Խորհրդային բռնաճնշումների զոհերի ոգեկոչման օրվա առիթով հունիսի 14-ին Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում անցկացվեց «Անունների վերադարձ» ակցիան, որը մեկնարկել էր ժամը 12:00-ին: Ճամբարի ավարտից հետո առաջին նմանատիպ միջոցառմանը մասնակցություն ապահովեց նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագետ-դասավանդողների և տարատարիք սովորողների խումբը։ Խմբի կազմը՝ ստորև.
- Արմեն Ոսկանյան՝ հասարակագետ
- Աշոտ Տիգրանյան՝ հասարակագետ
- Սամվել Թամազյան՝ հասարակագետ
- Նազելի Պետրոսյան՝ հասարակագետ
- Բլեյան Դավիթ՝ 9-րդ դաս.
- Դադոյան Կարինե՝ 10-րդ դաս.
- Մուրադյան Դավիթ՝ 11-րդ դաս.
- Գրիգորյան Կամո՝ 11-րդ դաս.
Միջոցառմանը միացել էին նաև հունիսի 12-13-ին Գորիսում անցկացվող «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» գիտաժողովի մասնակիցները, ինչպես նաև Եվրասիա համագործակցության հիմնադրամի աշխատակիցներն ու գործընկերները։ Օրակարգով պայմանավորված՝ ակցիային հաջորդող և վերջին արարողակարգային միջոցառումը քննարկումն էր, որն անցկացվեց վերոնշյալ հիմնադրամի գրասենյակում։
Մեր խմբի կազմում կային բռնաճնշումների ենթարկվածների հարազատներ, որոնք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի և ռեպրեսիաների պատճառով տուժած մարդկանց հիշատակին։ Մասնակցությունը կարևորվեց նաև նրանով, որ 9-րդ դասարանցի սովորող Դավիթ Բլեյանն ունկնդիրներին ներկայացրեց իր կատարած նախագծային աշխատանքը (ղեկավար՝ Արմեն Ոսկանյան)՝ բռնադատվածի արխիվային գործի ուսումնասիրմամբ։ Դավիթի իրականացրած աշխատանքը հստակ ցույց տվեց, որ կրթահամալիրում և մասնավորապես՝ հետազոտական վարժարանում կարևորվում է նման թեմաների քննարկումն ու հետազոտումը՝ նոր բացահայտումներ կատարելու ու գաղտնիքներ վերհանելու նպատակով, այլ ոչ թե ստվերվում է, ինչպես պնդեցին ակցիայի կազմակերպիչները, ուրիշ դպրոցների նման։




Ծաղիկ խոնարհելով և հնչեցնելով բռնադատվածների անունները՝ համոզված եմ, որ թեկուզ առաջին հայացքից չնչին թվացող, բայց մի շատ նշանակալի գործ կատարեցինք՝ վառ պահելով այն մարդկանց հիշատակը, որոնք իրենց ազգության, համոզմունքների, գործունեության (զոհերի թվում կան բազում մտավորականներ, զինվորականներ, եկեղեցականներ և այլք), կարծիքների, հակաստալինյան/հակախորհրդային դիրքորոշման պատճառով ենթարկվել էին կտտանքների, դաժանաբար սպանվել և գնդակահարվել էին։
Լուսանկարները՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի