Մայիսի 30-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում մասնակցեցի «Դիվանագիտական շաբաթ» ծրագրին՝ մեր YereMUN (Yerevan Model United Nations) կազմակերպության բարձր հովանու ներքո։ Ծրագրի նպատակն էր խթանել մասնակից-երիտասարդների քաղաքական և դիվանագիտական գիտելիքները՝ համապարփակ պատկերացում կազմելու համար դիվանագիտության բարդ մեխանիզմների և միջազգային հարաբերությունների նրբությունների մասին։ Միաժամանակ, ծրագիրը ձգտում էր խորացնել միջմշակութային փոխըմբռնումը և ամրապնդել կապերը տարբեր մշակույթների ու ազգերի միջև՝ նպաստելով փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը։

Իմ խորին համոզմամբ, այժմ ամենադժվար պահն է՝ խոսելու և պատմելու մեր յոթնօրյա հրաշալի ճամփորդության մասին դեպի աշխարհի ամենագեղեցիկ, գրավիչ, ռոմանտիկ, պատմական, մշակութային և չքնաղ քաղաք՝ Փարիզ, որն իր մեջ ամփոփում է անզուգական հզորություն։ Մեր լուսաբանումը կբաժանենք ըստ օրերի։

Փարիզը քաղաք չէ, այլ աշխարհ։

Ֆրանցիսկոս I արքա

Օր I / Մայիսի 31

Այցելություն Փարիզի Լուվր թանգարան

Գարնան վերջին օրվա առաջին այցելությունը Փարիզի այցեքարտ՝ Լուվրի թանգարանն էր, որտեղ շուրջ երեքժամյա շրջայցի ընթացքում մեր աչքերի առաջ բացվեցին անտիկ, միջին դարերի և նորագույն շրջանների ու տարատեսակ քաղաքակրթությունների անասելի գեղեցիկ, աննկարագրելի, մեկը մեկից տարբերվող արվեստի գործեր՝ կտավներ, պատկերներ, քանդակներ, արձաններ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբանական գտածոներ և այլն։ Լուվրն իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը։

Խոսքեր չունեմ նկարագրելու այն պահը, երբ գտնվում ես մի վայրում, որտեղ ամփոփված են միջին դարերի արվեստագետների ամենահայտնի ստեղծագործությունները և սեփական աչքով զմայլվում Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայով», Միլոսյան Վեներայով, հունական դիցաբանության հզորագույն աստված Զևսի արձանով։ Եվ իհարկե, չի կարելի անտարբեր անցնել Նապոլեոն Բոնապարտի թագադրման արարողությունը և նրա կառավարումը պատկերող կտավների կողքով։ Այդ կտավները ոչ միայն արվեստի գործեր են, այլև պատմության կենդանի մասնիկներ։ Նրանց միջոցով կարծես թե դու ես դառնում պատմության մասնակից՝ տեսնելով անցյալի կարևորագույն իրադարձությունները։

Մայիսի 31-ի երեկոյան մտերմիկ միջավայրում վայելեցինք «Պարիզ Սեն-Ժերման» ֆրանսիական և «Ինտեր» իտալական ակումբների խաղը, որից հետո մեծ խանդավառությամբ ֆրանսիացի երկրպագուների հետ տոնեցինք ֆրանսիական թիմի հաղթանակը։

Փարիզը աշխարհի միակ քաղաքն է, որտեղ սովից մահանալը դեռևս համարվում է արվեստ։

Կառլոս Ռուիս Սաֆոն

Օր II / Հունիսի 1

Այցելություն Վերսալյան պալատ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այցելեցինք համաշխարհային նշանակություն ունեցող զբոսավայր, ֆրանսիական թագավորների նստավայր և մի շարք պատմական իրադարձությունների կենտրոն հանդիսացող Վերսալյան պալատ։ Լյուդովիկոս XIV-ի նախաձեռնությամբ կառուցված այս հոյակերտ պալատը, որը Փարիզի արվարձաններից էր, նույնիսկ դրսից էր գրավում մեծաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը՝ իր վեհությամբ, ճարտարապետական գեղեցկությամբ, բազմաթիվ մարմարե արձաններով և ոսկեզօծ սյուներով։ Հետաքրքրական է, որ Վերսալյան պալատն իր մեծությամբ առաջին հորիզոնականն է զբաղեցնում Եվրոպա մայրցամաքում։ 17-րդ դարի վերջին Վերսալը եվրոպական միապետների և ազնվականության նստավայրի շքեղության ու կատարելության օրինակ էր։ Վերսալյան պալատ մենք հասանք արագընթաց գնացքով։

