Սույն թվականի հուլիսի 7-11-ն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում YereMUN (Yerevan Model United Nations) կազմակերպության բարձր հովանու ներքո կազմակերպվեց թվով 3-րդ, տարածաշրջանում նմանը չունեցող Միավորված ազգերի կազմակերպության Երևանի մոդել (YereMUN) միջազգային համաժողովը, որին մասնակցեցին ավելի քան 150 պատվիրակներ և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից։

Երևանի ՄԱԿ-ի մոդել կազմակերպության կողմից անցկացվող համաժողովները նպատակուղղված են զարգացնելու երիտասարդների դիվանագիտական և հաղորդակցական հմտությունները, խորացնելու նրանց գիտելիքները քաղաքականության և դիվանագիտության բնագավառներում, ինչպես նաև կերտելու ապագա քաղաքացիների ու առաջնորդների։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս համաժողովն համախմբեց մեծ թվով մասնակիցների՝ ՄԱԿ-ի սկզբունքներին համաձայն դիվանագիտության միջոցով գլոբալ մարտահրավերներին անդրադառնալու նպատակով։

Փոքր-ինչ մեր կազմակերպության մասին

YereMUN-ը Միավորված ազգերի կազմակերպության ամենամեծ մոդել համաժողովն է Կովկասում, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Համաժողովը համախմբում է հարյուրավոր երիտասարդ մտքեր աշխարհի բոլոր անկյուններից: Սա ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված սիմուլյացիա է, որտեղ ուսանողները մասնակցում են որպես պատվիրակներ՝ ներկայացնելով տարբեր երկրներ՝ կազմակերպված դիվանագիտական ​​ձևով և ընթացակարգերով քննարկելու համաշխարհային խնդիրները: Այս տարի աշխատանքներին մասնակցում էին 7 կոմիտեներ՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն լեզուներով։

Նախորդ տարվա համաժողովի լուսաբանումը տե՛ս այստեղ.

Օր 1. հուլիսի 7

«Մենք հիմա գտնվում ենք Երևանի պետական համալսարանում։ Պատկերացրեք, որ այստեղ ՄԱԿ-ի գրասենյակն է Նյու-Յորքում, և տարբեր հանձնաժողովների նիստեր այստեղ են տեղի ունենում։ Պատկերացրեք, որ պատվիրակները, որոնք ուսանող են, դիվանագետ են և ներկայացնում են մի երկիր», — լուրերին տված հարցազրույցում նշեց կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանը։

Կարևոր է ընդգծել, որ համաժողովի տարալեզու կոմիտեների նախագահների (Chairs) մեծամասնությունն հայ չեն, օտարերկրացի են, ինչն ավելի է խորացնում միջմշակութային հաղորդակցությունը՝ դռներ բացելով հետագա ջերմ փոխգործակցության և համագործակցության համար։

«Երիտասարդության մեջ մտնում են նաև դպրոցականներ, որոնք չունեն կրթություն դիվանագիտության կամ քաղաքագիտության վերաբերյալ, սակայն նրանց հետաքրքրվածությունը միայն բավական է մասնակցության համար։ Եվ նրանց գրեթե բոլորին տրվում է հնարավորություն մասնակցելու», — իր խոսքում նշեց կազմակերպության քարտուղար Եվա Համբարձումյանը։

Հուլիսի 7-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ YereMUN 2025 Միջազգային համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր պրն. Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկ. Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, համաժողովի պատվիրակներն ու նախագահները, YereMUN կազմակերպության անդամները՝ նախագահ պրն. Վրույր Հլղաթյանի գլխավորությամբ, Union Forte կազմակերպության կամավոր երիտասարդները։

Վրույր Հլղաթյանը, ողջունելով հյուրերին և ներկաներին, իր խոսքում շեշտադրեց դիվանագիտության և բանակցության միջոցով համաշխարհային բարդ խնդիրներն հասցեագրելու, նրանց լուծում տալու կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համաժողովը կնպաստի գլոբալ մարտահրավերների ավելի խորը գիտակցմանն ու երիտասարդների դիվանագիտական-բանակցային հմտությունների զարգացմանը։

