Ս. թ. օգոստոսի 19-22 կրթահամալիրի դասավանդող և ավագ ընկեր Գոհար Իսկանդարյանի ղեկավարությամբ Արատեսի դպրական կենտրոնում անցկացվեց ռազմամարզական ճամբարի 10-րդ հերթափոխը։ Ճամբարականների կազմում էին ավագ դպրոցի տարատարիք սովորողներ։ Ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն էր Հովսեփ Աղաբեկյանը։ Այսպիսով, ստորև ներկայացնում եմ մեր արատեսյան արկածները։

Ռազմամարզական ճամբարի նախագծին կարող եք ծանոթանալ համակարգողի բլոգում.

Օր 1. օգոստոսի 19

Առավոտյան շարժվելով Սբ. Երրորդություն եկեղեցու բակից՝ Գեղարքունիքի մարզ հասանք 10:00-ի մոտակայքում։ Առաջին կանգառը նախատեսված էր Բերդկունք ամրոցում, որը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ.թ.ա. II–I հազ., վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ:

Ամրոցի շրջայցից հետո քայլեցինք դեպի լճի ափին գտնվող, 9-րդ դարում կառուցված հրաշակերտ Հայրավանք, որին հաջորդեց մեր լողը Գեղամա ծովում։

Օրվա հաջորդ կանգառն Օրբելյանների քարավանատունն էր, որտեղ սովորողներին հնարավորություն տրվեց ծանոթանալու «Մետաքսի ուղու» հանգույցներից մեկի պատմությանն ու ճարտարապետությանը։ Ճանապարհի վերջին կանգառը Սուրբ Հովհաննես մատուռն էր՝ դարերի խորքից եկող իր յուրահատուկ գեղեցկությամբ։ Երեկոյան կողմ վերջ ի վերջո հասանք երկար սպասված և կարոտած, բնության գրկում գտնվող և անտառներով շրջապատված մեր շատ սիրելի Արատես։

Հենց առաջին իսկ օրն հագեցած էր ռազմամարզական պարապմունքներով և հատկապես՝ առաջին բուժօգնության դասընթացներով։ Ընկեր Հովսեփը մեզ բացատրեց, թե որոնք են մարդու համար ամենավտանգավոր վնասվածքները, մարմնի որ հատվածում են գտնվում և ինչպես կարելի է դրանց բացասական հետևանքներն հասցնել նվազագույնի։ Նաև անդրադարձ եղավ երեք տիպի արյունահոսությունների՝ զարկերակային, երակային և մազանոթային։

Օրվա վերջում խումբը բաժանվեց երկու դասակի, որոնց հրամանատարները դարձան 11-րդ և 10-րդ դասարանների սովորողներ։

Օր 2. օգոստոսի 20

Երկրորդ օրվա առավոտյան մեր օրակարգն այսպիսին էր.

07:30՝ վերկաց, հիգիենայի ժամ
08։00՝ նախավարժանք
09:00՝ նախաճաշ
09։30-10։30՝ տարածքի խնամք, բարեկարգում՝ Արատեսի տնտեսվար Խաչիկ Էյնաթյանի առաջդրանքով
10։30՝ ռազմամարզական պարապմունք ըստ ծրագրի
12։00-ից՝ ռազմամարզական խաղեր

Նախավարժանքից և տարածքների մաքրությունից հետո, դասակների պատասխանատուներին հանձնարարություն տրվեց մշակելու գիշերային հերթապահության մասնակիցների անվանացանկը, որից հետո մեկնարկեցին ռազմամարզական պարապմունքները։ Առաջինը՝ կրակային պատրաստությունը, անցկացվեց վանքին հարող դաշտում։

Փոքր-ինչ հանգստից հետո խումբն ուղևորվեց Խաչոց ձոր՝ Արատես գետում լողալու նպատակով։ Ամրակուռ քարերով, ժայռերով ու սաղարթախիտ ծառերով շրջապատված բնության այդ գողտրիկ անկյունում մասնակիցները կարողացան զգալ Հայաստանի լեռների ողջ հզորությունը։ Ջուրն անչափ սառն էր, հետևապես ոչ բոլորն էին ցանկանում և կարողանում լողալ այնտեղ, բայց այդուհանդերձ, հրամանատարի առաջնորդությամբ, գտնվեցին համարձակները։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ, կյանքում գոնե մեկ անգամ, պետք է լողա նման սառնաշունչ գետում, որպեսզի փորձի իր կամքի ուժը, զգա իր հոգու դիմացկունությունը և մկրտվի անմահական ջրերում: Լողին հաջորդեց համեղ ձմերուկի համտեսումը։

Երեկոյան կողմ խումբը մասնակցեց ևս մեկ ռազմամարզական պարապմունքի։ Գործնականում ցուցադրվեցին մարդու մարմնի տարբեր հատվածների վնասվածքների համար նախատեսված տարատեսակ կապերի արդյունավետությունն ու կիրառությունը։ Սա, ըստ էության, առաջին օրվա բուժօգնության տեսական դասընթացի շարունակությունն էր։

