Սույն թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր “Summer School SSS 2025” ոչ ֆորմալ գիտակրթական ծրագիրը, որին մասնակցում էին շուրջ 30 երիտասարդներ մայրաքաղաք Երևանից և մարզերից։ Ծրագրի նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալու Երևանի պետական համալսարանի կառուցվածքին, ուսումնառության պայմաններին, ֆակուլտետներին և ընդունելության ընթացակարգին, Ուսանողական գիտական ընկերության գործառույթներին, ճանաչելու դասախոսական անձնակազմին և ղեկավար մարմիններին, մասնակցելու բանախոսությունների տարբեր բնագավառներից, ձեռք բերելու գիտելիքներ և նոր ծանոթություններ։

ԵՊՀ ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված ամառային դպրոցին մասնակցելն իսկական պատիվ էր ինձ համար։ Ստորև կփորձեմ հակիրճ ներկայացնել մեր հրաշալի օրերը ԵՊՀ-ում։

Օր 1. Ծանոթություն և ընկերություն

Անշուշտ, յուրաքանչյուր նմանատիպ ծրագրի հիմքում ընկած է ամուր ընկերության և համագործակցության ձևավորումը, ինչը պիտի արձանագրեմ, որ ինտերակտիվ խաղերի, բանախոսությունների, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների, ճամփորդությունների և այլնի շնորհիվ, մեզ մոտ ստացվեց։ Ուրախալի է, երբ թիմը միահամուռ է և միասնական։

Առաջին օրվա օրակարգն այսպիսին էր.

  1. Միջոցառման բացման արարողություն
    ԵՊՀ ՈւԳԸ Նախագահ՝ Ս. Բաղումյան
  2. Բանախոսություն
    Թեմա՝ «106-ամյա մայր համալսարանի անցած ճանապարհը և ապագայի տեսլականը»
    Բանախոս՝ Մ. Հովհաննիսյան, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր
  3. Քննարկում, բանախոսություն
    «ԵՊՀ Ուսանողական կառույցներ, ՈւԳԸ գործունեությունը»
    Բանախոս՝ ԵՊՀ ՈւԳԸ Նախագահ՝ Ս. Բաղումյան
  4. Ինտերակտիվ խաղ-մրցույթ (դատախաղ)
    Թեմա՝ «Խոսքի ազատությունը կրթական միջավայրում. օրինաչափ վարքագի՞ծ, թե՞ իրավունքի չարաշահում»
    Պատասխանատու՝ Իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ

Այսպիսով, ինչպես կարող ենք տեսնել օրակարգից, հենց առաջին իսկ օրն հագեցած էր բազմաթիվ նախաձեռնություններով և հետաքրքիր խաղերով։

Միջոցառման բացման արարողության ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացան շաբաթվա օրակարգին և անելիքներին, կիսվեցին իրենց նախնական սպասումներով, տպավորություններով և կարծիքներով, պատմեցին նաև ապագա նախընտրած մասնագիտությունների մասին։ Մեր թիմում կային նաև երիտասարդներ, որոնք սեպտեմբերից հաճախելու էին համալսարան։ Այդ առթիվ նրանց հաջողություն ենք մաղթում։

Նորարարությունն առանց ավանդույթի աբսուրդ է։

Գտնվելով Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներից մեկում՝ հանցագործություն կլիներ նրա պատմության և ապագայի տեսլականի մասին չտեղեկանալը։ Այս թեմայով հետաքրքիր բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր պարոն Մ. Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց համալսարանի անցած ուղին՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներից մինչև մեր օրերը։ Բանախոսությունը հնարավորություն տվեց լսարանին ծանոթանալու համալսարանի զարգացման կարևորագույն փուլերին և նրա դերին հայկական գիտության ու կրթության մեջ։

Գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն ահռելի կառույց է, ուստիև նրա կառավարումը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար դեռ 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծվել են ուսանողական կառույցներ, ի դեմս՝ Ուսանողական գիտական ընկերության։ Ընկեր Բաղումյանի և անձնակազմի շնորհիվ մենք ավելի լավ ճանաչեցինք ՈւԳԸ-ն, հասկացանք, թե ինչպես է այն ղեկավարվում, ինչպիսի գործունեություն է ծավալում և համալսարանի շրջանակներում ինչպիսի լիազորություններ և գործառույթներ ունի։ Բազմաթիվ շփումների, քննարկումների արդյունքում համոզվեցի, որ ՈւԳԸ-ն իրենց գործի վարպետների ձեռքում է, և հիացնող ու ոգևորիչ է տեսնելը, թե ինչպես են կառույցի ղեկավարները նման մեծ պատասխանատվությամբ և նվիրումով մոտենում իրենց աշխատանքին։

Առաջին օրվա վերջին միջոցառումը դատախաղն էր, որը կազմակերպել էր Իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Դատախաղի ընթացքում մասնակիցներին տրվեցին դերեր և սցենարներ։ Ես դատախաղում հանդես եկա որպես երրորդ դատավոր։ Իսկապես հետաքրքիր և արդիական մի թեմա էր ընտրված, այն է՝ «Խոսքի ազատությունը կրթական միջավայրում»։ Սցենարի համաձայն՝ դպրոցական մի աղջիկ իր պատմության դասավանդողին զրպարտող և ծաղրող մի տեսանյութ էր հրապարակել հանրահայտ TikTok սոցիալական ցանցում, ինչն հասարակության և մասնավորապես՝ դպրոցականների շրջանում առաջացրել էր ոգևորություն։ Դա պատճառ էր դարձել, որ աշակերտները սկսել էին անլուրջ վերաբերվել ուսումնական պրոցեսին։

Մի խոսքով, դատախաղն անցավ աննկարագրելի հետաքրքիր և պաշտոնական միջավայրում. պաշտպանության և մեղադրանքի կողմերը պարբերաբար հանդես էին գալիս հայտարարություններով, ցուցմունքներով և ելույթներով։ Խաղի վերջում՝ դատավորներով որոշեցինք դեռահաս աղջկա նկատմամբ կիրառել տույժ՝ հետագայում նման արտառոց դեպքերից խուսափելու նպատակով։

Մեր արկածները դիտե՛ք այստեղ.

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ին՝ ուսուցողական և հետաքրքիր խաղի համար։

Օր 2. Ինտեգրում միջավայր

Երկրորդ օրվա հիմնական անելիքները երեքն էին.

  1. Բանախոսություն
    Թեմա՝ «Անհատական զարգացման պլանավորում»
    Բանախոս՝ Խ. Աբաջյան, ԵՊՀ ՈւԳԸ նախկին նախագահ, ՈւՀՏԱԿ փոխտնօրեն
  2. Workshop
    Նույն թեմայով, տրված տեղեկությունը սերտելու և գործնականում կիրառելու համար
  3. Ինտերակտիվ խաղ-մրցույթ
    «Գեոքեշինգ 2025»
    Պատասխանատու՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ

Պրն. Խ. Աբաջյանի հետ մեր քննարկումը տևեց շուրջ երեք ժամ։ Շատերին կթվա, թե անհատական զարգացումը մշտապես արծարծվող թեմա է, բոլորը դրա մասին քիչ թե շատ խոսում են, շատ տեղերում այն ձանձրալի և անարդյունավետ է, բայց հենց այս կարևոր հանդիպումն ու աշխատարանն ապացուցեցին հակառակը։ Անհատական զարգացման պլանավորումը սոսկ խոսքեր կամ ժամանակավոր սովորույթներ չեն, այլ կարգեր և կանոններ ամբողջ կյանքի համար։ Պրն. Աբաջյանի հետ քննարկման ընթացքում շատերը ներկայացրին, թե ինչպես են նրանք կազմակերպում իրենց օրը. որոշները գրառումներ են կատարում կամ օրագիր պահում, մյուսները՝ անկանխատեսելի առօրյա վարում։ Հանդիպման երկրորդ հատվածում անդրադարձանք անհատական զարգացման գրեթե բոլոր կարևոր ասպեկտներին և ընթացքում սովորեցինք.