Պատերազմը դիվանագիտության ձախողում է։

Ջոն Դինգել

Առաջին օրը նվիրված էր տեխնիկական, ընթացակարգային հարցերի պարզաբանմանը, ուստիև կոմիտեների աշխատանքն հիմնականում կենտրոնացած էր այս հարցերի շուրջ։ Իրական բանավեճերն ու քննարկումները սկսվելու էին հաջորդ օրը։

Այստեղ պետք է նշեմ, որ մի խումբ տարատարիք, օտարերկրացի դիվանագետներին, YereMUN-ի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև խորացող համագործակցության շրջանակում, Քոլեջի կացարանում տրամադրվել էին կացարաններ՝ բոլոր հարմարություններով և կահույքով՝ հինգ օրերի ընթացքում հանգիստն անցկացնելու նպատակով։ Պատվիրակներն հենց առաջին իսկ օրվանից տպավորված էին և ինչ-որ տեղ նաև զարմացած՝ գիտակցելով, որ հաջորդող հինգ օրերի ընթացքում բնակվելու են Երևանի ամենամեծ ուսումնական հաստատության մասնաճյուղի կացարաններում։

Օր 2. Հուլիսի 8

Առավոտյան ժամը 9:00-ին սկսվեցին համաժողովյան դեբատներն ու քննարկումները։ Յուրաքանչյուր կոմիտե ստանձնել էր պատասխանատվություն իրեն վերապահված թեմայի շրջանակում առավելագույնս հետազոտելու, քննարկումներում ակտիվ ներգրավվելու, հնարավոր լուծումներ գտնելու։ Մեր կոմիտեն, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էր, իմ սուբյեկտիվ կարծիքով և գնահատմամբ, քննարկում էր համաշխարհային երևի թե թվով երկրորդ ամենաօրհասական և կարևոր թեմաներից մեկը, այն է՝ «Անվտանգ և կայուն Սիրիայի վերակառուցումը՝ ռեժիմի տապալումից հետո»։ Ինչքան էլ որ զարմանալի չէ, ես ներկայացնում էի Իսրայել Պետությունը, և վստահ եմ, որ կարողացել եմ պատվով ներկայացնել և պաշտպանել այդ երկրի շահերը։

Առաջին իսկ վայրկաններից սկսվեցին եռանդուն և ակտիվ քննարկումները։ Ունեինք պետություններ, որոնք արդեն վերջնական բանաձևի վրա էին աշխատում։ Ես՝ որպես Իսրայելի պատվիրակ, համագործակցում էի միջազգային ասպարեզում ինձ համար թիվ մեկ դաշնակից հանդիսացող Միացյալ Նահանգների հետ՝ ուշիուշով հետևելով զարգացումներին։ Մինչ Սիրիան հետևողականորեն փորձում էր ինձ և մյուս պետություններին համոզել, որ Գոլանի բարձունքների ռազմականացված հատվածում արգելվում է կառուցել հանգստի գոտիներ, ես փորձում էի հանգստացնել և լիցքաթափել իրավիճակը՝ վերստին շեշտադրելով իմ հանձնառությունը պաշտպանելու երկրի ժողովրդի իրավունքները, ստեղծելու պայմաններ նրանց իրավունքների լիակատար իրագործման համար, և իհարկե պաշտպանելու տարածքային ամբողջականությունն ու սահմանները հնարավոր ոտնձգություններից։ Գոլանի բարձունքների հարցն ավելի խրթին էր, քան մենք պատկերացնում էինք…