Դիտելով սյունազարդ ու վեհաշուք այս պալատին՝ միանգամայն համոզվում էի, որ բոլոր վարկածներն ու կարծրատիպերը միջին դարերի ժողովուրդների թերզարգացվածության մասին սին են ու չեն համապատասխանում իրականությանը։ Անպատմելի գեղեցկություն վայելող այս զբոսավայրն ինքն իրենով մի հրաշալիք էր, որով պետք է անվերջ հիանայիր…

Սույն պալատը, որը մինչև Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ 1682-1789 թվականներին, արքաների պաշտոնական նստավայրն էր, հանրության առաջ բացվեց միայն 1801 թվականին, երբ ստացավ թանգարանի կարգավիճակ։ Այն բոլոր արտեֆակտները, գույքերն ու պիտույքները, արիստոկրատական ճոխությունները սկզբնական տեսքով պահպանվել են այս պալատում։ Ըստ էության՝ ամեն մի սենյակ ներկայացնում էր պատմության մի հատված. շրջելով պալատական դահլիճներով և առանձնասենյակներով այցելուները ծանոթանում էին թագավորական ընտանիքի և ինչու ոչ ամբողջ կայսրության անցած ճանապարհին, քանի որ սենյակներում տեղադրված էին տարբեր դարերի արտադրված գույքեր, բազմոցներ և այլն։ Մշակույթի անբաժան մասն էին կազմում ոսկեզօծ և գունագեղ պատերն ու առաստաղները, որոնք ևս պատմության մի հատված էին ներկայացնում։ Պատկերացնել է միայն պետք, թե ինչքան ջանք և ռեսուրս է ներդրվել այս վեհությունը կառուցելու և պահպանելու համար։

Ինչպիսի՞ն կլինի հասարակ մարդու առաջին տպավորությունը, երբ անձամբ տեսնում է այն ննջարանը, որտեղ ժամանակին ննջել, այն հյուրասենյակները, որտեղ պետական-կայսերական գործերով են զբաղված եղել կամ այն պատշգամբները, որտեղից հրովարտակներ են հղել ֆրանսիացի ամենաազդեցիկ ու զորավոր արքաներն ու կայսրերը, ի դեմս՝ Լյուդովիկոս XIV-ի և Լյուդովիկոս XV-ի՝ իրենց պերճաշուք դշխոների հետ։

Մի այլ գեղատեսիլ տեսարան էր Վերսալի կանոնավոր այգին, որը ևս խոշորագույններից է Եվրոպայում։ Վերսալի այգում կային մի քանի ոչ մեծ պալատական շինություններ, օրինակ՝ Փոքր Տրիանոնը, Մեծ Տրիանոնը, Ֆրանսիական սալոնը, որը նախատեսված է խաղերի համար։

Մենք միշտ կունենանք Փարիզը։

Հովարդ Քոչ

Օր III / Հունիսի 2

Այցելություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխադասային գրասենյակ

Այսպիսով, աշխատանքային շաբաթվա սկզբին MUNTO կազմակերպության մեր գործընկերների հետ պաշտոնական այցով գտնվեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխադասային գրասենյակում, որտեղ ուղեկցորդները մեզ պատմեցին թե՛ ամբողջ կազմակերպության, և թե՛ շինության ծագման ու զարգացման պատմությունը։ Հետաքրքրված մասնակիցները պարբերաբար հարցեր էին հնչեցնում քաղաքական-դիվանագիտական ասպարեզից՝ փորձելով ավելի լավ ճանաչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը։

Շրջայցի ընթացքում եղանք հանդիսությունների և արարողությունների, մամլո ասուլիսների դահլիճներում, շենքին հարող պուրակներում, որտեղ տեղադրված էին կազմակերպությանն անդամակցող պետությունների դրոշները, տարբեր արվեստագետների ստեղծագործությունները՝ նվիրված ազգերի և պետությունների միջև խաղաղության կերտմանը, հանդուրժողականությանը, միմյանց հանդեպ հարգանքի ձևավորմանը և այլն։ Նշանակալի է, որ հետին զբոսայգում տեղադրված էր նաև հայկական խաչքար։

Այցելություն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպանություն

Այդ օրվա ընթացքում, օրակարգի համաձայն, այցելություն ունեցանք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպում դեսպան Արամ Հակոբյանի հետ։

Քննարկումն ընդգրկեց օրակարգային հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մեխանիզմները, Հայաստանի հարևան պետությունների իրականացրած քաղաքականությունների հետևանքները, ՀՀ դեսպանության առաջնահերթություններն ու ձեռքբերումները, բանակցային դժվարությունները և ներկազմակերպական այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, շատ արդյունավետ քննարկում ստացվեց, և մասնակիցներն ավելի լավ ըմբռնեցին դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքն ու գործունեությունը Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության շրջանակներում։ Սա նաև լավ հնարավորություն էր կրթական-մշակութային ուղղվածությամբ ներհայաստանյան հասարակական և արտասահմանյան միջազգային կազմակերպությունների միջև համագործակցություն ծավալելու և ամրապնդելու տեսանկյունից։

Օրն ամփոփեցինք Սենա գետի կրուիզով։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում մենք կարողացանք դուրս գալ առօրյա կյանքից և հետ վերադառնալ։ Չափազանց գեղեցիկ էր երեկոյան Փարիզը…

Փարիզը մի վայր է, որտեղ մենք կարող ենք մոռանալ մեզ, վերափոխել մեզ, ազատվել մեր անցյալի մեռած ծանրությունից։

Մայքլ Սիմքենս

Օր IV / Հունիսի 3

Չորրորդ օրն ավելի շատ ճանաչողական բնույթ ուներ. մենք շրջեցինք Փարիզի ամենահին թաղամասերով, ուսումնասիրեցինք շինությունները, խաղաղության աղոթք կատարեցինք եկեղեցիներում։ Օրվա երկրորդ կեսին այցելեցինք առևտրի կենտրոններ՝ մեր հարազատներին նվերներ և հուշանվերներ գնելու։

Հետաքրքիր է, բայց Փարիզում, մասնավորապես կենտրոնում՝ մութն իսկապես ուշ էր ընկնում։ Եթե պատկերացնենք՝ ժամը 22:00-ի սահմաններում դրսում այնքան լուսավոր էր, որ կարող էիր շփոթել՝ իրիկնամու՞տ է, թե՞ արևածագ։ Եվ մենք դրանից օգտվեցինք և առավել շատ զբոսնեցինք գիշերային Փարիզում։

Իհարկե, ինչ-որ տեղ հանցագործություն է այցելել նշանավոր քաղաք Փարիզ և տասնյակ ֆոտոշարքեր չանել հանրահայտ Էյֆելյան աշտարակի ֆոնին։ Մենք տենդենցից հետ չընկանք…

Աշտարակի սկզբնական գաղափարը պատկանում էր Մյորիս Կյորիզենին և Էմիլ Նուգենին։ Մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հաղթել է Գուստավ Էյֆելի նախագիծը: Նրա վրա էլ դրվել է Էյֆելյան աշտարակի կառուցման պատասխանատվությունը: Էյֆելյան աշտարակը կառուցվել է բարձր որակի պուդլինգային երկաթից:

Ուշ գիշերով մեր լավ բարեկամ Պիեռ-Լուի Ժիսկար դ’Էստենի ուղեկցությամբ քայլեցինք Պանթեոնի տարածքում, որտեղ հուղարկավորված են Ֆրանսիայի Հանրապետության անվանի գործիչները, իմիջիայլոց ոչ միայն ֆրանսիացի։ Առաջին օտարազգի հերոսը Միսաք Մանուշյանն էր, ով Ֆրանսիայի համար անգնահատելի սխրանք իրագործեց և պատվի արժանացավ հուղարկավորվել պանթեոնում։ Պիեռը մեզ ցույց տվեց Սորբոնի համալսարանի շրջակայքը, այնուհետև միասին համեղ ընթրեցինք երիտասարդական կենտրոններից մեկի սրճարաններում։

Վերջին անգամ Փարիզը կտեսնեմ մահվանս օրը։ Քաղաքն անսպառ էր, ինչպես նաև նրա հիշողությունը։

Էլիոթ Փոլ

Օր V / Հունիսի 4

Այցելություն Օրսե թանգարան

Հունիսի 4-ին այցելեցինք Փարիզի մեկ այլ, ոչ պակաս հայտնի և հռչակավոր Օրսե թանգարան։ Ներկայացնում է XIX դարի (1848 թվականից սկսած) և XX դարի (մինչև 1914) Եվրոպական արվեստը։ 1848 թվականից մինչև 1914 թվականը Ֆրանսիական գեղանկարչությունն ու քանդակը ներկայացնող խոշորագույն թանգարաններից է։

Գլխավորապես ներկայացված են 19-րդ դարի վերջի իմպրեսիոնիզմ և պոստ-իմպրեսիոնիզմ արվեստի ուղղությունների ամենակարկառուն ներկայացուցիչները։ Շինությունը նախկինում ծառայել է նաև որպես երկաթգծի կայարան։ 2016 թվականին Օրսեի թանգարանի անվանն ավելացվել է Հանրապետության նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի անունը, ով հանդիսացել է թանգարանի ստեղծման նախաձեռնողը։

Լայնաձիգ միջանցքներում և նրանց հարող ցուցասենյակներում ներկայացված էին բազմաթիվ գլուխգործոցներ՝ կտավներից մինչև արձաններ ու բազմոցներ, որմնանկարներից մինչև 18-րդ դարի գույքեր և կոթողներ։

Թանգարանից դուրս գալով՝ կազմակերպության անդամներով նախաճաշեցինք մոտակա սրճարաններից մեկում՝ միաժամանակ հիանալով փարիզյան տեսարաններով և փոխանակվելով մեր տպավորություններով։

Այցելություն Փարիզի Հաշմանդամների տուն-Նապոլեոն Բոնապարտի դամբարան

Օրսեի թանգարանին հաջորդեց թերևս ամենասպասված այցելությունը Փարիզի Հաշմանդամների տուն, նույն ինքը՝ Նապոլեոն Բոնապարտի դամբարան։ Մենք՝ որպես պատմություն ուսումնասիրողներ, չէինք կարող նմանատիպ հնարավորությունը բաց թողնել։ Դեռ առաջին իսկ օրերից պլանավորում էինք մուտք գործել Les Invalides և հիանալ յուրատիպ ճարտարապետական կատարելությամբ, որն իր մեջ ընդգրկում է մի ամբողջ կայսերական դարաշրջան։

Մինչ դամբարան մտնելն ականատես եղանք զորահանդեսի, որն անցկացվում էր Ռազմական ակադեմիայի տարածքում, և որին մասնակցում և ելույթով էր հանդես գալիս Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։

Հաշմանդամների տունը (Hôtel des Invalides) կառուցվել է Լյուդովիկոս XIV-ի օրոք՝ որպես կացարան և հիվանդանոց ծեր և հաշմանդամ դարձած զինվորականների համար։ Գտնվում է Փարիզի պատմական մասի ամենակենտրոնում, ներկայում այս շենքում Ֆրանսիական ռազմական թանգարանն է (Musée de l’Armée)։