  • Կատարել SWOT (Strengths, Weaknesses, Opportunities and Threats) վերլուծություններ և հասկանալ մեր ուժեղ և թույլ կողմերը,
  • Տարբերակել չափելի և ոչ չափելի հմտությունները,
  • Ճիշտ գնահատել և բացահայտել ինքներս մեզ,
  • Օգտագործել Սենդվիչի մեթոդը՝ մարդկանց հետ հաղորդակցվելիս,
  • Սահմանել SMART (Specific, Measurable, Achievable, Relevant and Time-bound) նպատակներ և քայլ առ քայլ հասնել դրանց։

Բոլոր թվարկված հմտությունները, անխոս, շատ օգտակար կլինեն մեր առօրյա կյանքում, քանզի նրանք հանդես են գալիս իբրև ուղեցույցներ և ուղղորդումներ՝ օրը, շաբաթը կամ ամիսն ավելի պատշաճ և կոկիկ կազմակերպելու, սահմանված ժամանակահատվածում չափելի նպատակներին հնարավորինս հեշտ հասնելու, մարդկանց հետ ճիշտ փոխգործակցելու համար։

Աշխատարանի ժամանակ, բաժանվելով թիմերի, ամեն մեկս սկսեց ներկայացնել, թե օգոստոս-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ինչ չափելի նպատակ է դրել իր առջև և ինչ քայլերով է փորձելու հասնել դրան։ Թիմի մյուս անդամներն էլ, ուշադիր լսելով բոլոր կետերը, որոշակի խորհուրդներ տվեցին մասնակցին։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պրն. Խաչիկ Աբաջյանին՝ արդյունավետ ու կարևոր բանախոսության և խորհուրդների համար։

Առջևում դեռ ունեինք «Գեոքեշինգ 2025» խաղ-մրցույթը…

Բաժանվելով երկու թիմի՝ դեղինների և կապույտների, և ծանոթանալով խաղի կաննոներին՝ մենք միանգամից սկսեցինք ծրարների որոնումները։ Մեր նպատակն էր հանելուկների և գաղտնաբառերի միջոցով գտնել ԵՊՀ տարածքում թաքցրած բոլոր 10 ծրարները և ներկայացնել ՈւԳԸ-ին։ Նշեմ, որ ծրարները գտած առաջին թիմը ստանալու էր խրախուսական նվերներ։

Այսպիսով, մեր որոնումները մեկնարկեցին և տևեցին շուրջ 1.30 ժամ։ Հավատալի չէ, բայց գեթ 40 րոպե մեր թիմը վատնեց կենսաբանության ֆակուլտետում՝ փորձելով գտնել առաջին ծրարը։ Մենք քրքրեցինք բազմաթիվ լաբորատորիաներ, դասասենյակներ, լսարաններ, արխիվներ, անհանգստացրինք դասախոսներին՝ երկար սպասված ծրարը գտնելու համար, բայց՝ ապարդյուն։ Մի ինչ-որ պատահական բանալի մեզ իբր հուշել էր, որ միգուցե կենսաբանության մասնաշենքում, որի մուտքն խաղի շրջանակներում արգելված էր, թաքնված են հուշումները։