Իմ կողմից, անշուշտ մոդելի շրջանակներում, հնչեցին երեք առաջարկներ Գոլանի բարձունքների հարցի կարգավորման շուրջ, և երեքն էլ, ինչքան էլ որ զարմանալի չէ, սկզբից տետ-ա-տետ հանդիպում-քննարկումների արդյունքում ընդունվեցին, բայց հիմնական բանախոսների ելույթների ընթացքում՝ հանկարծակիորեն և անակնկալ կերպով մերժվեցին։ Կորցնելով վստահությունը և նվազեցնելով ձգտումը որևէ առարկայական լուծում գտնելու այդ իրարամերժ դիրքորոշումներ ունեցող տարածքի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշեց անժամանակ հետաձգել այդ հարցի քննարկումը և կենտրոնանալ առավել կարևոր խնդիրների վրա, որոնք, ըստ էության, պակաս չէին։

Ռազմական լուծումներ չկան. երկխոսությունն ու դիվանագիտությունը երկարատև խաղաղության միակ երաշխիքն են։

Մարտին ՄակԳինես

Պետք է արձանագրեմ, որ ես միմիայն հաճույք ստացա Սիրիայի պատվիրակի պես պատրաստված երիտասարդի հետ բանակցելիս և բանավիճելիս, քանի որ հասկացա, որ մեր հակառակ կարծիքները բխում են ոչ թե միջանձնային թշնամանքից, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից, այլ բուն խնդրի վերաբերյալ խորն ուսումնասիրությունների և նախապատրաստության արդյունքում, ինչը պարզապես գովելի էր։

Այսպիսով, դեբատների առաջին օրը կոմիտեն, կարգավորվող և չկարգավորվող երկարատև նիստերի, բանավեճերի, երկխոսությունների արդյունքում, միաձայն հաստատեց Գոլանի բարձունքների և սահմանային այլ խնդիրների քննարկումն անժամանակ հետաձգել, իսկ վերջնական բանաձևում (Resolution Paper) նշել «հետագա քննարկումների փուլում է» շարադրումը։

Օր 3. Հուլիսի 9

Այսօր, համաձայն կոմիտեի հռչակած սկզբունքների, առաջնահերթությունների, ինչպես նաև ընդունած օրակարգի, քննարկման թեմաներ էին հանդիսանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների և ազատությունների պաշտպանության, միջուկային զենքի դուրսբերման, միջազգային հանրության կողմից ճանաչված ահաբեկչական խմբավորումների լուծարման հարցերը, որոնք կոմիտեն հաջողությամբ քննարկեց և ընդունեց որոշումներ։

Գոլանի բարձունքներում և Սիրիայի հարավ-արևելքում ապրող ազգային փոքրամասնությունների, ի դեմս՝ դրուզների և քրդերի հարցը մշտապես եղել է իմ ուշադրության կենտրոնում, քանզի իրական դիվանագիտական ասպարեզում նման ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է։ Եվ համաժողովի համատեքստում, Իսրայել Պետության դերը՝ որպես խաղաղարարի և կարգավորման միջնորդի, էլ ավելի ընդգծվեց։ Բանակցությունների, փոխադարձ շահերի հարգման արդյունքում, Իսրայելն ու Ռուսաստանը, ինչքան էլ, որ դա առաջին հայացքից հեշտ չէ, կարողացան համաձայնել և ստորագրել համագործակցության հուշագիր։ Հուշագրի կետերին ծանոթացան նաև Ալժիրն ու Հունաստանը՝ վերջում ցանկություն հայտնելով մտնել փոխշահավետ համագործակցության դաշտ։

Բանակցությունների արդյունքում հաջողվեց Սիրիային և տարածաշրջանային այլ խաղացողներին համախմբել այս հարցի լուծման շուրջ՝ առաջարկելով ստեղծել համապատասխան մարմիններ և կառույցներ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողության ներքո, մարտահրավերներն ու խնդիրներն հասցեագրելու նպատակով։ Քննարկվեց նաև խաղաղապահ առաքելության ուղարկումն ու տեղակայումը Սիրիայի նախանշած տարածքները՝ վերահսկողությունն ինչ-որ ժամանակահատվածում իրականացնելու նպատակով։ Մյանմարի հետ համագործակցելով՝ հանդես եկանք համատեղ առաջարկով ստեղծելու վերակառուցման ֆոնդ/հիմնադրամ, որում մեծապես շահագրգռված կլինեն տարածաշրջանային կարգավորման հարցում ներգրավված պետությունները, և որը կզբաղվի ենթակառուցվածքների և կոմունիկացիոն ու լոգիստիկ կապերի վերականգնմամբ։