Գիշերային հերթապահությունը, համաձայն պայմանավորվածության, մեկնարկեց կեսգիշերին։ Խարույկն արդեն վառած էր, մթնոլորտը՝ ջերմ։ Առաջին խմբերը՝ կապի միջոցներով և զենքերով, դիրքավորվեցին իրենց հատկացված վայրերում։ Հերթապահությունը տրոհվեց երեք մասի. առաջինն անցկացվեց 12:00-2:00, երկրորդը՝ 2:00-4:00, երրորդը՝ 4:00-6:00 ժամերին։ Վերջին հերթափոխի ժամանակ մեզ հաջողվեց տեսնել ու վայելել արևածագի ողջ գեղեցկությունն ու անզուգականությունը։

Հերթապահության շնորհիվ մասնակիցները զարգացրին իրենց կարգապահական հմտությունները, ձեռք բերեցինք գիտելիքներ կապի միջոցի կիրառման, հերթապահության իրականացման, զենքերի հետ վարվելակերպի մասին։

Օր երրորդ. օգոստոսի 21

Երրորդ օրվա օրակարգը ևս հագեցած էր. այսօր մենք պետք է հյուրընկալեինք ընկեր Հովսեփի վաղեմի մարտական ընկերներին՝ նրանց հետ ականների և զենքերի վերաբերյալ դասընթացներ ունենալու նպատակով։ Ընկեր Արմանի և ընկեր Արմենի հետ մենք ուսումնասիրեցինք տարբեր տեսակների ականների գործառույթներն ու նրանց վնասազերծման գործողությունները։ Հավելյալ՝ դիտարկեցինք նաև ռազմական գործում գործարկվող հեռադիտակները, զենքի դետալներն ու խոշորացույցները։ Սահիկաշարով ցուցադրվեցին պատկերներ և տեղեկություններ ականների, նրանց արտադրության, կշռի և չափական այլ տվյալների վերաբերյալ։ Հետաքրքրված սովորողները պարբերաբար հարցեր էին հնչեցնում մասնագետներին և ստանում հանգամանալից պատասխաններ։

Հետաքրքիր ու բազմաբովանդակ դասընթացին հաջորդեց հանգիստը, որից հետո մեկնարկեցին խարույկի վառման նախապատրաստական աշխատանքները։ Խմբի տղաներն իջան ձորերն ու դաշտերը՝ փայտեր բերելու նպատակով։ Երեկոյան կրակարանը պատրաստ էր։ Մինչ խորովածի համտեսումը, սովորողները պարեցին հայկական ավանդական պարեր, որոնցից ամենահիշարժանը ռազմապար Յարխուշտան էր։ Լավ ժամանցին, խարույկի շուրջը հետաքրքիր զրույցներին, քննարկումներին, ինտերակտիվ խաղերին հաջորդեց գիշերային հերթապահությունը։

Օր չորրորդ. օգոստոսի 22

Ահա և մեր ճամփորդությունը մոտենում է ավարտին։ Սովորողներից շատերը չէին ցանկանում վերադառնալ տուն, քանզի ընտելացել էին տեղի պայմաններին և չէին ուզում բաժանվել միմյանցից. այնուամենայնիվ, տասն օրից հանդիպելու ենք դպրոցում։ Մինչև կեսօրը սովորողները ևս մեկ դասընթաց անցկացրին կրակային և բուժօգնության բնագավառներից, որից հետո դիմավորեցին «Մուտքի» տարատարիք ճամբարականներին, որոնք անցնում էին ընդունելության երկրորդ՝ արտագնա փուլը։

Կեսօրից հետո շարժվեցինք մայրաքաղաք Երևան՝ նոր ու անմոռանալի հիշողություններով ու զգացողություններով։

Այսպիսով, մեր ռազմամարզական գիտելիքառատ ու փորձաշատ քառօրյա ճամբարն ավարտվեց։ Վստահորեն կարելի է պնդել, որ մենք՝ սովորողներս, ճամբարի շնորհիվ դարձել ենք ավելի կարգապահ, հանդուրժող, գործող, ինչպես նաև պատասխանատու։ Այս առթիվ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սովորողներին՝ հիշարժան օրերի համար, քանզի առանց նրանց այս ճամփորդությունն այսքան հիասքանչ չէր անցնի։

Կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել Արատեսի տնտեսվար ընկեր Խաչիկին՝ մեզ աջակցություն ցուցաբերելու և հետաքրքիր զրույցներ ունենալու համար։ Հատուկ շնորհակալություն խոհարարին՝ համեղ ուտելիքների և մեզ տեղափոխող ավտոբուսների վարորդներին՝ անփորձանք ու ապահով փոխադրման, մեր հրամանատար ընկեր Հովսեփին՝ հետաքրքիր ու կարևոր դասընթացների համար։

Եվ վերջում, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր լավ բարեկամ, պարզապես հրաշալի մարդ ընկեր Գոհարին՝ այս հիանալի ճամփորդությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու, անընդհատ մեզ հետ լինելու, աջակցելու, հետաքրքիր զրույցներ անցկացնելու և փորձով կիսվելու համար։