Վերջ ի վերջո, երբ արդեն մոտ էինք հուսահատվելուն, որոշեցինք այլ տեսանկյունից դիտարկել հուշումները և օգնող թերթիկները։ Եվ հենց դա էր, որ հույս ներշնչեց գոնե առաջին ծրարը գտնելու։ Զարմանալի է, բայց հաջորդող երեսուն րոպեների ընթացքում մեզ հաջողվեց գտնել 5 ծրար, մինչդեռ հակառակորդ թիմին մի ծրար էր բաժանում հաղթանակից։ Համախմբելով ուժերը՝ կարողացանք գտնել նաև մնացածները. ի դեպ վերջինը խորհրդանշորեն թաքցված էր հենց աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի սենյակում։ Ու միայն պատկերացնել է պետք մեր էմոցիաները. ինչպիսի՜ ուրախություն, ճիչեր, հույզեր։ Կարծում եմ՝ սա մի մեծ փորձառություն էր և ապացույց ամենքին, թե ինչքան կարևոր է չհուսահատվելը, խուճապի չմատնվելը, ճիշտ որոշումներ կայացնելն ու համախմբվելը։ Հաղթանակի ճանապարհին միշտ էլ խոչընդոտներ լինելու են։ Մեր թիմը գործում էր միասնաբար, հանելուկները վերծանում և գուշակում էր միասնաբար, ծրարները փնտրում էր միասնաբար… և սա նպաստեց մեր հաղթելուն։ Մեզ նվեր տվեցին ԵՊՀ հրատարակչության գրքեր հայկական թատրոնի մեծ վարպետների կյանքի մասին։

Մեր արկածները տեսե՛ք այստեղ.

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ին՝ ֆանտաստիկ և զվարճալի խաղի համար։

Օր 3. Բանախոսություններ և հոգեբանություն

Երրորդ օրն հագեցած էր քաղաքական-պատմական բանախոսություններով, որոնք վերաբերում էին տարածաշրջանային երկրներին։

  1. Բանախոսություն
    Թեմա՝ «Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը»
    Բանախոս՝ Վ. Գեղամյան, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ
  2. Բանախոսություն
    Թեմա՝ «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը»
    Բանախոս՝ Վ. Ոսկանյան, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր
  3. Ինտերակտիվ խաղ-մրցույթ
    «Հոգեփիլիսոփայական դոմինո»
    Պատասխանատու՝ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ
  4. Ինտերակտիվ խաղ-մրցույթ
    «Գեոքեշինգ 2025» մաս II

Առաջին բանախոսության ընթացքում պրն. Գեղամյանը, անդրադառնալով պատմական անցյալին, ներկայացրեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունները՝ շեշտը դնելով նրա դիրքի յուրահատկության վրա։ Անշուշտ, ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը մեծապես շահել է իր աշխարհագրության շնորհիվ՝ հանդիսանալով երկու մայրացամաքների կամուրջ և քաղաքակրթությունների կապօղակ։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ մի շարք պատմական իրադարձությունների, որոնցից ամենանշանավորներն էին սելջուկ թուրքերի արշավանքները, Օսմանյան կայսրության զարգացման և ծավալման փուլերը, Մուստաֆա Քեմալի ստեղծած աշխարհիկ պետությունն ու պետականության հիմքերը, Թուրքիայի ներկայիս դիվանագիտությունը, փափուկ ուժը, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները և այլն։ Հարցուպատասխան ձևաչափով քննարկման ժամանակ հարցեր հնչեցին հայ-թուրքական հարաբերությունների, թուրքական ազգային ուխտի, ռուս-թուրքական պատերազմների, թուրք-եվրոպական հարաբերությունների վերաբերյալ։

Երկրորդ բանախոսությունը վարում էր Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ պրն. Վարդան Ոսկանյանը։ Հանդիպման հենց սկզբում խոսք եղավ իրանական մշակութային ազդեցության մասին. շոշափվեցին լեզվական նմանություններն հայերենի և պարսկերենի միջև, ներկայացվեց Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր բնութագիրը, մշակութային կարևոր գործոնը դիվանագիտության մշակման գործում։ Ուշագրավ է, բայց իրանցիները մեծապես կարևորում են միջմշակութային հաղորդակցությունը և դրա օգնությամբ հատուկենտ մեսիջների փոխանցումը։ Շոշափվեցին այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են հայ-իրանական օրեցօր զարգացող հարաբերությունները, Իրանի դերն իսլամական աշխարհում, Իրանի առաջնահերթություններն ու կարմիր գծերը Միջին Արևելքում և Ասիայում։ Տեղեկացանք, որ իրանցիների հետ բանակցելիս պետք է խոսել իրանական գրականության գոհարների մասին։ Մասնակիցներն հարցեր ուղղեցին մասնագետին՝ ստանալով հանգամանալից պատասխաններ։