Լյուդովիկոս XIV թագավորը, ինչպես իր նախորդները՝ Հենրի II-ը, Հենրի III-ը, Հենրի IV-ը, ցանկանում էր օգնություն տրամադրել իր բանակի հաշմանդամ զինվորներին, որպեսզի «նրանք, ովքեր վտանգել են իրենց կյանքը և չեն խնայել իրենց արյունը ի պաշտպանություն միապետության (…) իրենց կյանքի մնացյալ օրերը անցկացնեն հանգստության մեջ» ասվում է 1670 թվականի մարտի 12-ի հրովարտակում։

Այսպիսով, մուտք գործելով եկեղեցի, մեր առաջ բացվեց մի հրաշափառ տեսարան, որն անմիջապես մեզ մնացյալ աշխարհի դժվարություններից կտրեց և մի անչափ անսովոր զգացողություն պարգևեց, որն անհնար է նկարագրել բառերով, իսկ մեր հայացքներն ուղղվեցին գմբեթին, որտեղ տեսանելի էին նրբագեղ որմնանկարները, և որոնք պատկերում էին աստվածային կերպարներ։ Գմբեթի հենց ներքևում, դահլիճի շրջանաձև հատվածում վեր էր խոյանում իր ժամանակների հզորագույն կայսր, Ֆրանսիայի պատմության ամենանշանավոր ռազմական գործիչ և զորավար Նապոլեոն Բոնապարտի (Նապոլեոն I) վեհաշուք դամբարանը՝ շրջապատված տասնյակ խոնարհված, կարծես՝ հարգանքի տուրք մատուցող և հիշատակը վառ պահող արձաններով, որոնք բոլորն էլ արտացոլում էին նրա մեծագույն նվաճումները և թողած անգնահատելի ժառանգությունը, ինչպես նաև այցելուներին ակնարկում, որ իրենց առաջ մի համբավավոր ու մեծանուն գործիչ է ննջում։

Մահը ոչինչ է, բայց պարտված և անփառունակ ապրելը նշանակում է մեռնել ամեն օր։

Նապոլեոն I Բոնապարտ

Այցելություն Սորբոնի համալսարան

Դեռ ուշքի չեկած տեսածից՝ ուղևորվեցինք Սորբոնի համալսարան՝ ծանոթանալու ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկին։ Փարիզի սիրտն հանդիսացող Լատինական թաղամասի կենտրոնում վեր է խոյանում Սորբոնի համալսարանը՝ ֆրանսիական կրթության և գիտության հարատև խորհրդանիշը։

Համալսարանի շենքն իսկապես տպավորիչ է իր փառահեղ ճարտարապետությամբ։ Դասական ոճի տարրերը, զարդարված քանդակներով և փորագրություններով, արտացոլում են ֆրանսիական ճարտարապետության լավագույն ավանդույթները։ Հատկապես ուշագրավ է գլխավոր բակը, որտեղ շրջապատող շենքերի սյունաշարերը և կամարները ստեղծում են խորը և ներդաշնակ մթնոլորտ։ Պատուհաններից ներս թափանցող լույսը լուսավորում է հին պատերը, որոնք կարծես թե իրենց մեջ պահում են դարերի ընթացքում այստեղ կուտակված գիտելիքները։ Լսարանները, որտեղ ժամանակին դասավանդել են աշխարհահռչակ գիտնականներ ու մտածողներ, կարծես թե դեռևս պահպանում են նրանց ներկայությունը։ Գրադարանները՝ հարուստ հազարավոր հատորներով, հիշեցնում են գիտելիքի անսահման աշխարհի մասին։ Իսկապես որ, նման համալսարանում սովորելը միայն ցանկություն չէ, այլև՝ ձգտում…

Ուխտագնացություն դեպի Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճար

Երեկոյան ուխտագնացություն ունեցանք դեպի Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճար (Notre-Dame de Paris)։ Սեն գետի Սիտե կղզու վրա հաստատապես կանգնած է Նոտր Դամի տաճարը՝ գոթական ճարտարապետության գլուխգործոցներից և Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։