Դիվանագիտությունը՝ իշխանությունը զսպելու արվեստ։

Հենրի Քիսինջեր

Օր 4. Հուլիսի 10

Քննարկումներն առավել թեժացան այսօր, քանզի համաժողովի ֆորմալ հատվածի վերջին օրն էր։ Մինչ մյուս կոմիտեներն ընդունել էին իրենց թեմաների վերաբերյալ վերջնական բանաձևեր, մեր կոմիտեն դեռևս կենտրոնացած էր պրեամբուլայի և դրանում տեղ գտած հոդվածների վրա։

Նման գործելակերպը շատ պարզ էր. թեման բարդ էր, դերակատարները՝ բազմազան ու տարակարծիք, և մի կետի քննարկումը տևում էր ժամեր, ինչն իմիջիայլոց, չափազանց գովելի պետք է լինի, քանզի ամեն մի բառ և ձևակերպում բազմիցս վերանայվել է և խմբագրվել՝ ՄԱԿ-ի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով։ Մեր պատվիրակներն իրենց ելույթներում և քննարկումների ընթացքում բազմաթիվ անգամներ հղում էին կատարում ներքին նորմատիվ-իրավական ակտերին, միջազգային պայմանագրերին, միջազգային ատյաններում ընդունված որոշումներին, ինչն հերթական անգամ ցույց տվեց մեր կոմիտեի պատրաստվածության բարձր մակարդակը։

Վերջ ի վերջո բանաձևը շարադրվեց (ի դեպ, կազմեց հինգ էջից ավել), որում տեղ գտան հարցեր, որոնք վերաբերում էին միջուկային զենքերի ու զինանոցի դուրսբերմանը, ահաբեկչական խմբավորումների լուծարմանը և ցրմանը, Գոլանի բարձունքներում ապրող կրոնական և ազգային փոքրամասնությունների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, տարածաշրջանային երկրների հետ ակտիվ բանակցություններ վարելու պատրաստակամությանը, համապատասխան մարմինների վերահսկողության ներքո կառույցների և ֆոնդերի ստեղծմանը, վերակառուցմանն ուղղված ֆինանսական և մարդկանց ուղղված հումանիտար աջակցությանը, պատերազմից հրաժարվելուն, խաղաղության պրոցես սկսելուն։

Ինչպես տեսնում եք՝ գոյություն ուներ հարցերի լայն շրջանակ, որոնք քննարկվեցին և որոնց փոքրիշատե լուծումներ տրվեցին 4 օրերի ընթացքում։ Իսկ կոմիտեի վերջին նստաշրջանի վերջին նիստի ընթացքում միաձայն, բարձր ծափահարությունների ներքո ընդունվեց և բոլոր պետությունների անունից հաստատվեց վերջնական բանաձևը (Resolution Paper)։ Այսպիսով, ավարտվեցին մեր կոմիտեի աշխատանքները։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում կոմիտեի նախագահ, իմ լավ ընկեր Միհա Փերսինին՝ մշտապես կապի մեջ գտնվելու, հասանելի ու խստապահանջ լինելու, կոմիտեի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու, անցկացնելու, հետաքրքիր զրույցներ վարելու համար։

Երախտագիտությունս եմ հայտնում մեր կոմիտեի բոլոր անդամներին՝ հետաքրքիր բանակցությունների, թեժ քննարկումների և անմոռանալի էմոցիաներ պարգևելու համար։

Չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեր կամավոր երիտասարդներին, որոնք այս բոլոր օրերի ընթացքում մեր կողքին եղան, ամեն հարցում մեզ աջակցություն ցուցաբերեցին, հիշարժան օրեր և զգացողություններ պարգևեցին։