Երրորդ օրվա երրորդ միջոցառումը՝ ինտերակտիվ խաղ-մրցույթը կազմակերպել էր Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Մինչ «Հոգեփիլիսոփայական դոմինոյին» անցնելը ներկայացվեցին ֆակուլտետի ուսումնառության պայմանները, խոսք եղավ նաև հասարակության կողմից հոգեբանության և փիլիսոփայության թյուր ընկալման մասին։

Խաղի համար ընտրվեցին յոթ մասնակիցներ։ Նրանցից վեցը լքեցին դահլիճը, իսկ մեկը նախապատրաստվեց հիշելու ցուցադրվող պատկերը՝ իր դետալներով ու նրբություններով։ Այնուհետև առանձին-առանձին ներս հրավիրվեցին մյուս վեց մասնակիցները։ Յուրաքանչյուրի առաջադրանքն հետևյալն էր. հնարավորինս ճշգրիտ բացատրել պատկերում եղածը (հիշեցնեմ, որ միայն մեկ հոգի էր պատկերն անձամբ տեսել)։ Այդպիսով, խաղն հետզհետե ավելի հետաքրքրաշարժ էր դառնում, քանզի լսարանն հետևում էր, թե ինչպես էին մասնակիցները ջանում բացատրել մի նկար, որը չեն էլ տեսել։ Իրագործվեց Բարտլետի հայտնի գիտափորձը։ Այս խաղն աշխատում էր հանրահայտ «փչացած հեռախոսի» սկզբունքով, քանի որ ամեն անգամ մի մասնակից իր կողմից ճոխացնում, ուռճացնում էր իրական պատկերը՝ ավելացնելով նոր դետալներ, որոնք ի սկզբանե չեն եղել։

Երկրորդ խաղը տերմինների բացատրությունն էր։ Մասնակիցները բաժանվեցին չորս թիմերի, նրանց տրվեց 15-20 րոպե ժամանակ, տրված տերմինների բացատրությունները գտնելու համար։ Նույն խաղը կրկնվեց թե՛ հոգեբանության, թե՛ փիլիսոփայության ոլորտներից։ Հատկանշական է, որ մեզնից շատերն առօրյա խոսակցականում օգտագործում են այդ ոլորտներին առնչվող բառեր, եզրույթներ ու արտահայտություններ, բայց երբ գալիս է դրանք բացատրելու կամ սահմանելու ժամանակը, շատերը ձախողում են կամ դժվարանում։

Մեր արկածները դիտե՛ք այստեղ.

Օրվա վերջում խաղացինք նաև «Գեոքեշինգ 2025»-ի երկրորդ փուլը։ Տրված էր գրություն, և թիմերը պետք է հասկանային, թե ինչի մասին է այն։ Այս անգամ արժանապատիվ հաղթանակ տարավ կապույտների թիմը, ինչի կապակցությամբ մենք ջերմորեն շնորհավորեցինք նրանց։

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ին՝ հրաշալի և ուսուցողական խաղ կազմակերպելու, բանախոսներին՝ հետաքրքիր ու արդյունավետ քննարկումներ վարելու համար։