2019 թվականի հրդեհից հետո տաճարի արտաքին տեսքը զգալիորեն փոխվեց, հատկապես սրածայր աշտարակը, որը փլուզվեց և ներկայումս վերականգնվում է իր սկզբնական տեսքով։

Փարիզով զբոսանքը կսովորեցնի պատմություն, գեղեցկություն և կյանքի իմաստ։

Թոմաս Ջեֆերսոն, ԱՄՆ 3-րդ նախագահ

Օր VI / Հունիսի 5

Այս օրը, ի համեմատ մյուսների, առավել կարևոր էր ծրագրած այցերի բնույթով. հունիսի 5-ին նախատեսված էին այցելություններ Ֆրանսիայի Հանրապետության օրենսդիր երկու բարձրագույն մարմիններ՝ Սենատ և Ազգային ժողով։

Հասնելով առաջին նշանակման վայր և անցնելով բոլոր ստուգումները՝ վերջ ի վերջո հայտնվեցինք Սենատի բակում։ Մեզ հայտնեցին, որ Սենատն ավելի մեծ իրավական ուժ և հեղինակություն ունի, քան Ազգային ժողովը (չնայած, օրինակ ԱՄՆ-ում վերին օղակը Ներկայացուցիչների պալատն է)։ Եթե Ազգային ժողովի պատգամավորներն ընտրվում են անմիջապես ժողովրդի կողմից, ապա Սենատի անդամները՝ սենատորներն ընտրվում են քաղաքական տարբեր պաշտոններ զբաղեցնող, պարզ ասած՝ քաղաքական վերնախավի՝ քաղաքապետների, նահանգապետների և այլոց կողմից։

Սենատը նույնպես թանգարանի էր նման, քանզի թե՛ դրսից, թե՛ ներսից բազմաթիվ արվեստի ստեղծագործություններ զարդարում էին շինությունը, և սա ապացուցում էր այն, որ քաղաքականությունն ու արվեստը սերտորեն փոխկապակցված են (չէ որ քաղաքականությունը մի ուրույն արվեստ է)։

Սենատում մեզ ծանոթացրին նիստերի դահլիճին, կանոնակարգին, կառուցվածքին, գործառույթներին։ Մեզ հնարավորություն ընձեռվեց նաև օթյակներից մասնակցելու Սենատի նիստին։ Բացի վերոնշյալից, եղանք նաև գրադարանում, հանդիսությունների դահլիճում։ Հենց այդ դահլիճում մի առանձնացված վայրում տեղակայված էր Նապոլեոն Բոնապարտի գահը։

Հատկանշական է, որ Ազգային ժողովի շենքը նմանեցվում էր հեթանոսական ճարտարապետության գոհար Գառնու ամրոցին՝ իր սյուներով, տանիքով, շինվածքով։

Ֆրանսիայի Ազգային ժողովը (Assemblée Nationale) տեղակայված է Փարիզի կենտրոնում՝ Սեն գետի ձախ ափին գտնվող Բուրբոնյան պալատում (Palais Bourbon)։ Այս շենքն ինքնին զորեղ խորհրդանիշ է, որը մարմնավորում է Ֆրանսիայի հանրապետական ավանդույթներն ու ժողովրդավարական արժեքները։ Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ միայն պետական կառույց է, այլև ազատության, հավասարության և եղբայրության ֆրանսիական իդեալների կենդանի սիմվոլ։

Շրջայցի ժամանակ Ազգային ժողովի արարողակարգի վարչության աշխատակիցների հետ բազում հետաքրքիր թեմաներ քննարկեցինք՝ կապված դիվանագիտական արարողակարգի, գործադիր և օրենսդիր մարմինների գործունեության հետ։ Աշխատակիցները ներկայացնում էին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ֆրանսիական մոդելը, իսկ մենք՝ հայկականը։ Քննարկումների ժամանակ շոշափեցինք այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի այցերն ու դրանց արդյունքները, կառավարության գործունեության վրա օրենսդիր մարմինների վերահսկողությունն ու դրա արդյունավետությունը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումն ու տարածումը, հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության կնքման ժամկետներն ու պոտենցիալ հնարավորությունները, Ֆրանսիայում համապատասխան մարմինների վերապատրաստման միջոցներն ու կարելիությունը։

