Մայիսի 24-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սովորողների ու հասարակագետ-դասավանդողների մի խմբով այցելեցինք «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիր՝ մասնակցելու «Շիրակացու օրեր» փառատոնի փակման արարողությանը, ուսանողների և աշակերտների նախագծային աշխատանքների ցուցադրությանը։
Պատվիրակության կազմում էին՝
- Վարդան Կարապետյանը, հասարակագետ-դասավանդող, խմբի ղեկավար
- Աշոտ Տիգրանյանը, հասարակագետ-դասավանդող, խմբի ղեկավար
- Լևոն Միրզոյանը, հասարակագետ-դասավանդող
- Ալեքսանդրա Գրիգորյանը, 10-րդ դասարանի սովորող
- Կարինե Դադոյանը, 10-րդ դասարանի սովորող
- Արփի Շահնազարյանը, 11-րդ դասարանի սովորող
- Մարի Կարապետյանը, 11-րդ դասարանի սովորող
- Դավիթ Մուրադյանը, 11-րդ դասարանի սովորող
- Սեդա Ստեփանյանը, 11-րդ դասարանի սովորող
- Մանե Տոնոյանը, 11-րդ դասարանի սովորող
Ըստ նախապես հաստատված, հագեցած օրակարգի՝ գիտակրթական համալիր հասնելուն պես անմիջապես սկսվեց ճանաչողական շրջայցը, որն ընդգրկում էր մանկակրթարանը, կրտսեր, միջին և ավագ դպրոցները։ Մեր խմբին ուղեկցում էր 2024-25 ուսումնական տարվա շրջանավարտ, «Շիրակացու ճեմարանի» ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հայրապետյանը։


Մանկակրթարանում մեզ ծանոթացրին երեխաների առօրյային, ուսումնական ձեռնարկներին, խաղերին. պարզաբանվեց երեխաների զարգացմանն ուղղված միջազգային մեթոդիկան։ Մանկակրթարանում ուսումը, ինչպես նշեց դաստիարակչուհին, կենտրոնացած է երեխայի համակողմանի զարգացման հայեցակարգի վրա։ Դասասենյակները կահավորված էին միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ստեղծելով անվտանգ և խթանող միջավայր։ Շեշտը դրված էր երեխայի ճանաչողական, ստեղծագործական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման վրա, և այս համատեքստում, նպատակին էին ծառայում բազմազան ուսումնական նյութերը՝ խաղալիքներից մինչև զարգացնող գլուխկոտրուկներ, ինչպես նաև շուրջտարյա քննարկումներն ու դասընթացները, որոնք մտածված էին երեխաներին որպես ապագա գիտակից քաղաքացիներ կերտելու համար։ Անպայման պետք է արձանագրել, որ մանկակրթարանում հատուկ ուշադրություն էր դարձված երեխաների բարեկեցությանն ու անհատական կարիքներին. գործում էր առողջության կենտրոն՝ հոգեբանի և լոգոպեդի ծառայություններով՝ առանձնահատուկ կարիքներով երեխաների համար։
Այս համատեքստում, պետք է ընդգծել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պես, «Շիրակացու ճեմարանը» կարևորում է ներառական կրթությունը, որն ապահովում է յուրաքանչյուր երեխայի լիարժեք մասնակցությունը կրթական գործընթացին՝ իր պահանջմունքներին համաձայն և անկախ նրա ֆիզիկական ու հոգեբանական կարողություններից։
Օրակարգով պայմանավորված՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցներում ավելի քիչ ժամանակ անցկացրինք, բայց այսուհանդերձ Հովհաննես Հայրապետյանի շնորհիվ պատկերացում կազմեցինք հաստատությունների գործունեության, ուսումնական պլանի կազմման, գնահատման չափանիշների, միջազգային համագործակցության, ընդունելության կարգերի և այլնի մասին։ Ճեմարանի ավագ դպրոցում գործում է Միջազգային բակալավրիատ (IB) ծրագիրը, որին մասնակցելով, սովորողները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և հետագայում, հիմնվելով իրենց հմտությունների վրա, դիմում և ընդունվում են ոչ միայն տեղական, այլև միջազգային հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Ինչպես նշված է ճեմարանի կայքում՝ միջազգային բակալավրիատի առաքելությունն է՝ ձևավորել և զարգացնել հետաքրքրասեր, բանիմաց և հոգատար երիտասարդներ, որոնք կստեղծեն ավելի լավ ու խաղաղ աշխարհ` միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի շնորհիվ:
Դպրոցում ներկայացվեցին գրադարանը, ճաշարանը, հանդիպումների և հանգստի սենյակները, դահլիճները, տարբեր հոսքերի (բնագիտական, հումանիտար, տնտեսագիտական, արհեստի) դասասենյակներն ու լսարանները, որոնք մի շարք հիմնադրամների և բարեգործական կազմակերպությունների օժանդակությամբ և ֆինանսավորվամբ բարեկարգվել էին ու զինվել նորանոր համակարգերով ու միջոցներով։
Չափազանց տպավորիչ էր տեսնել միջանցքներում աշակերտների ձեռքի գործերը, լինեին դրանք արհեստի բնագավառից, թե անհատական նախագծային աշխատանքներ՝ ուղղված միջավայրի զարգացմանը։ Ժամանակ առ ժամանակ հանդիպում էինք հետաքրքիր պաստառներ, որոնց վրա ներկայացված էին պատմական դեմքերի ու դեպքերի, բնագիտամաթեմատիկական ոլորտի ականավոր գործիչների հակիրճ կենսագրություններն ու գյուտերի նկարագրությունները։ Գովելի էր պետական խորհրդանիշների, ինչպես նաև հերոսների անկյունների առկայությունը, որտեղ հանուն երկրի խաղաղության և անկախության իրենց անունը փառքով էին պսակել չորս ճեմարանականներ։