Օր 5. Բանախոսում են երիտասարդները

Հուլիսի 31-ին մասնակիցներին տրվեց ազատ օր՝ նոր արկածներին նախապատրաստվելու համար։ Օգոստոսի 1-ի օրակարգում, որը մեզ ներկայացվել էր դեռ առաջին օրը, անակնկալ ձևով գրված չէր այդ օրվա բանախոսի ո՛չ անունը, ո՛չ էլ թեման։ Ինչքան մեծ էր մեր զարմանքը, երբ իմացանք, որ բանախոսի դերում հանդես ենք գալու մենք։ Այդպիսով, երեք թիմն առանձնացրինք, որոնց կազմակերպիչները երեք թեմա առաջարկեցին։ Մեր թիմին բաժին հասավ «Սոցիալական մեդիայի դերը դպրոցականի կյանքում. շփո՞ւմ, տեղեկատվությո՞ւն, թե՞ կախվածություն» թեման։

Մենք սկսեցինք պատրաստվել։ Թիմը բաժանեցինք չորս մասի, որոնցից երեքը զբաղվելու էին երեք ասպեկտների՝ շփման, տեղեկատվության ու կախվածության ուսումնասիրմամբ, իսկ մյուսը մշակելու էր նախաբանն ու վերջաբանը։ Միասին որոշեցինք, որ մեր բանախոսությունը չպետք է լինի ֆորմալ և պետք է պարունակի ինտերակտիվ տարրեր։ Ուստի մտածեցինք կազմակերպել խաղ, իսկ բանախոսությունն ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնելու համար՝ մշակել սահիկաշար (պրեզենտացիա)։ Այստեղ էլ մենք հաջողեցինք, քանզի գործում էինք միասնաբար։

Ընդամենը մեկ ժամում մենք հասցրեցինք թե՛ խաղի համար անհրաժեշտ կարմիր և կանաչ թղթերը գնել, թե՛ սահիկաշարը պատրաստել, թե՛ ուսումնասիրություններ անել և թե՛ ելույթի տեքստեր մշակել։

Դահլիճում մեր թիմն հանդես եկավ երկրորդը։ Ե՛վ մասնակիցները, և՛ կազմակերպիչները տպավորված էին մեր ելույթով։ Նշեմ նաև, որ ընթացքային մի քննարկում ձեռնարկեցինք, որի թեման շատ արդի մի դեպքի մասին էր, որը տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ հայաստանյան կրթական հաստատությունում։

Այսպիսով, վստահորեն արձանագրում ենք, որ բանախոսության հարցում երեք թիմերն էլ, դպրոցի բոլոր մասնակիցներն էլ հաջողեցին՝ ձեռք բերելով և զարգացնելով հանրության առաջ ելույթ ունենալու, հետազոտելու հմտությունը։

Խմբային բանախոսություններից հետո ապագա դիմորդները մասնակցեցին «Հասարակության խաղի կանոնները. սոցիալական դերեր և պիտակներ» խորագրով ինտերակտիվ խաղին, որը կազմակերպել էր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ն։ Մեզ տրվեցին պիտակներ, և մեր առաջադրանքն էր բացատրել դիմացինին իր դերը։

Հաջորդ խաղի ընթացքում երեք խմբերին տրվեցին տարբեր իրավիճակներ նկարագրող և լուծում պահանջող թերթիկներ։ Մենք պետք է որոշեինք, թե որպես համայնքապետարան բյուջեն մշակույթի և արվեստի բնագավառի՞ն ենք հատկացնելու, թե՞ կենսական նշանակության ենթակառուցվածքներին։ Այս հարցը երկար չքննարկեցինք, վճռեցինք, որ կենսական նշանակության ենթակառուցվածքները, նույն՝ ճանապարհները, հիվանդանոցները, դպրոցներն առավել կարևոր են։

Մեր արկածները տեսե՛ք այստեղ.

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ին՝ ուսուցողական-ճանաչողական այս հրաշալի խաղերը կազմակերպելու համար։

Օր 6. Պարզ մարքեթինգ

Նախավերջին օրվա օրակարգը հրապարակում եմ ստորև.

