Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա առիթով, դասավանդող-ջոկատավարներ Սամվել Թամազյանի, Լիլիթ Յախինյանի, Սուսաննա Չալիկյանի գլխավորությամբ հաղթահարեցինք Կոտայքի մարզի Ծաղկունյաց լեռների ամենաբարձր գագաթը՝ Թեղենիսը։

Ճանապարհը դժվար էր, սակայն միահամուռ ուժերով և ջանքերով հաջողվեց հաղթահարել այս բարձունքը ևս՝ հնարավորություն ստանալով վայելել հայոց բնաշխարհի հիասքանչ տեսարանները՝ ձյունապատ լեռները, որոնք կարծես հայրենիքի անառիկ բերդերը լինեն՝ թշնամուց պաշտպանող, սաղարթախիտ անտառները՝ յուր գաղտնիքներով, այս երկուսի մեջ կորած, հայրենասեր սերունդ դաստիարակող, աղուհացով գյուղերը։

Ճանապարհին պարբերաբար զրույցների էինք բռնվում՝ մեկ խոսելով Տիգրան Մեծից, մեկ՝ Աշոտ Գ Ողորմածից, մեկ ուրիշ անգամ էլ՝ Ուրարտական պետության հիմնադիրներից։ Բայց այսքանով չէինք սահմանափակվում. թեմաները շատ-շատ էին, սակայն ժամանակը, ինչքան էլ, որ մեզ հակառակն էինք համոզում, քիչ էր, չափազանց քիչ այդ ամենը քննարկելու, կարծիքներ փոխանակելու համար։

Ո՛չ արևը, ո՛չ մկանների հոգնածությունը, ո՛չ էլ քամիները մեր համառությունը չխափանեցին, և խումբը մինչև վերջ բարձրացավ, իսկ ոմանք նաև ամենաբարձր կետին հասան։ Նույնիսկ այնքան ոգևորված էինք, որ զույգերի բաժանվելով այնպիսի Յարխուշտա պարեցինք, որ կարծես սարերը մեզ ամեն մի շարժման մեջ ընկերակցում էին…

Պիտի խոստովանեմ՝ ժամանակն անցել է ակնթարթի պես, չենք էլ հասկացել, թե ինչ արագ ենք բարձրացել և կրկնակի արագ իջել։ Նման հրաշալի, արկածաշատ, հետաքրքիր ու աշխարհի հոգսերից կտրող ճամփորդության շուտվանից չէի մասնակցել։ Պարզապես դժվար է նկարագրել այս ճամփորդությունը խոսքերով. այն էմոցիաների, ժպիտների, հիացմունքի ճամփորդություն էր։ Շնորհակալությունս եմ հայտնում մեր հրաշալի դասավանդողներին՝ Սամվել Թամազյանին, Լիլիթ Յախինյանին, Սուսաննա Չալիկյանին՝ ճամփորդությունը կազմակերպելու և հաջողությամբ անցկացնելու, և մեր ընկեր-վարորդին՝ մեզ ուղեկցելու, ապահով տեղ հասցնելու և տուն վերադարձնելու համար։

Հպարտորեն արձանագրում ենք՝ Սեբաստացիներս՝ հաղթահարած պետության ամենաբարձր գագաթները (Խուստուփ, Թեղենիս, Արագած և այլն), Հանրապետության անունն ինչպես միշտ բարձր պահեցինք, ցույց տվեցինք, որ տոկուն ենք բարձրաբերձ մեր սարերի պես, և որ այլ կերպ այս նշանակալի տոնը նշել հնարավոր չէ։

Կեցցե՛ Սեբաստացի կրթահամալիրը, կեցցե՛ն սեբաստացի արշավականները, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Հիացե՛ք նկարներով