչքի են ընկել ոչ սովորական մասնագիտական ուղիներով։ Երեսունիններորդ նախագահ Ջիմի Քարթերը զբաղվել է գետնանուշի մշակությամբ։ Քառասուներորդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հանրահայտ կինոդերասան էր։ Իսկ տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնը ժամանակին աշխատել է որպես ցանկապատերի համար նախատեսված ձողերի մշակող։
Եվ եթե վարկածն առ այն, որ «հանդերձանքն է մարդուն անհատականացնում», ճշմարիտ է, ապա արդարացի է նաև այն դիտարկումը, որ «նախագահներն են ձևավորում հագուստի մշակույթը»։ Միացյալ Նահանգների տասնյոթերորդ նախագահ Էնդրյու Ջոնսոնը, մինչ պետական այր դառնալը, զբաղվել է դերձակությամբ։ Երեսուներեքերորդ նախագահ Հարի Թրումենը նախկինում եղել է գլխարկավաճառ, այսինքն՝ անձ, որը մասնագիտացած է տղամարդկանց զգեստների և աքսեսուարների, մասնավորապես՝ գլխարկների առևտրում։
Սպիտակ տան շեմն անցնելուց ի վեր յուրաքանչյուր նախագահ իր ուրույն ներդրումն է ունեցել տարբեր ասպարեզներում։ Իրողություն է, որ մինչև 1901 թվականին Թեոդոր Ռուզվելտի նախագահական լիազորությունների ստանձնումը, «Սպիտակ տուն» անվանումը գոյություն չուներ։ Այն ժամանակաշրջանում շենքը հիշատակվում էր որպես Նախագահի պալատ, Նախագահի տուն կամ Գործադիր առանձնատուն։ Հենց Ռուզվելտն է, որ պաշտոնապես ամրագրեց «Սպիտակ տուն» անվանումը։
Թեոդոր Ռուզվելտը միակը չէր, ով նոր բառակապակցության հեղինակ դարձավ։ Ութերորդ նախագահ Մարտին Վան Բյուրենին երբեմն վերագրվում է «OK» արտահայտության ստեղծումը։ Ծնունդով Նյու Յորքի Քինդերհուկ բնակավայրից լինելով՝ Վան Բյուրենի նախընտրական արշավի շրջանակներում ձևավորվեցին «Old Kinderhook» (O.K.) ակումբներ՝ ի նշան նախագահին ցուցաբերվող աջակցության։ Հետագայում «OK»-ը ձեռք բերեց «ամեն ինչ կարգին է» իմաստը։
Թեոդոր Ռուզվելտը պատմության մեջ առաջին նախագահն էր, որը պաշտոնավարման ընթացքում օգտվել է ավտոմոբիլից։ Նրա հինգերորդ զարմիկը և 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը առաջինն էր, որը երկինք է բարձրացել ինքնաթիռով։ Իսկ ի՞նչ է սպասվում հետագայում՝ արդյոք կլինի առաջին նախագահը տիեզերքում։
- Աբրահամ Լինքոլնը 1,9 մետր հասակ ուներ, ինչը նրան դարձնում է ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ նախագահը։
- Ձախլիկ առաջին նախագահը 20-րդ նախագահ Ջեյմս Գարֆիլդն էր։
- 13-րդ նախագահ Միլարդ Ֆիլմորը առաջին նախագահն էր, ով խորթ մայր է ունեցել։
- Միակ նախագահը, ով բժիշկ դառնալու համար է սովորել, 9-րդ նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնն էր։
- ԱՄՆ-ի 18-րդ նախագահ Ուլիսես Ս. Գրանտին 20 դոլար տուգանք են գանձել արագության գերազանցման համար, երբ նա իր ձիով և կառքով չափազանց արագ է քշել Վաշինգտոնի փողոցում։
- Սպիտակ տան առաջին կայքը առցանց է հայտնվել 1994 թվականի հոկտեմբերին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք։
Թարգմանությունն իրականացվել է nationalgeographic.com կայքից