  1. Բանախոսություն
    Թեմա՝ «Մարքեթինգ՝ մեմերի և ինֆլյուենսերների լեզվով»
    Բանախոս՝ Ա. Գևորգյան, PIDEH, Kamancha, Armat ռեստորանների հիմնադիր-տնօրեն
  2. Ինտերակտիվ խաղ-մրցույթ (ՄԱԿ մոդել)
    Թեմա՝ Ռուս-ուկրաինական հակամարտություն
    Պատասխանատու՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԳԸ

Առաջին բանախոսությունը պրն. Գևորգյանի հետ էր։ Թեմայի շրջանակներում պրն. Գևորգյանը ներկայացրեց իր երեք ռեստորանների հիմնադրման պատմությունները, զարգացումները, խոսեց նաև իր քաղաքական կարիերայի մասին։ Բանախոսը պատմեց, որ բիզնես ոլորտում իր առաջին քայլերն արել է 2017-ին և հասել է մեծ բարձունքների։ Այն հարցին, թե արդյոք պետք է վախենալ ձախողումներից, նա պատասխանեց, որ դրանք կյանքի անբաժան մասն են, և որ դրանք են մարդուն ավելի տոկուն և ուժեղ դարձնում։ Բանախոսին տարբեր հարցեր հնչեցրին. ոմանք հետաքրքրվում էինք մարքեթինգային բնագավառով, թե ինչպես է ռեստորանային ցանցը կարողանում պատշաճ գովազդել ապրանքներն ու ծառայությունները, մյուսները բարձրաձայնում էին բիզնես-քաղաքականություն բարդ հարաբերությունների մասին։ Որոշները նաև հետաքրքրվեցին բիզնեսով զբաղվով այլ անձանց հետ համագործակցության անհրաժեշտության մասին։

Գնահատելի է, երբ բանախոսը լսարանի հետ անկեղծ է և անաչառ։ Պրն. Գևորգյանը բոլոր հարցերին սիրով պատասխանեց՝ կիսվելով իր հարուստ փորձով և ապագա ձեռներեցներին որոշակի խորհուրդներ տալով։

“Summer School SSS 2025” ոչ ֆորմալ գիտակրթական ծրագրի վերջին և իմ ամենասպասված միջոցառումը, որպես YereMUN կազմակերպության բարձր հովանու ներքո կազմակերպված մոդելների մասնակից և քիչ թե շատ փորձ ունեցող երիտասարդ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից նախաձեռնված ՄԱԿ մոդելն էր։

Ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը ներկայացրեց քննարկման ձևաչափը, պատմեց Անվտանգության խորհրդի գործառույթների մասին, որից հետո որևէ մի պետություն ներկայացնող մենթոր-ուսանողների ուղեկցությամբ երկուական մասնակիցներ գնացին նախապատրաստվելու գլխավոր նիստին։

Ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ինձ բաժին հասավ Հյուսիսային Կորեան, որի մենթորն էր իմ լավ բարեկամ Իսահակը։

Հենց առաջին իսկ վայրկյանից երեքով սկսեցինք բուռն քննարկել Հյուսիսային Կորեայի դերն ու նշանակությունը ռուս-ուկրաինական կոնֆլիկտում։ Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Իսահակին՝ մեզ աջակցելու համար։

Մեկ ժամվա ընթացքում մեր համատեղ ելույթը պատրաստ էր։ Մեկնարկեց Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում բոլոր անդամ-պետություններն հանդես եկան հայտարարություններով։ Մենք՝ իբրև Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պատվիրակներ, ըստ արժանվույնի պաշտպանեցինք մեր դաշնակցի՝ իր տարածքային ամբողջականությունն ապահովելու իրավունքը՝ անշուշտ մոդելի շրջանակներում։

Հայտարարությունների ժամին հաջորդեց չմոդերացվող քննարկումը։ Տարբեր պետություններ ներկայացնող պատվիրակներ հանդիպում էին միմյանց հետ, դաշինքներ կնքում, գլխավոր բանաձևի շուրջ մտքեր փոխանակում։ Մեր հիմնական դաշնակիցն էր Ռուսաստանի Դաշնությունը՝ իմ լավ բարեկամ և ընկեր Միլենա Հովհաննիսյանի ղեկավարությամբ։