Օր 5. Հուլիսի 11

Տպավորություններով կիսվելուց և հետագա համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո տեղի ունեցավ YereMUN 2025 միջազգային համաժողովի հանդիսավոր փակման արարողությունը։ Արարողության ընթացքում կոմիտեների անդամներից երկուսը ներկայացրեցին ընդունած բանաձևերը, կիսվեցին իրենց տպավորություններով, որից հետո եկավ ամենասպասված՝ հավաստագրերի հանձնման արարողությունը։

Մեծ հպարտությամբ հայտնում եմ, որ մեր հանձնաժողովի ամենաարժանի երեք պատվիրակներին՝ Ալժիրի, Սիրիայի և Մյանմարի ներկայացուցիչներին տրվեցին «Լավագույն պատվիրակ», «Պատվավոր պատվիրակ», «Լավագույն դիրքորոշման փաստաթուղթ» մրցանակները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ։

Դիվանագիտությունը կարևոր է, եթե մենք ուզում ենք խաղաղ լուծումներ գտնել լարվածության ժամանակներում։

Էդ Դեյվի

Բացի այդ, սպասվում էր ևս մի կարևոր մրցանակ, այն է՝ «Լավագույն կոմիտե», որին արժանացավ մեր Անվտանգության խորհուրդը՝ այն ամենի համար, ինչ կարողացավ և հասցրեց անել այս հինգ օրերի ընթացքում։ Լավագույն կոմիտեի անդամներին հնարավորություն կընձեռվի մոտակա ժամանակներս ուսումնական-կրթական այցելություն ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։

Արարողության վերջում, կազմակերպության նախագահ Վրույր Հլղաթյանը մի շարք հայաստանյան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքեց և ստորագրեց համագործակցության հուշագիր, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց մեր հանձնառությունը՝ շարունակելու նպաստել հայ երիտասարդների զարգացմանն ու կրթմանը, ձգտելու բարձրացնել Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում։

Ամփոփում

Վստահորեն և աներկբայորեն պնդում եմ և իմ ասածի տակ ստորագրում. համաժողովն հաջողված էր բոլոր առումներով և բոլոր ասպեկտներից։ Ես, կարելի է ասել, իմ կյանքի կարևորագույն որոշումներից մեկն ընդունեցի՝ մասնակցելու համաժողովին և դառնալու YereMUN մեծ ընտանիքի պատվավոր անդամներից մեկը՝ իմ առջևն ունենալով նպատակ իմ պետությունն ապագայում տեսնելու առավել հզոր, զարգացած, իսկ հասարակությանը, և մասնավորապես նրա կորիզ կազմող երիտասարդությանը՝ առավել կրթված, հանդուրժող, սկզբունքները պաշտպանող, և իհարկե իր պետությունը սիրող։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ, YereMUN կազմակերպության հիմնադիր և նախագահ Վրույր Հլղաթյանին՝ այս բացառիկ հնարավորությունն ընձեռելու և համաժողովը կատարելապես կազմակերպելու ու անցկացնելու համար։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նաև իմ հարազատ կրթահամալիրին՝ «Մխիթար Սեբաստացիին», ի դեմս՝ տնօրեն տիկ. Սուսան Մարկոսյանի, այս կարևոր, պետական մակարդակի միջոցառման ընթացքում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու և մեր պատվիրակներին կացարաններ տրամադրելու համար։ Խորապես համոզված եմ, որ համագործակցությունը երկու կազմակերպությունների միջև էլ ավելի կխորանա և կզարգանա։

Եվ իհարկե, շնորհակալությունս եմ հայտնում Երևանի պետական համալսարանի աշխատակազմին՝ լսարաններ տրամադրելու և համաժողովի բոլոր մասնակիցներին՝ համաժողովի օրերն ուրախ դարձնելու, նոր գիտելիքներ պարգևելու, ակտիվ քննարկումներ ունենալու, նոր ընկերներ և ծանոթություններ ձեռք բերելու համար։

Պատահական չէ ասված, որ դիվանագիտությունը կփրկի աշխարհը…