Նիստերի դահլիճի հարակից սրահում ականատես եղանք մի անսովոր հանդեսի. համաձայն տեղեկությունների՝ ֆրանսիական զինված ուժերի ամենաէլիտար զորքը, նախապատրաստվելով Ազգային ժողովի նիստի բացմանը, ռազմական կոդեքսի համաձայն տեղակայվեց սրահի կենտրոնում և իրականացրեց ստուգման աշխատանքներ։ Այնուհետև զորքերի հրամանատարը, անցնելով և ստուգելով անձնակազմի կոկիկությունն ու պատրաստվածությունը, զեկուցեց վերադասին նիստի բացմանը պատրաստ լինելու մասին, որին հաջորդեց իրավաբանների ուղեկցությամբ Ազգային ժողովի նախագահության շարասյան մուտքը նիստերի դահլիճ։ Ի դեպ, իրավաբանները քայլում էին առաջից, ինչը խորհրդանշում էր, որ օրենքը միշտ բոլորից առաջ է ու վեր։

Ահա այսպես է անցկացվում յուրաքանչյուր նիստի բացման արարողություն՝ էլիտար զորքի մասնակցությամբ։ Սա ևս ապացուցում է Ֆրանսիայի՝ իբրև ամուր և հզոր պետության կայուն ավանդական, ժողովրդավարական և մշակութային արժեքների պահպանման, օրենքի գերակայության մասին։ Մենք իսկապես տպավորված էինք նման հանդիսությամբ։

Վերջում հետագա համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր կազմակերպության և Ազգային ժողովի համապատասխան դեպարտամենտների միջև՝ խորացնելու հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ամրապնդելու մեր փոխգործակցությունը։

Մրցակցությունը, ինչպես ցույց է տվել փորձը, օգտակար է որոշակի չափով և ոչ ավելին, սակայն համագործակցությունը, որը մենք պետք է ձգտենք այսօր, սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է մրցակցությունը։

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, ԱՄՆ 32-րդ նախագահ

Ամփոփում

Վերջին օրվա վերաբերյալ շատ բան չունեմ պատմելու, քանի որ այդ օրն ավարտվեց մեր հրաշալի ուղևորությունը դեպի Փարիզ, դեպի սիրո, դիվանագիտության, պատմության և մշակույթի քաղաք։ Լիահույս եմ, որ շուտով, շատ շուտով դեռ էլի կհանդիպենք, քանի որ համոզված եմ՝ մեկ շաբաթում Փարիզն ու նրա ամեն մի անկյունը բացահայտելը գրեթե անհնար է։

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել YereMUN կազմակերպության հիմնադիր և նախագահ, իմ լավ ու մտերիմ բարեկամ Վրույր Հլղաթյանին՝ արժանի գնահատանքի և այս եզակի հնարավորությունն ընձեռելու համար։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ բարեկամ և ընկեր Պիեռ-Լուի Ժիսկար դ’Էստենին՝ մեզ սրտաբաց հյուրընկալելու, ուղեկցելու, հետաքրքիր զրույցներ վարելու և Փարիզին ավելի մոտիկից ծանոթացնելու համար։

Շնորհակալ եմ ներքոհիշյալ մարդկանց իմ կյանքն ավելի լուսավոր դարձնելու և հիշարժան օրեր պարգևելու համար.

  • Կառլեն Գրեյանին
  • Մովսես Սիմոնյանին
  • Միլենա Հովհաննիսյանին
  • Արփինե Աղաջանյանին
  • Էվա Ավանեսյանին
  • Վլադիմիր Շաքարյանին
  • Նարինե Հարությունյանին
  • Ալինա Դանիելյանին

Եվ ի վերջո, շնորհակալ եմ թանկագին ծնողներիս, առանց նրանց աջակցության ես երբեք չէի մասնակցի իմ այս երազած ճամփորդությանը։

© Դավիթ Մուրադյան 08.06.2025