Վերջում մեկնարկեց բանաձևի ընդունման գործընթացը։ Բանաձևում ընդգրկված յոթ կետերից միայն մեկն ընդունվեց թե՛ մշտական անդամների, թե՛ սովորական անդամ-պետությունների կողմից։

Մենթորներն ու գիտական ընկերությունը պարզաբանեցին, որ հենց այս դժվար պրոցեսով են անցնում աշխարհի ճակատագիրը վճռող փաստաթղթերն ու բանաձևերը, և որ միշտ չէ, որ հաջողվում է կոնսենսուսի հասնել։

Շատ հաճելի էր ծանոթ դեմքեր տեսնել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կազմում։ Շատ ուրախ էի տեսնելու Միլենային, Իսահակին, Էվային՝ հույսով և ձգտումով, որ ապագայում հենց այդ ֆակուլտետում եմ ուսանելու։

Մեր արկածները դիտե՛ք այստեղ.

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԳԸ-ին՝ ֆանտաստիկ ՄԱԿ-ի մոդել նախաձեռնելու, պրն. Գևորգյանին՝ հրաշալի բանախոսության և խորհուրդների համար։

Օր 7. Ծրագրի ավարտ, ընկերության սկիզբ

Ահա եկավ ծրագրի վերջին օրը, որն ամփոփեցինք Արարատի մարզում՝ շոգ եղանակի և արևի կիզիչ ճառագայթների ներքո։ Այցելելով սպարապետ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան՝ ավելին իմացանք և ավելի լավ ճանաչեցինք մեծ հայրենասերին և անկախության նվիրյալ մարտիկին։ Ուխտագնացություն կատարելով Արարատի Սբ. Հակոբ եկեղեցի՝ խաղաղության և բարօրության աղոթք ուղղեցինք առ Աստված մեր ընտանիքների և մեր երկրի համար։

Եկեղեցու բակում կազմակերպվեց նաև հավաստագրերի հանձնման արարողությունը։ Արարողության ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, զգացողություններով՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս նման ծրագրի մասնակցելու հնարավորություն կընձեռվի։

Օրն ավարտեցինք Խոր Վիրապ վանական համալիրում։

Ամփոփում

Այսպիսով, երկար «ճամփորդությունից» հետո, ես կցանկանամ իմ երախտագիտության խոսքն հայտնել ամառային դպրոցի կազմակերպիչներին, անձնակազմին՝ Սիրանուշ Բաղումյանի գլխավորությամբ՝ այս հիշարժան, կարևոր, զվարճալի, հետաքրքիր, անմոռանալի, ուսուցողական-ճանաչողական ու արդյունավետ ծրագիրը մշակելու և անցկացնելու առթիվ։ Հավատացնում եմ, որ մենք՝ երիտասարդներս, տուն ենք վերադարձել նոր գիտելիքներով և նոր փորձով, ավելի լավ ենք սկսել ճանաչել թե՛ ինքներս մեզ, թե՛ մեր ընկերներին, թե՛ ուսանողի կյանքն ու համալսարանը։

Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի, ինտերակտիվ, հետաքրքրաշարժ խաղերի ու մրցույթների համար։ Շնորհակալ եմ գնահատանքի և խրախուսման համար։

Եվ իհարկե շնորհակալ եմ մասնակիցներին։ Առանց նրանց՝ իմ նոր ընկերների, այս ծրագիրն այսպես հաջող չէր ընթանա։ Շնորհակալ եմ Երևանի պետական համալսարանին և Ուսանողական գիտական ընկերությանը։ Հաջորդ տարի կհանդիպենք համալսարանում նոր կարգավիճակով, նոր փորձով…

Մնացե՛ք բարով։