Ս. թ. օգոստոսի 28-ին, ժամը 17:00-ին, Սեբաստացի կենտրոնում հրավիրվեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցում էին խորհրդի անդամները (թվով՝ 14 հոգի), մասնաճյուղ-դպրոցների, քոլեջի ղեկավարները, կրթահամալիրի տնօրենն ու փոխտնօրենը, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավարը և այլ անձինք։
Օրակարգում էին՝
- 2025-2026 ուսումնական տարի
- 2025-2026 ուսումնական տարում Քոլեջի կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը
(կրթաթոշակ տրամադրելու կարգը) - Կրթահամալիրից ազատված աշխատողներ
- Կրթահամալիրի մասնաճյուղ ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություն
- Արևելյան դպրոց-պարտեզ
- Արևմտյան դպրոց-պարտեզ
- Հյուսիսային դպրոց-պարտեզ
- Հարավային դպրոց-պարտեզ
- Միջին դպրոց
- Ավագ դպրոց (հետազոտական վարժարան)
Ողջունելով ներկաներին՝ խորհրդի նախագահը ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո խոսք տրվեց կրթահամալիրի տնօրենին։ Տիկին Մարկոսյանն անդրադարձավ կրթահամալիրի կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես՝ ուսումնակազմակերպական, ուսումնահետազոտական գծով փոխտնօրենի նոր հաստիքի ավելացմանը։ Խորհրդի անդամ, մանկավարժական համայնքի ներկայացուցիչ Էմանուել Ագջոյանն հանդես եկավ դիտարկում-հարցերով։ Հաջորդիվ դպրոցների ղեկավարների աջակցությամբ, խորհրդին ներկայացվեցին կրթահամալիրի մասնաճյուղերի զարգացման ծրագրերը, ընդունելության արդյունքները։
Որոշ կարևոր արձանագրումներ.
- Սույն տարում ընդունելություններ են կազմակերպվել 1-ին և 10-րդ դասարաններում, ինչպես նաև քոլեջում։
- Քոլեջում ուսանողների թիվը կազմել է մոտ 450, ինչն համեմատ նախորդ տարիների, մեծ առաջընթաց է։
- Կրթահամալիրի 6-րդ դասարանների սովորողների համար սույն տարում ուսումնառության պրոցեսը կանցկացվի համապատասխան կրտսեր դպրոցներում։ Այս համատեքստում, բոլոր տեխնիկա-կազմակերպչական հարցերը, ըստ հիմնադիր-տնօրենի, լուծվել են։
- Ավագ դպրոցի կազմում մնում են 10-12-րդ դասարանները, 9-րդ դասարանները տեղափոխվում են միջին դպրոց՝ կրելով յուրահատուկ (մասնագիտական կողմնորոշում) բնույթ։
Կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը խորհրդի քննարկմանը ներկայացրեց ավագ դպրոցի սովորողների համար ֆիզկուլտուրայի առարկայի կրճատման հաշվին հայաստանյան տարբեր ուղղություններով քայլարշավների ավելացման առաջարկը։
Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանն անդրադարձավ օգոստոսի 31-ին կայանալիք Արագածի բարձունքի հաղթահարմանը, որին մասնակցելու են բոլոր 10-րդ դասարանցիները։
Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը խոսեց առարկայական ծրագրերի, ուսումնական տարում գործածվող ուսումնական ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների ցանկի մասին։
Նիստի վերջում խորհրդի անդամները ծանոթացան կրթահամալիրից ազատված աշխատողների, քոլեջում կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակներին։
Համաձայն ընդունված հայեցակարգի՝ խորհուրդը որոշեց յոթնօրյա ժամանակահատվածում աշխատել հեռավար կերպով, ուսումնական պլանների, ուսումնառության պայմանագրի վերաբերյալ փոփոխության առաջարկները, հնարավոր պարզաբանումներն ու հարցերը, օրակարգի մյուս հարցերի վերաբերյալ դիտարկումները, առաջարկները ներկայացնել կրթահամալիրի տնօրենին։
Նիստի արձանագրությունը՝ քարտուղար Լիլիթ Սահակյանի
Կառավարման խորհրդի բլոգը՝ այստեղ
© Դավիթ Մուրադյան 28.08.2025