Շրջայցից հետո սեբաստացիները մասնակցեցին «Շիրակացու օրեր» փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ներկայացվեցին մի շարք հետաքրքիր և գրավիչ համարներ, բազմակողմանիորեն ուսումնասիրված և վերլուծված թեմաներ՝ հասարակական գիտություններից մինչև ֆիզիկամաթեմատիկական ու մարզական։ «Անաղարտ պահենք մայրենի լեզուն» և «Համասփյուռ ծաղիկ» խմբային աշխատանքների շրջանակներում լսարանին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու վիրտուալ խաղերի և շահելու խրախուսական նվերներ։ Այդպես մեր հայոց լեզվի գիտակ Մարի Կարապետյանը գրավեց երրորդ հորիզոնականը։
Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադիր-տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանը՝ ընդգծելով կրթության կարևորությունը մեր ժամանակներում։



Փակման արարողությանն հետևեց համեղ խորտիկների հյուրասիրությունը, որից հետո հյուրերը մասնակցեցին ցուցահանդես-վաճառքին և վերջում կարողացան քվեարկել իրենց հավանած թեկնածուի աշխատանքի օգտին։ Այդպես, հարթակում ներկայացված էին ռոբոտ-ձեռքեր, հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար համապատասխան սարքավորումներ, գունանկարներ, ուտելի դոնդողներ, օծանելիքներ, ռուսական, բրիտանական և գերմանական մշակույթին բնորոշ ատրիբուտներ, նախագծային աշխատանքների համառոտ բնութագրություններ և պատումներ, հանելուկներ ու սքանվորդներ, ինչպես նաև ինտելեկտուալ խաղեր։
Այսքանից հետո, մեր հրաշալի օրը եզրափակեցինք ազգային-ժողովրդական պարերով՝ համախմբելով սեբաստացի ու շիրակացի սովորողներին պարի հնչյունների ներքո և վերստին ազդարարելով երկու կրթահամալիրների միջև համագործակցության մեկնարկը։



Անչափ շնորհակալ ենք Երևանի «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի տնօրինությանը՝ հիմնադիր-տնօրեն պարոն Աշոտ Ալիխանյանի և ուսանողական խորհրդի նախագահ, պարզապես լավ մարդ Հովհաննես Հայրապետյանի գլխավորությամբ՝ հետաքրքիր շրջայցը կազմակերպելու, հանգամանալից բացատրելու և ցույց տալու, փառատոնին մասնակցության հրավեր հղելու համար։ Համոզված ենք, որ այսքանով համագործակցությունը չի դադարելու, այլ դեռ նոր թափ է հավաքելու։ Փառատոնի ընթացքում, սա էլ նշեմ, մի շարք խմբերի ներկայացրի մեր կրթահամալիրում իրականացվող աշխատանքներն ու շուրջտարյա նախագծերը՝ հույս հայտնելով, որ հետագայում այդ նախագծերը կարող են իրագործվել համատեղ ջանքերով՝ նպաստելով երկու համայնքների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանը, միջավայրի բարելավմանը, ինչպես նաև առավել կրթված ու ներառական հանրության ստեղծմանը։ Շնորհակալություն ուշադրության համար։
Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի